«Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցակետերը կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշերին
Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի կառավարության և Միավորմած ազգերի զարգացման ծրագրի միջև ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի մեկնարկն ազդարարող ծրագրային և համաֆինանսավորման համաձայնագրեր:
Ծրագրի նպատակն է արդիականացնել «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերը՝ դրանք համապատասխանեցնելով սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշերին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել պետական սահմանի անցման կետերի գերժամանակակից ենթակառուցվածքներ՝ գործարար աշխարհի և առևտրի համար նպաստավոր պայմաններ ապահովելու և սահմանը հատող անձանց ու ապրանքների օրինական շարժը հեշտացնելու համար:
Միաժամանակ նախատեսվում է վերոնշյալ սահմանային կետերում բարելավել անվտանգությունը, հեշտացնել Հայաստանի և Վրաստանի միջև ու այնուհետև դեպի ԵՄ երկրներ անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների օրինական շարժը, զարգացնել միջգերատեսչական համագործակցությունը և նպաստել տեղեկատվության օպերատիվ փոխանակմանը, որը թույլ կտա տեղայնացնել ԵՄ սահմանների համալիր կառավարման լավագույն փորձը և սկզբունքները, բարելավել սահմանամերձ համայքների բնակիչների կենսապայմաններն ու ենթակառուցվածքները:
Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը 2012 թ. օգոստոսի 7-ին Եվրոպական ներդրումային բանկի հետ ստորագրել է 30,316 մլն եվրո արժողության վարկային համաձայնագիր: Նախատասեվում է նաև 10,3 մլն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ: Եվրոպական ներդրումային բանկը նաև կհամակարգի ԵՄ հարևանության ներդրումային գործիքի հիմնադրամից 12 մլն եվրո դրամաշնորհ ստանալու աշխատանքները:
Ծրագրի բյուջեի մաս կկազմեն նաև ԵՄ արևելյան գործընկերության Սահմանային համալիր կառավարման առաջատար նախաձեռնության ծրագրի կողմից «Բավրա» և «Բագրատաշեն» անցակետերի համար շուրջ 3.5 միլիոն եվրո դրամաշնորհը, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հատկացվող ֆինանսական միջոցները՝ շուրջ 0.8 միլիոն եվրոյի չափով:
Համաձայնագրերը ՀՀ կառավարության անունից ստորագրել են ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ՄԱԶԾ-ի անունից՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դիրկ Բոբերգը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել