Վրաստանը մեկանգամյա հիմունքներով անվճար կտարանցի դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքը
Վրաստանն անվճար կապահովի Ադրբեջանից իր տարածքով վառելիքի մեկանգամյա տարանցումը դեպի Հայաստան։ Նման հայտարարությամբ այսօր՝ դեկտեմբերի 8-ին հանդես է եկել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի մեկանգամյա տարանցիկ փոխադրումն իրականացնելու վերաբերյալ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ Վրացական երկաթուղուն տրվել է հրաման՝ նշված բեռը մեկանգամյա հիմունքներով և ամբողջությամբ անվճար տեղափոխել երկաթուղով։ Պաշտոնական կողմերը տեղեկացվել են այս որոշման մասին»,- ասված է վրացական կողմի հաղորդագրության մեջ։
Վրացական կողմը նաև փոխանցում է, որ Վրաստանը եղել և շարունակում է մնալ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ռազմավարական ու վստահելի գործընկերը։
«Մենք միշտ եղել ենք և մնում ենք տարածաշրջանում խաղաղության ու համագործակցության կողմնակիցը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այս տարանցումը թեստային է, այսինքն՝ վրացական կողմը կարող է մոտ ապագայում մշտական հիմունքներով իրագործել Ադրբեջանից Հայաստան վառելիքի տարանցումը։
Վերջին շրջանում տարբեր հարթակներում Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարում են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հնարավորությունների մասին։
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 6-ին Դոհայում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մասնակցել էին պանելային քննարկումներից մեկին, որը նվիրված էր հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին ու Վաշինգտոնի հռչակագրի իրագործման հեռանկարներին։ Նրանք չէին բացառել, որ Բաքուն ու Երևանը կարող են սկսել տնտեսական համագործակցություն։ Իր ելույթում Գրիգորյանն ընդգծել էր, որ Երևանը դրական քայլ է համարում Ադրբեջանի կողմից իր տարածքով հայկական արտադրանքի տարանցման արգելքի վերացումը։ Ըստ ՀՀ ԱԽ քարտուղարի՝ տրանսպորտային հաղորդակցության վերսկսումը կնպաստի գների նվազմանն ու տնտեսական աճին։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ադրբեջանական նավթի ու նավթամթերքի Հայաստան մատակարարման հարցը քննարկվել է նաև նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունների հանդիպման ժամանակ։
Հետաքրքրական է, որ ի սկզբանե ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ վրացական կողմը 111 կիլոմետր երկարություն ունեցող այս հատվածով բեռի տարանցման համար պահանջել է մեկ տոննայի դիմաց 92 ԱՄՆ դոլար տուրք, ինչը մի քանի անգամ գերազանցում է Ադրբեջանի և Վրաստանի միջև գործող երկաթուղային մյուս սակագներին։ Minval Politika-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ վրացական կողմի այդ առաջարկին բացասաբար են արձագանքել Բաքվում, ինչը լարվածություն է առաջացրել երկու երկրների հարաբերություններում։ Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ այդ հրապարակումից հետո է միայն վրացական կողմը հայտարարություն տարածել թեստային անվճար տարանցման մասին։
Ե՛վ Ադրբեջանական երկաթուղին (ADY), և՛ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) չեն մեկնաբանում վառելիքի ծավալի մասին տեղեկատվությունը, որը նախապատրաստվում է Հայաստանի համար, ինչպես նաև տվյալներ չկան դրա մատակարարման ժամկետների մասին։
Լուսանկարը՝ caspianbarrel.org-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել