Փաշինյանը հրապարակել է Գարեգին Բ-ին հեռացնելուց հետո նախատեսվող քայլերի ճանապարհային քարտեզ
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կտարել` նշելով գործողությունների հաջորդականությունը, որը պատրաստվում է անել Գարեգին Երկրորդին կաթողիկոսական աթոռից հեռացնելուց հետո։
Փաշինյանը մասնավորապես գրել է.
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզ Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո․
1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։
2․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում.
Կանոնագիրքը պետք է անդրադառնա․
ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականի բարեվարքության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին,
բ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,
գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,
դ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ Հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին․ ՀՀ օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկերը եւ տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն,
ե) հոգեւոր ծառայողների սոցիալական երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին այնպես, որ հոգեւոր ծառայողները կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան (ներկայումս հոգեւոր ծառայողները հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից, վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով)։
3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի։
Հ․Գ․ Կանոնագիրքը քննարկում եւ ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը։ Տեղապահի միջնորդության դեպքում, Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին»։
Այսօր ավելի վաղ ևս Փաշինյանը խոսել էր եկեղեցում փոփոխություններ անելու անհրաժեշտության մասին։ Նա առաջարկել էր պատարագից առաջ երգել օրհներգը և եկեղեցիներում դնել ՀՀ պետական դրոշը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել