Դիմակավորված անձինք բռնություն են կիրառել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ
Այսօր՝ 2025թ. դեկտեմբերի 8-ին ժամը 13:30-ի սահմաններում Երևան քաղաքի «Դալմա» առևտրի կենտրոնի հետնամասի ավտոկայանատեղիում 3 դիմակավորված անձ թիկունքից հարվածել են ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի գլխին, այնուհետև՝ դեմքին: Հարվածների հետևանքով կոտրվել է Միհրան Հակոբյանի քիթը, վնասվածքներ կան գլխի հետնամասում:
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Հետքին» հայտնեց, որ Միհրան Հակոբյանի վրա հարձակվելու միակ պատճառը հասարակական գործունեությունն է, որևէ այլ պատճառ չեն տեսնում:
Նշենք, որ Միհրան Հակոբյանը եղել է Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավոր: Ընտրվել է 2017թ. ապրիլի 2-ին՝ «Հանրապետական» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: Սակայն կարճ ժամանակ է այդ պաշտոնը զբաղեցրել՝ պայմանավորված 2018թ. իշխանափոխությամբ:
«Ակնկալում ենք, որ տաք հետքերով կունենանք բացահայտում, քանի որ դեպքը տեղի է ունեցել օրը ցերեկով: Որևէ պատճառ չկա, որ դեպքը չբացահայտվի»,-ասում է Ռուբեն Մելիքյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ ոստիկանության ներկայացուցիչներն արագ եկել են հիվանդանոց, կատարվածի մասին հաղորդում են ընդունել և այդ պահին կատարել են բոլոր անհրաժեշտ գործողությունները: Հարցեր են տվել ու ստացել դրանց պատասխանները:
Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ բժիշկները Միհրան Հակոբյանի քթի վիրահատություն են կատարել և խորհուրդ են տվել առնվազն մեկ օր մնալ հիվանդանոցում՝ ստացիոնար հսկողության տակ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել