Արմեն Աշոտյան. «Հանրապետությունում ավելի քան 8500 մանկավարժի ավելցուկ ունենք»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Լոռու մարզի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցությանը, որին մասնակցել են մարզի դպրոցների տնօրեններն ու մանկավարժները:
«Տարեցտարի փոփոխվող կրթական համակարգում մրցունակության միակ ճանապարհը նվիրված աշխատանքն է: Ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության 43 հազար ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կրթության և իրենց գործի նվիրյալ է»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նա, պատասխանելով Լոռու մարզի հիմնական դպրոցների տնօրենների՝ տարրական դպրոցում աշակերտների ֆինանասավորման առնչվող առաջարկությանը, նշել է, որ պետությունը չի կարող հավասար ֆինանսավորում հատկացնել շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածություն ունեցեղ տարրական դպրոցի աշակերտին և 36 ժամ ծանրաբեռնվածությամբ ավագ դպրոցի աշակերտին:
Նախարարը նշել է, որ դպրոցների ֆինանսավորման հետ կապված խնդիրները առավելապես պայմանավորված են աշակերտների քանակի նվազմամբ:
«Աշակերտների քանակը, ցավոք, նվազել է, ուսուցիչները գրեթե չեն պակասել: Ընդհանուր առմամբ հանրապետությունում եթե մանկավարժական հաստիքները համեմատենք ըստ աշակերտների թվի, ապա ավելի քան 8500 մանկավարժի ավելցուկ ունենք: Սակայն մենք դպրոցների տնօրեններին հորդորում ենք, հաշվի առնելով սոցիալական պատասխանատվությունը, կրճատումների ճանապարհով չգնալ: Նման պայմաններում դպրոցների տնօրեններից կառավարչական լրացուցիչ հմտություններ են պահանջվում՝ խնդիրներին համալիր և օպտիմալ լուծում տալու նպատակով»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով մանկավարժական կադրերի ավելցուկի խնդրին՝ նա նշել է, որ պետությունը իր կադրային պլանավորման քաղաքականությունն ապահովում է բացառապես պետպատվեր տեղերի բաշխման միջոցով: «Պետությունը չի կարող ուղղակիորեն սահմանափակել մանկավարժական կրթության ծավալները, քանի որ դա նաև մարդու իրավունք է»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել