Հայ-ճապոնական բարեկամություն՝ պարի լեզվով
Սոնա Դանիելյան
«Մենք» ավանդական պարի խմբի Ճապոնիայի մասնաճյուղերն ու ճապոնացիների հայկական պարը
«Յարխուշտան» Արևմտյան Հայաստանի Մուշի և Սասունի հայ ազգաբնակչության ռազմական պար է, որը պարում էին տղամարդիկ: Պարի անվանումն ունի տարբեր մեկնաբանություններ: Դրանցից մեկն այն է, որ «Յարխուշտա» նշանակում է զենքի ընկեր։ Պարսկերենից «յար» բառը, բացի սիրեցյալից, նշանակում է ընկեր, իսկ «խըշտ», «խըշտիկ»՝ կարճ նիզակ, զենք։
Պարի ընթացքում ձեռքերը բռնելու ձևը, դիրքերն ու դասավորումներն անընդհատ փոփոխվում են։ Պարողների թիվը պետք է զույգ լինի։ Բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը հարձակվում է, մյուսը՝ դիմադրում։ Ձեռքերն ազատ են, առաջ ու ետ, աջ ու ձախ շարժումներ են կատարում, ծափեր են զարկում։ Իրար դեմ հանդիման գալիս՝ ձեռքերը բարձրացնում են գլխից վեր և ափերով զարկում իրար, որը խորհրդանշում է զենքերի իրար զարկվելը։ Շարժումների տեմպը գնալով արագանում է, ծափերը դառնում են կտրուկ:
Ճապոնացի երիտասարդների՝ հայկական Յարխուշտայի խանդավառ կատարումը լայն տարածում է գտել համացանցում և շարունակում է դիտումներ հավաքել:
Քչերն են, սակայն, տեղյակ, որ հայկական պարը հանրահռչակող ու տարածող այս ճապոնացիները հայաստանյան ազգային ավանդական պարի խմբերից մեկի՝ «ՄԵՆՔ»-ի ճապոնական մասնաճյուղի` «Menq Japan» Armenian Folk Dance Group-ի սաներն են: Ծագող արևի երկրում «Մենքը» 2 մասնաճյուղ ունի՝ մեկը Տոկիոյում, մյուսը՝ Կիոտոյում:
13 տարվա կենսագրություն ունեցող «Մենք» խումբն անցյալ տարվանից է սկսել համագործակցությունը ճապոնացի մասնագետների հետ, այն բանից հետո, երբ Ճապոնիայի Ժողովրդական պարերի ազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստան են ուղարկվել երաժիշտներ և պարուսույցներ՝ հայկական ազգային պարերը սովորելու և Ճապոնիայում տարածելու նպատակով: Խումբը 2 շաբաթ հյուրընկալվել է «Մենք»-ին՝ հայկական հյուրընկալության բոլոր կանոններին համապատասխան:
Կես ամիս հայկական կողմն աշխատել է ճապոնացի պարուսույցների և երաժիշների հետ՝ սովորեցնելով նրանց 20-ից ավելի հայկական էթնոպարեր: Հայ մասնագետները 13 պար են տեսագրել՝ որպես ուղեցույց տրամադրելով ճապոնացի գործընկերներին: Այդ տեսագրությունները ոչ միայն սովորեցնում են պարերի շարժումները, այլև փոխանցում են պարերի պատմությունը, ուժը, ներքին բովանդակությունն ու իմաստը:
«Կայթ արտ» պրոդաքշնի երաժիշտներ Գրիգոր Քարտաշյանն ու Գրիգոր Դավթյանն էլ հարվածային և փողային գործիքների վարպետաց դասեր են կազմակերպել հայկական դուդուկով, զուռնայով և բլուլով հետաքրքրված ճապոնացի երաժիշտների համար:
«Մենք»-ի ներկայացուցիչներն իրենց հյուրերին ոչ միայն հայկական պարեղանակներին ու շարժումներին են հաղորդակից դարձրել, այլև Հայաստանի պատմական վայրերին, հազարամյակների պատմություն ունեցող ազգային խոհանոցին և զարմանահրաշ բնությանը:
«Պատմական զրույցներ ենք ունեցել, որպեսզի հայ ժողովրդի մասին իրենք ամբողջական պատկերացում ունենան և ավելի խորը հասկանան, թե հայկական պարերը որտեղի՞ց են գալիս, ո՞վքեր են էդ պարերը կրող մարդիկ, ո՞վ է ժողովուրդը, որ էդպիսի պարեր է ստեղծում: Կարծում եմ, իրենք այդպես ավելի ամբողջական պատկերացում կունենան հայկական պարերի և հայ ժողովրդի մասին, ավելի խորը կհասկանան հայկական պարերի էությունը»,- նշում է «Մենք» կրթամշակութային ՀԿ գործադիր տնօրեն Ստեփան Թորոյանը: Նրա խոսքով, ճապոնացիների՝ հայկական պարերի տեսանյութից ակնհայտ է, որ իրենք բավականին լավ են հասկացել մեր պարերի հոգեբանությունը։
Հատկանշական է, որ հայկական պարերի նկատմամբ ճապոնացիները հետաքրքրված են եղել դեռևս 1990-ական թվականներից, երբ ամերիկաբնակ պարագետ Թոմ Բոզիկյանը պարբերաբար հրավիրվում էր Ճապոնիա և հայկական պարեր սովորեցնում դրանցով հետաքրքրված ճապոնացիներին: Բայց նախորդ տարվանից Ճապոնիայի Ժողովրդական պարերի ազգային ֆեդերացիան որոշել է հայկական պարը Ճապոնիա ներմուծել հենց Հայաստանից, ասել է թե տվյալ մշակույթի բնօրրանից: Այդ է պատճառը, որ հայկական պարեր ու պարեղանակներ սովորելու համար անմիջապես հայաստանյան մասնագետների հետ են կապ հաստատել և իրենց պարուսույցներին հենց նրանց մոտ գործուղել: Այդպես է սկսվել հայ-ճապոնական «պարագործակցության» նոր ալիքը, որը հայկական պարը ճանաչելի դարձնելու նոր շունչ ու ճանապարհ է դարձել: Հարյուրավոր ճապոնացիներ նոր թափով են սկսել ծանոթանալ էթնիկ հայկական պարերին և զբաղվել դրանցով:
«Մենք»-ն առաջիկայում փոխադարձ այցով պատրաստվում է լինել Ճապոնիայում՝ Ֆեդերացիայի ղեկավարության հետ հանդիպելու, համագործակցությունն էլ ավելի խորացնելու և նոր որակի հասցնելու նպատակով: Այս մասին «Մենք» կրթամշակութային ՀԿ-ի ղեկավարը վերջերս հայտարարեց Ա ԹիՎի հեռուստաընկերության առավոտյան ծրագրի շրջանակում: Ստեփան Թորոյանը կարևորում է հայկական պարեր սիրող ճապոնացիների հետ կենդանի շփումը՝ ինչին պետք է նպաստի Ճապոնիա այցը: Նրա խոսքով, Հայաստանից մոտ 8000 կմ հեռավորության վրա գտնվող Ճապոնիայում հայկական պարերը սիրող բավականին շատ մարդ կա՝ թե՛ երիտասարդ, թե՛ տարեց: Վերջին մեկ տարում «Մենք»-ի 2 մասնաճյուղերի շնորհիվ հայկական պարեր սիրող ճապոնացիների թիվն ավելի է շատացել, իսկ հայկական պարն ավելի ճանաչելի դարձել:
Ստեփանին հարցնում եմ՝ իր մասնագիտական աչքով ինչպե՞ս են ճապոնացիները կատարում հայկական պարերը: Պատասխանում է. «Տոկիոյում պարող երիտասարդությունը բավական լավ է պարում, էդ տղաները, ովքեր Յարխուշտա են պարում, էդ հայտնի տեսանյութերը, կարծում եմ, դուք էլ եք տեսել, շատ լավ են պարում: Էնտեղ, իհարկե, կա ճապոնական ձեռագիրը, ճապոնական բաղադրություն կա դրա մեջ նաև, բայց ես կարծում եմ, իրենք մեծավ մասամբ կարողացել են արտահայտել նույն հայկական ոգին: Թե ես, թե իմ ընկերները, թե իմ սասունցի ընկերները, ովքեր նայել են էդ տեսանյութը, ասել են, որ լրիվ Սասունի մեր ոգին կա, Սասունի ոգով կզարգեն»։ Մասնագետի գնահատմամբ, ճապոնացիները հաճույքով են պարում հայկական պարերը:
Ի՞նչն է ճապոնացիներին գրավում հայկական պարի մեջ
Սա միանշանակ պատասխան չունի կամ մեկ գործոնով պայմանավորված չէ, ասում է Ստեփան Թորոյանը, բայց մենք, այնուամենայնիվ, ճապոնացի ժողովրդի հետ որոշակի ընդհանրություններ ունենք, որով էլ հենց պայմանավորված է նրանց հետաքրքրությունը հայկական պարերի նկատմամբ: Բացի այդ հայկական ազգային պարերը վերջին տարիներին բավականին տարածվել են և հայտնի են արդեն տարբեր երկրներում: Մեծ միջոցառումներ են անցկացվում Երևանում և մարզերում, որին 1000-ավոր մարդիկ են մասնակցում և պարում հայկական էթնիկ պարերը:
Կան բազմաթիվ բլոգերներ, որոնք զբոսաշրջիկներին հորդորում են հենց այդ օրերին լինել Հայաստանում և վայելել հայկական ազգային պարը՝ դառնալով «պարագծի»-ի մի մասնիկը: «Մենք»-ի հիմնադրի խոսքով նաև այս տարածումներն են օգնել ճապոնացի պարասերներին սկսել հայկական պարեր պարել:
Հայկական ազգային պարը միավորելու, համախմբելու, համայնք ու ընտանիք դարձնելու ուժ ունի: Երևի թե բոլոր հասարակություններն ունեն այդ միասնության գաղափարի շուրջ համախմբվելու անհրաժեշտությունը և միգուցե նաև սրանով է պայմանավորված հայկական պարերի՝ ձեռքը ձեռքին, ուսը ուսին, զարկը զարկին տալու նկատմամբ օտարերկրացիների հետաքրքրվածությունը: Սա խորը վերլուծության և ուսումնասիրության նյութ է, ասում է զրուցակիցս և հավելում.
«Հայկական պարերը միանշանակ ունեն մարդկանց համախմբելու ներուժը։ Կարծում եմ, զարգացած երկրներում, որտեղ շեշտը դրվում է ուժեղ անհատի, ուժեղ քաղաքացու վրա, այսինքն՝ հասարակությունը փորձում է կերտել ուղղակի ուժեղ անձնավորություններ, շատ հաճախ մարդիկ կարիք են ունենում ոչ թե ուժեղ լինելու, այլ կարիք են ունենում ընկեր ունենալու, մտերիմ մարդիկ ունենալու, գաղափարակիցներ ունենալու: Էդ ուժեղ լինելն էլ ժամանակի ընթացքում հոգնեցնում է մարդկանց, և լավ է լինում, երբ մշակույթով իրենք կարողանում են հավաքվել, ընկերանալ, լիցքաթափվել օրվա առօրյայի պայքարից: Էս առումով հայկական պարը, ես կարծում եմ, շա՜տ արդյունավետ է»:
Հայկական պարը՝ որպես Հայաստան- Ճապոնիա բարեկամության հիմնասյուն
Ժողովուրդների քաղաքական հարաբերություններն ի սկզբանե կառուցվում են ոչ քաղաքական հիմքերի վրա: Եթե ազգերն իրար մտերիմ են, ինչ-որ փոխադարձ հետաքրքրություն, բարեկամական կապեր ունեն, քաղաքական հարաբերություններ հաստատելն ավելի է հեշտանում: Այսինքն, մշակութային համագործակցության առաջընթացը կարող է լուրջ խթան դառնալ հայ- ճապոնական քաղաքական և տնտեսական հարաբերությունների համար: Այսօր թե՛ Հայաստանում և թե՛ Ճապոնիայում գործում են հայ-ճապոնական բարեկամության միավորումներ և ասոցիացիաների, որոնք զբաղվում են երկու ժողովուրդների մշակույթների հանրահռչակմամբ, պատմամշակութային կապերի սերտացմամբ: Այս համատեքստում պարը շատ կարևոր ասելիք ունի, քանի որ մարդկանց իրար հետ ամենաարագ մտերմացնողը հենց պարն է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել