HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ պաշտոնատար անձանց օժանդակությամբ Իրանից անօրինական եղանակով ծխախոտ է ներմուծվել

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակիչը Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և նույն զորամասի մեկ այլ ծառայողի օժանդակությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծել է առանց ակցիզային դրոշմանիշների ավելի քան 74 մլն դրամի հարկման ենթակա, առանց դրոշմավորման, տարբեր ապրանքանիշերի ընդհանուր 2 619 580 գլանակ ծխախոտ: Այս մասին հաղորդում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Մեղրի համայնքի բնակիչն, իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, դիմել է ՊՆ վերը նշված պաշտոնատար անձանց, ովքեր, իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական և ծառայողական շահերի օգտագործելով, հանձնարարել են իրենց հրամանատարության ներքո գտնվող մարտական հենակետի ծառայողներին՝ ԻԻՀ-ից ծխախոտները ապօրինի տեղափոխելու ժամանակ խոչընդոտներ չստեղծել: Բացի այդ, մարտական հենակետի վերահսկողության տարածք անխափան մուտք գործելու և ԻԻՀ-ից առանց դրոշմավորման ծխախոտի անխոչընդոտ Ագարակ քաղաք տեղափոխելու նպատակով, տրամադրել են զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:

Արդյունքում, զորամասի մարտական հենակետի ծառայողները ապօրինի կերպով ՀՀ տարածք տեղափոխված՝ առանց դրոշմավորման ծխախոտը բեռնել են նշված զորամասի բեռնատար ավտոմեքենան և ուղևորվել Մեղրի համայնքի Ագարակ բնակավայր, որտեղ էլ 2025 թվականի մայիսի 31-ին հայտնաբերվել ու ձերբակալվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Իշխանական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն օժանդակելու համար զորամասի հրամանատարին և նույն ստորաբաժանման ծառայողին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև Մեղրի համայնքի բնակչին և  ՊՆ հինգ ծառայողների:

Զորամասի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուս ՊՆ պաշտոնյայի նկատմամբ՝ տնային կալանքը։  

Ութ մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- նշված է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter