HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջրային կոմիտեի նախագահն այցելել է Թեհրան

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է «Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի» (RCUWM) Կառավարման խորհրդի նախարարական մակարդակի ամենամյա, արդեն 14-րդ նիստին։ Այս մասին հաղորդում են Ջրային կոմիտեի լրատվական ծառայությունից։

ԻԻՀ էներգետիկայի նախարար և RCUWM Կառավարման խորհրդի նախագահ Աբբաս Ալի Աբադիի հրավերած նիստի ընթացքում քննարկվել են աշխարհում քաղաքային բնակչության աճի ազդեցությունը սահմանափակ ջրային ռեսուրսների վրա, կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը ջրի որակի, կառավարման և ջրային ցիկլի վրա, ջրային պաշարների նվազումը և համակարգված միջազգային արձագանքման անհրաժեշտությունը։

Ջրային կոմիտեի նախագահն իր ելույթում նշել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր կառուցողական մասնակցությունը տարածաշրջանային կենտրոնի աշխատանքներին, այդ թվում՝ ուղղված ընդհանուր ջրային անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում։

Արամազդ Ղալամքարյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանային ջրային խնդիրների արդյունավետ լուծումը տեսնում է համադրված գործողությունների, փոխլրացնող փորձագիտական կարողությունների և երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ճանապարհով։ 

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի ուղեկցությամբ՝ Ղալամքարյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է «Ջրարդյունաբերության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի» 21-րդ միջազգային ցուցահանդեսին, ծանոթացել իրանական առաջատար ընկերությունների կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումներին, ծառայություններին և արտադրանքին, գնահատել դրանց հնարավոր կիրառելիությունը Հայաստանի ջրային ենթակառուցվածքների արդիականացման տեսանկյունից, ստեղծել կապեր՝ հետագա հնարավոր գործակցության համար։ 

Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը այցելել է նաև Իրանի հիդրոէներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերություն, որը ջրամբարների և էներգետիկ ենթակառուցվածքների խոշորագույն շինարարն է Իրանում։

Իրանի Էներգետիկայի նախարարության ղեկավարների հետ Ղալամքարյանը քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ «Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի» (RCUWM) Կառավարման խորհրդի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter