Իտալական ընկերությունները շահագրգռված են մասնակցել Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իտալիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Մարտա Դասուին: «Առկա է հայ-իտալական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ: Այդ ուղղությամբ մեծ ծավալի աշխատանք կա իրականացնելու»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Բարձր գնահատելով հայ-իտալական քաղաքական համագործակցությունը՝ կողմերը կարևորել են տնտեսական կապերի հաստատումն ու հետագա խորացումը: Այդ նպատակով առաջիկա սեպտեմբերին կազմակերպվելու է հայ-իտալական գործարար համաժողով, կհիմնադրվի նաև հայ-իտալական առևտրային պալատ:
Տիգրան Սարգսյանն ասել է, որ հայկական կողմը շահագրգռված է ձևավորելու հայ-իտալական միջկառավարական հանձնաժողով: Այս հարցում իտալական կողմի հետ արդեն ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն:
Վարչապետն Իտալիայի փոխարտգործնախարարին է ներկայացրել Հայաստանում ձևավորվող ազատ տնտեսական գոտիների գաղափարը: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ժամանակակից տեխնոլոգիաների և նորարարության բնագավառներում գործունեություն ծավալող իտալական ընկերությունների հնարավոր ներգրավմանը ազատ տնտեսական գոտիներ:
Մարտա Դասուն ընդգծել է, որ Իտալիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնելու նոր մակարդակի: Այդ առումով կարևորվել է առաջիկա հոկտեմբերին նախատեսված, Իտալիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան:
Խոսելով տնտեսական հարաբերությունների մասին՝ Մարտա Դասուն նշել է, որ իտալական ընկերությունները շահագրգռված են մասնակցելու Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերին, մասնավորապես հեռուստատեսության թվայնացման և ճանապարհաշինարարության բնագավառներում: Իտալիայի փոխարտգործնախարարը վստահեցրել է, որ իր երկիրը պատրաստ է օժանդակելու Հայաստանին նաև եվրաինտեգրման գործընթացներում:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են տեքստիլ արդյունաբերության, զբոսաշրջության, փոքր և միջին բիզնեսի, գյուղացիական տնտեսությունների զարգացման, նաև աստղաֆիզիկայի բնագավառներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել