Ադրբեջանը քննադատում է ՀՀ-ԵՄ ստորագրված փաստաթղթի մի շարք դրույթներ
««ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» անունը կրող փաստաթուղթը, որը նախորդ շաբաթ Բրյուսելում ստորագրվեց Եվրոպական միության և Հայաստանի միջև, «հակասում է» Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»,- նման հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ մեկնաբանելով Բրյուսելի և Երևանի միջև կնքված նոր փաստաթուղթը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Բաքուն «լուրջ մտահոգություն» ունի փաստաթղթում մի շարք հարցերի առաջնահերթություն տալու փաստի վերաբերյալ, որոնք «աղավաղում են հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները և ընդհանուր առմամբ հակասում են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգին»։ Հիշեցնենք, որ դա ստորագրվել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի 6-րդ նիստի արդյունքներով, որը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2-ին՝ Բրյուսելում։
«Լիովին անընդունելի է, որ երկկողմ այս փաստաթղթում, որը սահմանում է Հայաստանի և Եվրամիության միջև առաջիկա յոթ տարիների ռազմավարական առաջնահերթությունները, տեղ են գտել Ադրբեջանի դեմ ուղղված հարցեր։ Սա նաև բացասական ազդեցություն է ունենում Ադրբեջանի և ԵՄ հարաբերությունների հեռանկարի վրա»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ Բաքվի՝ խնդրահարույց կետերից մեկն այն է, որ փաստաթղթի ներածական հատվածում և այլ բաժիններում կիրառվում է «Լեռնային Ղարաբաղի հայեր, որոնք Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո դարձան տեղահանված անձինք» ձևակերպումը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ մարդկանց փախստականների շարքին դասելը, «Ադրբեջանի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի ակնհայտ դրսևորում է»։
Բացի այդ, Ադրբեջանում քննադատում են նաև փաստաթղթում Միջազգային դատարանների կողմից ընդունված որոշումների իսպառ կատարմանը ԵՄ աջակցության հանգամանքը։ Ադրբեջանական կողմի կարծիքով՝ դա խոսում է այն մասին, որ «ԵՄ-ն սատարում է Հայաստանին Ադրբեջանի դեմ վերջինիս պահանջների համատեքստում»։ «Երրորդ կողմի կողմից այս հարցի քննարկման դուրսբերումը, ինչն ուղղակիորեն վերաբերում է Ադրբեջանին և Հայաստանին ու իր բնույթով խիստ երկկողմ է, ոչ միայն զուրկ է տրամաբանությունից, այլև անտեսում է Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ներկայացված իրավաչափ դատական հայցերի առկայությունը»։
Բաքվում այն կարծիքին են, որ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ առաջնորդները Վաշինգտոնում կայացած հանդիպման ու դրա արդյունքներով կնքված հռչակագրում վերջ են դրել այս հարցին։ «Հաշվի առնելով, որ Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ ստորագրված խաղաղության համաձայնագրում նախատեսված է դրույթ՝ այս պահանջների կարգավորման վերաբերյալ, դրանց անդրադարձը ԵՄ-Հայաստան փաստաթղթում հակասում է երկու երկրների խաղաղության գործընթացին և լուրջ հարցեր է առաջացնում հայկական կողմի հայտարարած մտադրությունների անկեղծության վերաբերյալ»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի տեսանկյունից մեկ այլ խնդիր է Բաքվում պահվող հայ գերիներին փաստաթղթում «գերեվարվածներ» անվանելը։ Ադրբեջանական կողմի կարծիքով՝ «նրանց ազատ արձակման հարցը որպես առանձին առաջնահերթություն դիտարկելը լրջորեն աղավաղում է իրականությունն ու անընդունելի մոտեցում է»։
Ադրբեջանում խիստ զարմացած են այն հանգամանքից, որ փաստաթղթում ոչ մի տեղ չի նշվում TRIPP-ի՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» վերաբերյալ, ինչն, անցնելով Հայաստանի տարածքով, Ադրբեջանի արևմտյան հատվածները կապելու է Նախիջևանի հետ։ Փոխարենը նշվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ «Սա կասկածի տակ է դնում Հայաստանի՝ Վաշինգտոնում իր վարչապետի կողմից ստորագրված TRIPP-ի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու մտադրությունների լրջությունը։ Կասկածի տակ է դրվում նաև ԵՄ-ի կողմից տվյալ նախագծին հայտարարված աջակցության հանգամանքը»,- շարունակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ինչպես նախորդ տարիներին, այս հայտարարության մեջ ևս ադրբեջանական կողմն իր մտահոգությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ «դա Ադրբեջանի դեմ քարոզչական գործիք է»։
Ադրբեջանում ակնկալում են, որ «Հայաստանը և ԵՄ-ն կձեռնարկեն կոնկրետ քայլեր՝ վերացնելու այս վնասակար դրույթները, որոնք չեն արտացոլում ներկայիս իրողությունները»։ «Մեր կողմից մենք շարունակելու ենք ուշադիր հետևել իրավիճակին և կանենք անհրաժեշտ եզրակացություններ»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Լուսանկարը՝ themerchantbaku.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել