
Արտակ Նազարյանի գործով կհարցաքննվի քննիչը
Այսօր՝ օգոստոսի 28-ին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը տուժող կողմի միջնորդությամբ կհարցաքննի Արտակ Նազարյանի մահվան գործով ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննիչ Լեւոն Պետրոսյանին:
Տուժող կողմը միջնորդություն էր ներկայացրել հարցաքննել նաեւ ՀՀ ՊՆ ՔԾ Իջեւանի կայազորի քննիչներ Սարգիս Մադաթյանին եւ Հայկ Մարգարյանին, սակայն դատարանը բավարարել էր միջնորդությունը միայն Լ. Պետրոսյանի մասով: Վերջինս գործի քննությունը ստանձնել է դեպքից մոտ մեկ ամիս հետո: Քննիչները, ըստ տուժող կողմի, գործը քննել են կախակալ՝ «ինքնասպանության հասցնելու» վարկածով, փորձել են թաքցնել սպանության ապացույցները, բռնությամբ եւ ճնշումներով կեղծ ցուցմունքներ են կորզել վկաներից, փչացրել են իրեղեն ապացույցներ:
Դատավորի սահմանած կարգով կողմերը հնարավորություն չստացան հայտարարություններ անել ապացույցների հետազոտմանը զուգահեռ, արեցին հետազոտման ավարտից հետո: Այնուհետեւ դատարանն անցավ միջնորդություններին:
Դատարանն այս պահին քննարկում է դատավարության նախորդ փուլերում հետաձգված միջնորդությունները: Այնուհետեւ տուժող կողմը կշարունակի ներկայացնել միջնորդություններ: Նրան կհաջորդի պաշտպանական կողմը: Մեղադրող կողմը հրաժարվել է միջնորդություններ ներկայացնել:
Ինչպես հայտնի է, պաշտպանական կողմը համաձայն չէ ներկայացված մեղադրանքի հետ, իսկ տուժող կողմը վիճարկում է ինքնասպանության վարկածը՝ տեղի ունեցածը համարելով դիտավորյալ սպանություն, ինչի փաստական վկայություններ կան քրեական գործում: Հենց այդ վերլուծությունները 15.08.2012թ. հնչեցին դատարանի դահլիճում:
14.08.2012թ. ցուցմունքներ տվեցին Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, եւ մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Երկուսն էլ պատմեցին նախաքննական մարմնի ապօրինի վարքի մասին՝ դեպքին հաջորդած ժամանակահատվածում: Այնուհետեւ դատարանի առաջարկությամբ կողմերն սկսեցին հայտարարությունները՝ հետազոտված ապացույցների կապակցությամբ: Ռուբեն Մարտիրոսյանի հայտարարությունը՝ դատաբժշկական փորձաքննության մասին, կիսատ մնաց՝ աշխատանքային օրվա ավարտի պատճառով եւ կշարունակվի հաջորդ օրը:
08.08.2012թ. Ծովինարը ներկայացրել էր եղբոր՝ Արտակ Նազարյանի բնութագիրը, եւ պատմել էր դեպքին հաջորդող օրերին նախաքննական մարմնի հանցավոր գործելաոճի մասին, որին անձամբ էր ականատես եղել:
Մասնավորապես նա նշել էր, որ քննիչ Ս. Մադաթյանը, դեպքից մի քանի օր հետո՝ օգոստոսի 3-ին, Նազարյանների բնակարանում խոստովանել էր, որ Նազարյանի ինքնաձիգից մատնահետքեր չի վերցրել, քանի որ իր մատնահետքերը կհայտնաբերվեին դրա վրա, որովհետեւ առանց ձեռնոցի է քննչական գործողություններ կատարել դեպքի վայրում: Քննիչը Նազարյանի՝ Արծվաբերդ գյուղում վարձած տունն այդպես էլ չի կնքել, իսկ այնտեղ խուզարկություն է կատարել միայն ծնողների բազմակի պնդումներից եւ միջնորդությունից հետո (ի դեպ, դրա համար ընտրելով Նազարյանի ծննդյան օրը եւ ստիպելով ընտանիքին հյուրերին տանը թողած մեկնել Արծվաբերդ):
Արտակ Նազարյանի քույրը պատմել է նաեւ, որ երբ եղբոր մահվան լուրն առնելով Վաշինգտոնից Երեւան է հասել հուղարկավորության առավոտյան ժամը 4-ին, ականատես է եղել, թե ինչպես են ծանր գրիմի տակ փորձել թաքցնել բազմաթիվ վերքերից աղավաղված՝ եղբոր դեմքը, թե ինչպես էր մարմինը ժամ առ ժամ ուռչում՝ կասկած հարուցելով, որ մահն ավելի վաղ էր տեղի ունեցել, քան նախաքննական մարմնի նշած ժամանակը, թե ինչպես են շուրթերը ուռչելով՝ ցուցադրում կարերը: Նա հիշել է ինչ-որ մեկի խոսքերը, թե «Արտակ Նազարյանի կարած բերանը մեր բոլորի կարած բերանն է» եւ շրջվելով դեպի ամբաստանյալները՝ ասել է. «Դա նաեւ ձե՛ր բերանն է»՝ ակնարկելով նրանց լռությունը սպանության մասին:
Դատաքննությունը: Դատարանի որոշմամբ դատաքննությունն սկսվել է դատակոչված վկաների հարցաքննությամբ, իսկ քրեական գործով ձեռք բերված ապացույցները հետազոտելը թողնվել է վերջում՝ վկաների, ամբաստանյալների եւ իրավահաջորդի ցուցմունքներից հետո: Արտակ Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի ցուցմունքը կիսատ է մնացել եւ շարունակում է Արտակի քույրը՝ Ծովինար Նազարյանը, ում փոխանցվել են տուժողի իրավահաջորդի իրավասությունները: Վկաները եւ ամբաստանյալները արդեն ցուցմունք են տվել, հետազոտվել են ապացուցույցները: Այժմ դրանց մասին հայտարարություններ եւ միջնորդություններ անելու պահն է:
Նախապատմությունը: Արտակ Նազարյանը սպանվել է 2010թ. հուլիսի վերջին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության կատարած նախաքննությունն ավարտվել է, եւ գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ ապացույցների ոչնչացում եւ կեղծում (մանրամասները տես Ա. Նազարյանի մոր՝ Հասմիկ Հովհաննիսյանի բաց նամակում՝ զինդատախազ Գ. Կոստանյանին):
Դատավարության մասնակիցները: Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարեւան «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա. Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը եւ Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինի՝ Հ. Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է, եւ նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:
Դատավոր՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյան: Մեղադրանքը պաշտպանում է զինվորական դատախազ Հարություն Հարությունյանը: Ամբաստանյալ սպաների շահերը պաշտպանում են փաստաբաններ Լեւոն Պողոսյանը (Վ. Հայրապետյանի պաշտպան), Հրանտ Գեւորգյանը եւ Արմինե Ղասաբողլյանը (Հ. Մանուկյանի պաշտպաններ), իսկ երեք շարքայինների՝ Մ. Մխիթարյանի, Ա. Հովհաննիսյանի եւ Հ. Կիրակոսյանի կողմից ներգրավված են փաստաբաններ Ազատ Շահբազյանը եւ Ալվարդ Մնացականյանը:
Տուժողի իրավահաջորդն էր Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ից՝ քույրը՝ Ծովինար Նազարյանը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն են փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը:
Ծովինար Նազարյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել