Ինչու է աղմկում Կոնջորյանը
Մենք չենք կարող ասել, թե ինչպես է քմ-ը 420 հազար դրամ վաճառվող տունը պատգամավոր Հայկ Կոնջորյանը ձեռք բերել պարզ հաշվարկով քմ-ը 300 հազար դրամով: Ինչպես է Կոնջորյանին հաջողվել այդպիսի գործարք կատարել եւ «խնայել» 21 մլն դրամ: Դա կարող է պարզել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կամ իրավապահ համակարգը:
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, «Հետքը» հոդված էր հրապարակել «Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայականից էականորեն էժան գնով» վերնագրով։
Այս հրապարկմանն արձագանքել է Հայկ Կոնջորյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հոդվածը կեղծ է, և ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը։
«Հայաստանյան «լրագրության» պերճանքն ու թշվառությունը` մի հոդվածի օրինակով.
«Հետք» կոչվող հետաքննող լրատվամիջոցը ոտքից գլուխ կեղծ հոդված է երկնել, թե իբր ես շուկայականից էական ցածր գնով առանձնատուն եմ գնել` Կոտայքի մարզի Առինջ գյուղում:
Զանգել են կառուցապատող ընկերություն, հարցրել այս պահին տան շուկայական գինը, հետո այդ գինը տարածել են մեկուկես տարի առաջ գնած իմ տան վրա և ստացել աստղաբաշխական թիվ: Միտումնավոր կոծկել են հենց կառուցապատող ընկերության ֆեյսբուքյան էջում դրված շուկայական արժեքների էական նվազ թվերը, որոնք առաջարկվել են բոլոր գնորդներին: Բոլորը գիտեն, որ կառուցապատման ընթացքում անշարժ գույքի արժեքը շատ ավելի ցածր է, քան կառուցման ավարտից հետո:
Անշարժ գույքը գնել եմ շուկայական արժեքին համապատասխան, հիպոտեկային վարկով` 20 տարով, Առինջ գյուղում:
Հերթական անգամ համոզվեցի, որ հայաստանյան լրագրության մի մասը վաղուց մեռել է, պարզապես նրանց չեն ասում, որ տրամադրությունները չընկնի:
Հ.Գ. Ի դեպ, ոչ թե առանձնատուն է, այլ թաունհաուզ: Գրել են առանձնատուն, որ սուտը ավելի տպավորիչ լինի:)»,- գրել է Կոնջորյանը։
Սակայն «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված վաճառքի հայտարարությունները այլ բան են վկայում։ Մասնավորապես՝ 2024 թվականի հունվարին, հուլիսին և հոկտեմբերին արված հրապարակումներում նշվում է, որ բնակելի տների արժեքը սկսվում է 1 քմ-ն 410.000 դրամից։ Այսինքն՝ 410.000 դրամը նվազագույն գինն է։ Կոնջորյանը ձեռք է բերել առանձնատունը 2024 թվականի հուլիսի 26-ին։ Ընկերության ֆեյսբուքյան էջում հուլիսի 19-ին արված հրապարակման մեջ ևս նշված է 410.000 դրամ արժեքը։ Ստացվում է՝ Կոնջորյանը ձեռք է բերել քմ-ն 300.000 դրամով, ինչն էականորեն ցածր է ընկերության հրապարակած գնից։
Հայկ Կոնջորյանը թաունհաուսը ձեռք է բերել կառուցման վերջնական փուլում։ Ընկերության՝ 2024-ի հունվարին արված հրապարակման մեջ ասվում է, որ թաունհաուսների մի մասը մեկ ամիս անց արդեն պատրաստ է լինելու։ Իսկ հոկտեմբերին՝ Կոնջորյանի կողմից թաունհաուսը ձեռք բերելուց 3 ամիս հետո տարածած հայտարարության մեջ արդեն ներկայացված են պատրաստի թաունհաուսները։
Մենք հոդվածի հրապարակումից առաջ հարցում ենք ուղարկել Հայկ Կոնջորյանին, որտեղ մանրամասն շարադրել ենք մեր ունեցած տեղեկությունները և մեկնաբանություն ենք խնդրել դրանց առնչությամբ։
Հարցման մեջ, մասնավորապես, նշել էինք.
«2024 թվականի հուլիսի 26-ին Դուք և Ձեր կինը՝ Շուշան Ալեքսանյանը, ձեռք եք բերել բնակելի տուն Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի Բ թաղամասի 7/19 հասցեում։
2025 թվականի մայիսի 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրում նշել եք, որ բնակելի տունը ձեռք եք բերել 54 մլն դրամով։
«Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի ֆեյսբուքյան էջում նշված է, որ բնակելի տների 1 քմ-ն վաճառվում է սկսած 420 հազար դրամից։
Ձեր ձեռք բերած բնակելի տան ներքին մակերեսը, համաձայն Կադաստրի կոմիտեից ստացած տվյալների, 246 քմ է, իսկ բնակելի մակերեսը մոտ 180 քմ։
Ստացվում է, որ Ձեր բնակելի տան արժեքը կազմել է 75 մլն 600 հազար դրամ (180 × 420.000)՝ 21 մլն 600 հազար դրամով ավելի, քան նշված է Ձեր հայտարարագրում։
Խնդրում եմ տրամադրել տեղեկատվություն հետևյալ հարցի վերաբերյալ.
- Ինչպե՞ս է ստացվել, որ Դուք բնակելի տուն եք ձեռք բերել ընկերության հայտարարածից էականորեն էժան գնով»։
Կոնջորյանը որևէ կերպ չի հերքել կամ չի պարզաբանել մեր ներկայացրած տեղեկությունները։ Սա մեզ մոտ ողջամիտ համոզմունք է ձևավորել, որ ներկայացված փաստերը ճիշտ են։
Պատգամավոր Կոնջորյանն իր հրապարակային գրառման մեջ նշել է, թե իբր հոդվածը «ոտքից գլուխ» կեղծ է։ Սա այն դեպքում, երբ պատգամավորի համար մինչև հոդվածի հրապարակումը բացահայտվել են նյութի թեման և փաստերը, սակայն նա նախընտրել է չարձագանքել՝ հետագայում լրատվամիջոցին հրապարակային մեղադրելու նպատակով։
Հատկապես վերջին ամիսներին հանրային պաշտոն զբաղեցնողները բացահայտող լրագրողական հոդվածներին անդրադառնալիս թիրախավորում են լրատվամիջոցներին և լրագրողներին։ Շահարկում են լրատվամիջոցների բարեխղճությունը՝ ցույց տալու համար, թե ակնհայտ սուտ տեղեկատվություն են տարածում և այլն։ Սակայն մոռանում են, որ իրենք ևս պետք է լինեն բարեխիղճ և հաշվետու, պարզաբանեն հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերը։
Հայկ Կոնջորյանին վերաբերող հոդվածի հանրային կարևորությունն այն է, որ պատգամավորը, անշարժ գույքը շուկայականից էժան գնելով, իրավունք է ստացել պետական բյուջեից վերադարձնել եկամտային հարկը։ Իսկ այս պայմաններում արդյոք Կոնջորյանի վարքագիծը համապատասխանո՞ւմ է հանրությանը ծառայելու, հանրային շահին հավատարիմ, օբյեկտիվ ու բարեխիղճ լինելու սկզբունքներին, երբ պարզաբանումներ չի ներկայացնում։
Ինչու՞ է պաշտոնյաներին թվում, թե կարող են միայն դասեր տալ վարքագծի թեմայով, սակայն իրենք հաշվետու չլինեն կամ թափանցիկ չգործեն: Այս հարցերը գուցե քննարկման առարկա դառնային Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովում, եթե, իհարկե, Հայկ Կոնջորյանն ու նրա գործընկերները ստեղծեին ժամանակավոր այդ հանձնաժողովը` պատգամավորների մասնակցությամբ նմանատիպ և այլ դեպքերի քննարկման համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել