Վեդու ջրամբարի կառուցումը գրեթե ավարտված է. Ջրային կոմիտե
Վեդու ջրամբարի կառուցման ծրագիրն ավարտական փուլում է։ Այդ առիթով Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությունն այց է կատարել ջրամբարի տարածք՝ տեղում ծանոթանալու իրականացված աշխատանքներին։ Այս մասին հաղորդում է Ջրային կոմիտեն:
«Այցելուների թվում են եղել ԶՖԳ հայաստանյան ծրագրերի պատասխանատու Օդրի Գուրդիենը, ԶՖԳ գյուղատնտեսության և ոռոգման հարցերով թիմի ղեկավար Վենսան Տանգին, ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի տեղակալ Աշոտ Խաչատրյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար Աղվան Բեգլարյանը, Վեդու ջրամբարի շինարարության կապալառու «Սահակյանշին» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանը և այլք։
Ներկաները շրջայց են կատարել ջրամբարի տարածքում, ապա կլոր-սեղան քննարկման ընթացքում նախանշել ծրագրի ավարտական որոշ աշխատանքների վերջնական ժամանակացույցը, ինչպես նաև ջրամբարի ապագա շահագործման հետ կապված տեխնիկական և կազմակերպչական հարցեր:
Այնուհետև ԶՖԳ պատվիրակությանը Ջրային կոմիտեում հյուրընկալել է ՋԿ նախագահ Արամազդ Ղալամքարյանը․ կողմերը քննարկել են ֆրանսիական համաֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ջրային ռեսուրսների և գյուղատնտեսության համալիր զարգացում» (WAIDA), «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) եւ «Ջրային եւ ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագրերը։
Ընդգծվել է Հայաստանի ոռոգման ոլորտի ռազմավարական ծրագրի մշակման, ինչպես նաեւ Սյունիքի մարզում նախատեսված տարբեր ծրագրերի համակարգման կարեւորությունը:
Ջրային կոմիտեի նախագահը ֆրանսիացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության եւ ծագող խնդիրները գործընկերային ոգով հասցեագրելու համար։
29․3 մլն խմ ծավալով Վեդու ջրամբարը կառուցվել է Արարատի մարզի Վեդի գետի աջ ափին։ Նախագծի արժեքը 90 մլն եվրո է, ֆինանսավորման ավելի քան 80%–ն իրականացրել է Զարգացման ֆրանսիական գործակալությունը։ Ջրամբարում կամբարվի 29.3 մլն խոր․ մետր ջուր, որով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել 3,220 հեկտար հողատարածք»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել