Անձրևը «բացահայտեց» Էջմիածնում հիմնանորոգված ճանապարհի թերությունները
Այս ճանապարհը հիմնանորոգվել է մոտ 4 ամիս առաջ: Օրերս տեղացած թույլ անձրևը բավական էր շինարարական թերությունները «ջրի երես» հանելու համար: Ճանապարհի հանձնման-ընդունման արձանագրությունն արդեն ստորագրվել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ՝ Մհեր Մկրտչյանի կողմից, ինչը նշանակում է, որ համայնքապետարանին գոհացրել է կատարված աշխատանքը, մինչդեռ թերություններն ակնհայտ են. ջրահեռացման հորերը ասֆալտից բարձր են կառուցվել:
Էջմիածին քաղաքի Վահան Տերյան, Սբ. Մեսրոպ Խորենացի, Արամ Մանուկյան 1-ին թաղամասի 3 փողոցների, Չարենց թաղամասի շենքերի բակերի և բակային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների կատարման նպատակով 2024թ. հոկտեմբերի 9-ին պայմանագիր է կնքվել Վաղարշապատի համայնքապետարանի և «Լև-Շին» ՍՊԸ-ի միջև: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 636 մլն 450 հազ. դրամ: Սակայն, 2025թ. օգոստոսի 29-ին կողմերի միջև կնքվել է համաձայնագիր, որով ծավալաթերթ նախահաշվում կատարվել են ավելացումներ մոտ 32 մլն 498 հազ. դրամի չափով, ինչից հետո պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 668 մլն 948 հազ. դրամ:
Քաղաքի նշված ճանապարհների հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներն իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում՝ պետության և համայնքի մասնակցությամբ:
Պայմանագրի շրջանակում, Օրինակ՝ Սբ. Մովսես Խորենացի փողոցում կառուցվել է հեղեղատար կոյուղի, իսկ Տերյան փողոցի մի հատվածում միակողմանի տեղադրվել են բետոնե վաքեր (ջրատար խողովակ): Վերջիններս նախատեսված են նաև անձրաջրերի հեռացման համար:
Անձրևի ժամանակ ականատես ենք եղել, որ Խորենացի փողոցում կառուցված հեղեղատար կոյուղին տեղ-տեղ կառուցվել է ասֆալտից բարձր, ինչի հետևանքով անձրևաջրերը կուտակվում են ասֆալտի վրա՝ գոյացնելով լճակներ: Իսկ Տերյան փողոցի որոշ հատվածներում ճանապարհն այնպիսի թեքություն ունի, որ անձրևաջրերը հոսում են հակառակ մայթ, որտեղ վաքեր տեղադրված չեն՝ դարձյալ առաջացնելով ջրի կուտակումներ:
Վաքեր չունեցող հատվածներում ջուրն ուղղակի հոսում է ճանապարհով, քանի որ ջրահեռացման ցանց չի կառուցվել: Իսկ անձրևներից հետո ջրահեռացման կիսախողովակները լցվում են աղբով:
Մի քանի ամիս է, ինչ շահագործվում է Տերյան փողոցի հիմնանորոգված ճանապարհը, բայց տեղ-տեղ ճանապարհն արդեն իջել է՝ առաջացնելով անհարթություն: Չի բացառվում, որ կարճ ժամանակ անց այդ հատվածները վերանորոգվեն, ինչը հիմնանորոգված ճանապարհը դարձնելու է «կարկատան»՝ էականորեն կրճատելով շահագործման ժամկետը: Իսկ ճանապարհի մի հատվածում ջրի խողովակները վնասվել են, և ասֆալտն արդեն քանդվել է: Վաղարշապատի համայնքապետարանից հայտնեցին, որ աշխատանքներն իրականացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:
Այդ փողոցների հարևանությամբ ապրող բնակիչները դեռ հիմնանորոգման փուլում են բարձրաձայնել, որ կատարված աշխատանքի որակը ստուգելու նպատակով պատշաճ հսկողություն չի իրականացվում: Մասնավորապես՝ Վարդան Առքելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Խորենացի փողոցի ջրահեռացման ցանցը միասնական չէ, իսկ ասֆալտի որակը գոհացուցիչ չէ:
«Մեր տունը հիմնանորոգված ճանապարհահատվածի սկզբնամասում է, դրանից վերև ջրահեռացման խողովակ չկա: Սակայն վերևում դարձյալ կան ջրահեռացման հորեր, որոնք չգիտեմ ուր են գնում: Այսինքն՝ հատվածական է հեռացվում ջուրը: Մոտ ապագայում այդ խողովակները լուրջ խնդիրներ են առաջացնելու և վատ հետևանքներ է ունենալու»,-ասում է Վարադան Առաքելյանը:
Բնակիչը նույնպես նկատել է, որ անձրևից հետո փողոցի երկայնքով ջրերի կուտակումներ կան, ինչը ջրահեռացման հորերի ոչ ճիշտ կառուցման հետևանք է: Այսինքն՝ ջրերը հոսում են ճանապարհով և չեն թափվում ջրահեռացման հորերի մեջ:
Ինչ վերաբերում է ասֆալտի որակին, Վարդան Առաքելյանն ասում է, որ երբ փորձանմուշ վերցնելու համար համապատասխան կառույցներից եկել են, բնակիչները հորդորել են ասֆալտը ծակել և փորձանմուշ վերցնել բարակ հատվածներից, քանի որ որակի հետ կապված կասկածներ ունեն, սակայն բնակիչների խնդրանքն անտեսվել է:
«Օրինակ, մեր տան մոտ 4 սմ-ի կարգի է ասֆալտի շերտը, որակն էլ վատ է՝ գուցե 2-րդ, 3-րդ սորտի ասֆալտ է: Ամեն օր փողոցը մաքրելուց ավելի հետ ասֆալտի կտորները դուրս են գալիս»,-նշում է Սբ. Մ. Խորենացի փողոցի բնակիչը:
Հիշեցնենք, որ Խորենացի փողոցում ասֆալտապատվել էր նաև մի քանի սեփական տներ սպասարկող կոյուղու դիտահորը և բնակիչները դիտահորը չէին գտնում:
Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի խաչմերուկից սկսվող Սբ. Մովսես Խորենացի-Տերյան ճանապարհահատվածի ասֆալտապատումն ավարտվել էր 2025թ. օգոստոսի 31-ի կեսգիշերին, որպեսզի ճանապարհը սեպտեմբերի 1-ին բաց լինի դպրոցականների համար: Սակայն, լույսը բացվելուն պես, Խորենացի փողոցի 4 սեփական տան բնակիչներ նկատել են, որ կոյուղու դիտահորն անհետացել է: Պարզվել է, որ դիտահորը ևս ասֆալտապատել են ու հետքը «կորցրել»: Դիտահորը բացվել է «Հետքի» հրապարակումից հետո։
Նշենք, որ պայմանագրում նշված աշխատանքներն իրականացնելու նպատակով փորձաքննությունն իրականացրել է «Արխիտեկտ» ՍՊԸ-ն, իսկ տեխնիկական հսկողությունը՝ «Միակն» ՍՊԸ-ն:
Աշխատանքների ընդունման-հանձնման արձանագրությունը ստորագրել է Վաղարշապատ համայնքի ղեկավարի տեղակալ Մհեր Մկրտչյանը:
Նշելով հոդվածում թվարկված թերությունները՝ Վաղարշապատի համայնքապետարանից հետաքրքրվեցինք, թե այդ վիճակով ինչպես է ընդունվել ճանապարհը և ինչ է նախատեսվում իրականացնել:
Համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Ռոզա Կարապետյանը փոխանցեց, որ աշխատանքների ընդունման ընթացքում նման խնդիրներ ի հայտ չեն եկել, ստուգող հանձնաժողովի կողմից չեն արձանագրվել: Դրանք առաջացել են հետո, սակայն այդ խնդիրների ուղղությամբ համայնքապետարանը քայլեր է ձեռնարկելու, քանի որ երաշխիքային ժամկետի մեջ է:
«Այդ խնդիրները նորից կուսումնասիրվեն և համապատասխան լուծումներ կտրվեն»,-ասում է համայնքապետի մամուլի խոսնակը:
Թե ինչպես է ընդունող հանձնաժողովի անդամների համար աննկատ մնացել, օրինակ, ասֆալտից բարձր կառուցված ջրահեռացման հորերը՝ անհասկանալի է, քանի որ դրանք ընթացքում ի հայտ չեն եկել: Ստացվում է՝ ընդունող հանձնաժողովն ու տեխնիկական վերահսկողություն իրականանցող ընկերություն իրենց աշխատանքները պատշաճ չեն իրականացրել, ինչի հետևանքով հիմնանորոգված ասֆալտի որոշ հատվածներ ստիպված են լինելու քանդել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել