HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալկոհոլային կախվածության փուլերը, առանձնահատկություններն ու բուժման մոտեցումները

Ալկոհոլային կախվածությունը քրոնիկական, պրոգրեսիվող հիվանդություն է, որն առաջանում է ալկոհոլի երկարատև օգտագործման արդյունքում` ձևավորելով հոգեկան ու ֆիզիկական կախվածություն. այն զարգանում է աստիճանաբար` ըստ փուլերի։ Այս մասին հրապարակում է տարածել Առողջապահության նախարարությունը։

«Առաջին փուլ. բնորոշվում է ոչ հաճախակի կրկնվող դրվագային հարբեցողությունից` անցումով պարբերական հարբեցողության: Թուլանում է ալկոհոլի օգտագործման քանակական և իրավիճակային վերահսկողությունը։ Բարձրանում է օրգանիզմի տանելիությունը, և նույն ազդեցության հասնելու համար պահանջվում է ավելի մեծ քանակի ալկոհոլ։

Երկրորդ փուլ. այս փուլում տանելիությունը հասնում է գագաթնակետին։ Ալկոհոլի ընդունումը անհրաժեշտ պայման է դառնում օրգանիզմի «նորմալ» կենսագործունեությունն ապահովելու համար։ Փուլի հիմնական նշանը զրկանքի համախտանիշի ձևավորումն է, որը դիտվում է ալկոհոլի սովորական դարձած չափաքանակների ընդունման կտրուկ դադարեցման դեպքում: Արդյունքում դրսևորվում են հոգեկան, սոմատովեգետատիվ և նյարդաբանական ախտանիշներ, դիտվում են անձի վարքի փոփոխություններ`

  • հիգիենայի կանոնների անտեսում,
  • աշխատանքի կորուստ,
  • ֆինանսների վատնում հիմնականում ալկոհոլի ձեռքբերման նպատակով։

Երրորդ փուլ. օրգանիզմի տանելիությունը նվազում է, և նույնիսկ փոքր քանակի ալկոհոլն առաջացնում է արտահայտված հարբածություն։ Այդ պատճառով ընդունումը դառնում է կոտորակային՝ քիչ, բայց հաճախակի։
Զրկանքի համախտանիշը հասնում է առավելագույնի, որի ժամանակ մեծանում է ցնցումային համախտանիշի առաջացման ռիսկը, կարող է առաջանալ նաև ալկոհոլային էնցեֆալոպաթիա և պոլինեյրոպաթիա։
Այս փուլում հիվանդները հաճախ դառնում են անաշխատունակ, և տուժում են հոգեկան գործունեության գրեթե բոլոր ոլորտները։

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում Հայաստանի քաղաքացիների համար բուժօգնությունը կազմակերպվում է կամավոր հիմունքներով, պետական պատվերի շրջանակում, պացիենտի դիմումի հիման վրա` ապահովելով անձնական տվյալների գաղտնիությունը: Կենտրոնում տրամադրվում է համալիր բուժում, որը ներառում է.

  • նարկոլոգիական, նյարդաբանական և սրտաբանական խորհրդատվություն,
  • լաբորատոր և գործիքային հետազոտություններ (ԷՍԳ, ՈՒՁՀ),
  • սոցիալական և հոգեբանական աջակցություն։

Լրացուցիչ տեղեկությունների և նարկոլոգի խորհրդատվության համար կարող եք այցելել Կախվածությունների բուժման ազգային կենտրոն կամ զանգահարել 012-27-27-27 հեռախոսահամարով»,-ասված է գրառման մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter