«Կենդանին ապրելու իրավունք ունի»․ երթ՝ կենդանիների մասին օրենքի նախագծի դեմ (լուսանկարներ)
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երևանի կենտրոնում մեկնարկեց երթ՝ հանուն կենդանիների իրավունքների։
Չնայած, որ առաջին ընթերցմամբ ընդունվել է «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը, կենդանասերները կարծում են, որ այն թերի է ու վտանգներով լի․ այն թույլ կտա կոռուպցիոն սխեմաներ, որոնց արդյունքում թափառող կենդանիները ստերջացվելու փոխարեն կքնեցվեն։
Երթը նախաձեռնողները վստահ են, որ այս օրենքը կարևոր է հասարակության համար, բայց առկա խմբագրությունը վտանգավոր է և՛ կենդանիների, և՛ մարդկանց համար՝ օրինագծում չկան հստակ և միանշանակ ձևակերպումներ, ինչը հնարավորություն է տալիս կամայական կիրառման։ Ստերջացումը ամրագրված չէ որպես միակ մարդասիրական միջոց կենդանիների թվաքանակի կարգավորման համար։ Չկա հանրային վերահսկողություն, համայնքները և ՀՈԱԿ-ը թողնված են առանց թափանցիկության։
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի տվյալ նախագիծը վերադառնա քննարկումների սեղան, անցկացվեն բաց հանրային լսումներ, քննարկումները լինեն մասնագիտական, հասարակական կազմակերպությունների, անասնաբուժական կլինիկաների մասնագետների, կենդանավարժների և այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։
«Ո՛ չ անօրեն քնեցմանը», «Կենդանին ապրելու իրավունք ունի», «Ստերջացումը միակ միջոց» վանկարկումներով երթի մասնակիցները գնացին կառավարության շենքի դիմաց՝ բարձրաձայնելու իրենց պահանջները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել