Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց ՀԱԿ նախագահ
Այսօր` դեկտեմբերի 14-ին, տեղի ունեցավ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հերթական համագումարը։ Այս համագումարը ՀԱԿ-ի համար 4-րդն էր, իսկ ՀՀՇ-ի համար, որի իրավահաջորդն է ՀԱԿ-ը` 22-րդը։
Համագումարի ընթացքում ելույթ ունեցավ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Նա ներկայացրեց այն ձեռքբերումները, որոնք ունեցել է կուսակցությունը 90-ականներից սկսած։ Նա նշեց, որ չնայած այդ ձեռքբերումներին, ՀԱԿ-ը պետք է գտնի իր տեղը ստեղծված նոր իրավիճակում։
«Մեր կուսակցությունը կանգնած է մի խնդրի առաջ, որ մեզ ուղղակի պետք է գտնել մեր տեղը և առաքելությունը նոր քաղաքական կյանքում, նոր աշխարհում և նոր Հայաստանում»,- ասաց Զուրաբյանը։
Զուրաբյանը նշեց, որ անհրաժեշտ են արմատական վերանայումներ։ Մասնավորապես, ՀԱԿ-ը պետք է ընդունի ծրագիր, որը համահունչ կլինի այսօրվա իրավիճակին։ Այդ նպատակով նախատեսվում է ևս մեկ համագումար անցկացնել 2026 թվականի փետրվար-մարտ ամիսներին։
Մյուս ոչ պակաս կարևոր խնդիրը, որը պետք է լուծի հաջորդ տարի գումարվելիք համգումարը, ըստ Զուրաբյանի` կուսակցույան ընտրական հայտի ձևավորումն է։
«Այդտեղ կարող են լինել տարբեր լուծումներ։ Մենք կարող ենք փնտրել դաշինքներ, ինչով արդեն երկու տարի է՝ զբաղված ենք։ Որովհետև հասկանում ենք, որ այն ռեժիմին, որը այսօր հաստատվել է Հայաստանում, հեռացնելու համար անհրաժեշտ է իսկապես լայն հասարակական համախմբում։ Եվ մենք երկու տարի շարունակ հետևողականորեն գնում ենք բանակցությունների տարբեր քաղաքական ուժերի հետ և փորձում հասնել արդյունքների»,- ասաց Լևոն Զուրաբյանը։
Համագումարի ընթացքում կուսակցության անդամները փակ գաղտնի քվերարկությամբ ընտրեցին 29 հոգուց կազմված վարչություն։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախագահ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել