HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ռազմական դրության ժամանակ Կառավարությունն անհիմն արգելել է հավաքներն ու քննադատությունը. դատարանի որոշումը

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Կառավարության բողոքը՝ արձանագրելով, որ 2020թ. ռազմական դրության պայմաններում հավաքների ազատության և իշխանությունների նկատմամբ քննադատության համատարած արգելքը եղել է ոչ իրավաչափ և չհիմնավորված։ Ստացվում է՝ Կառավարությունը ռազմական դրության քողի տակ ամբողջությամբ արգելել է հավաքները, քննադատությունը՝ առանց որևէ անհրաժեշտության կամ համաչափության հիմնավորման։

Ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Վահե Գրիգորյանը, Արթուր Ղազինյանը 2020թ. նոյեմբերի 23-ին դիմում են ներկայացրել Վարչական դատարան՝ Կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» թիվ 1586-Ն որոշման հավելվածի մի քանի  կետեր անվավեր ճանաչելու, նշված դրույթներն ընդունելու պահից ուժը կորցրած համարելու պահանջներով:

Վիճարկվող կետերից մեկով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվել է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը: Արգելվել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունվետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը։ Նշված սահմանափակումները չեն կիրառվել պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

Դիմողները հավաքների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքը ոչ իրավաչափ  են համարել և որպես դրա հիմնավորում դատարանին հայտնել են, որ արտակարգ դրության ժամանակ որոշակի իրավունքներ և ազատություններ, այդ թվում՝ հավաքների ազատությունը, կարող են միայն կասեցվել կամ ենթարկվել լրացուցիչ սահմանափակումների, այլ ոչ թե արգելվել: Մինչդեռ, առանց որևէ ողջամիտ ու համաչափ չափանիշների, այդ իրավունքն ամբողջությամբ արգելելն անխուսափելիորեն առաջացրել է ակնհայտ հակասություն Սահմանադրության և օրենքների հետ: Ընդ որում, «սահմանափակում» և «արգելում» եզրույթները միևնույն բովանդակությունը չունեն օրենսդրությունում, այդ թվում՝ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում:

Ա. Մինասյանը և նրա գործընկերները դատարանին հայտնել են, որ թեև 2020թ. նոյեմբերի 10-ից ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ համաձայնագրի հրապարակումից հետո վերացել կամ առնվազն էական վերանայման են ենթարկվել ռազմական դրություն հայտարարելու հիմքերը, սակայն Կառավարությունը չի վերանայել իր որոշումն ու դրանով հաստատված հավելվածը: Ընդ որում, Կառավարությունը դե ֆակտո դադարեցրել է ռազմական դրությանը բնորոշ բոլոր առաջնահերթ միջոցառումները, այդ թվում՝ ընդհանուր զորահավաքը, սակայն հետևողականորեն կիրառում է քաղաքական իրավունքների արգելքը:

Նրանց պնդմամբ՝ հավաքներն անցկացնելու կամ մասնակցելու Կառավարության որոշմամբ սահմանված արգելքը պետք է կիրառելի լինի բոլոր այն դեպքերում, երբ հանրային հետաքրքրություն ներկայացնող որևէ հարցի վերաբերյալ նույն վայրում արտահայտում են դիրքորոշում երկու կամ ավելի անձինք: Մինչդեռ, բազմաթիվ են դեպքերը, երբ իրավասու մարմինները, այդ թվում Ոստիկանությունը չեն ձեռնարկում այդպիսի հավաքներն արգելելուն ուղղված նույնանման միջոցներ:

Կառավարությունը նշել է, թե իր որոշմամբ արգելելով հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրան մասնակցելը՝ չի խախտել օրենքի որևէ դրույթ: Յուրաքանչյուր պետություն, գնահատելով հանրության կյանքին սպառնացող վտանգը, իր հայեցողական լիազորությունների շրջանակներում սահմանում է հավաքների ազատության իրավունքի ազատության սահմանափակումները, ընդհուպ՝ արգելք:

Վարչական դատարանը 2022թ. մայիսի 10-ի որոշմամբ արձանագրել է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ փաստարկ կամ ապացույց, որով կհիմնավորվեր, որ հավաքների կազմակերպումը, անցկացումը կամ դրանց մասնակցությունը պետության ամբողջ տարածքում ռազմական դրության պայմաններում արգելելը, հետապնդելով օրինաչափ նպատակ, եղել է անհրաժեշտ և չափավոր։ Մինչդեռ դատարանի գնահատմամբ՝ հավաքների ազատության ավելի մեղմ սահմանափակումներովհնարավոր էր հասնել պետության առջև դրված նպատակների իրականացմանը։

Դատարանի հիմնավորմամբ՝ ազատ տեղաշարժման իրավունքի համատարած և լրիվ սահմանափակում նախատեսված չի եղել, ինչը չէր կարող բացառել ինքնաբուխ հավաքի անցկացումը։ Դատարանը նաև նկատել է՝ ռազմական դրության ժամանակահատվածում, և հատկապես պատերազմական գործողությունների ընթացքում, պետության տարբեր մասերում հնարավոր էին մարդկային կուտակումներ՝ ռազմադաշտ մեկնելու ցանկությունից մինչև հումանիտար օգնության հավաքագրում, փախստականներին օգնության տրամադրում և այլն։ Նույնիսկ այն դեպքերում, եթե այդպիսի կուտակումները վերահսկվել են ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների կողմից, ոչինչ չէր խանգարում սահմանափակ քանակությամբ մասնակցություն ունեցող հավաքների անցկացման դեպքում ոստիկանության կողմից հավաքի ընթացքի ապահովման կազմակերպումը։

Դատարանի գնահատմամբ՝ մարդկային կուտակումները, անկախ այդ կուտակումների պատճառներից, եթե թույլատրվում են, արդեն իսկ կասկածի տակ է դրվում հավաքների կազմակերպման, անցկացման ու դրանց մասնակցության արգելքի համաչափությունը։ Կառավարությունն ընդունել է, որ ռազմական դրություն հայտարարելու օրերին նման կուտակումներ եղել են: Սակայն, եթե այդ կուտակումները լինեին ինքնաբուխ հավաք՝ որոշման ուժով կարգելվեին, մինչդեռ այլ դեպքերում չեն արգելվել:

Վարչական դատարանն անհիմն է համարել Կառավարության դիրքորոշումը, թե հավաքների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը ռազմական դրության ընթացքում կարող էին հանգեցնել պառակտման, հավաքներին շտապ արձագանքել հնարավոր չէր լինի, իսկ հավաքները, որպես կանոն, իրականացվում են Կառավարության դեմ բողոք արտահայտելու նպատակով, մինչդեռ ռազմական դրության ժամանակ Կառավարության դեմ բողոք արտահայտելը պետական անվտանգությունը խաթարող երևույթ է։

«Դատարանը փաստում է, որ, նախ՝ պատասխանողի նշված դիրքորոշումը որևէ ողջամիտ փաստարկով գործի քննության ժամանակ պատասխանողը չհիմնավորեց, թեև վերջինիս բավարար ժամանակ էր տրվել իր դիրքորոշումները հիմնավորող փաստարկներ ներկայացնելու համար, այդ թվում՝ հետաձգվել էր գործի քննությունը»,-նշված է Վարչական դատարանի որոշման մեջ:

Դատարանը հիմնավոր չի համարել նաև ելույթների սահմանափակումը և Արծվիկ Մինասյանի, Վահե Գրիգորյանի ու Արթուր Գրիգորյանի դիմումը բավարարել է մասնակի՝ ոչ իրավաչափ ճանաչելով Կառավարության որոշման այն կետերը, որոնք սահմանափակել են հավաքների անցկացումն ու ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող կամ հերքող հրապարակումները:

Կառավարությունը բողոքարկել է Վարչական դատարանի որոշումը Վերաքննիչ վարչական դատարան, սակայն վերջինս 2025թ. դեկտեմբերի 10-ին մերժել է բողոքը:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ծանրակշիռ փաստարկ կամ ապացույց առ այն, թե պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող կամ հերքող հրապարակումների արգելումն ինչ լեգիտիմ նպատակ է հետապնդել: Սա այն դեպքում, երբ Կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշման հավելվածի 9-րդ կետով ի սկզբանե սահմանված է եղել մարտական գործողությունների, դրանց ուղղությունների, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի, մարտական գործողություններով պայմանավորված քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը և այլն։

Ավելին, նման խիստ սահմանափակում նախատեսելու պայմաններում Վերաքննիչ դատարանը նկատել է, որ չի ներկայացվել որևէ ծանրակշիռ հիմնավորում ո՛չ նշված նորմի սահմանման նպատակի վերաբերյալ, ո՛չ ընտրված միջոցի անհրաժեշտության վերաբերյալ, մինչդեռ իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է ամրագրվեն՝ հիմք ընդունելով կոնկրետ պահանջներ և պետք է բավարար ու անհրաժեշտ լինեն կոնկրետ նպատակներին հասնելու համար:

Նշենք, որ Վերաքննիչ վարչական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter