Փոփոխություններ են առաջարկվում «Կատարողական վարույթի մասին» և կից ներկայացված օրենքներում
2024 թվականին ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքը, որով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ դատարանների հետ կապուղիների եւ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմումների ներկայացման հետ կապված կարգավորումները՝ մարտի 1-ից: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի՝ դատարանների հետ կապուղիների ներդնումը եւ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմումների ներկայացումը ենթադրում է կատարողական թերթի ինստիտուտի վերացում: Պարտատերն այլեւս անձամբ պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնի Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, եւ դատարանից կպահանջվի միայն տրամադրել այդ կապուղու միջոցով դատական ակտի եզրափակիչ մասը: «Այսինքն՝ 2026 թվականի մարտից նշված կարգավորումների համար անհրաժեշտ է լինելու դատարանների հետ նոր կապուղու առկայություն: Սակայն թվայնացման աշխատանքներին զուգահեռ պարզ է դարձել, որ մարտի 1-ից հնարավոր չի լինի այդ կապուղիների ստեղծումը, համակարգի գործարկումը: Հետեւաբար իրատեսական չէ այդ մասով օրենքի համապատասխան կարգավորումների ուժի մեջ մտնելը»,- ընդգծել է զեկուցողը՝ հավելելով, որ դեռեւս հնարավոր չէ ապահովել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ էլեկտրոնային դատավարության համակարգերի պատշաճ փոխգործելիությունը:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ Կառավարությունն առաջարկում է երկարաձգել կապուղիների ներդրման եւ կատարողական թերթի մասով ուժի մեջ մտնելու ժամկետը մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը:
Նախաձեռնությամբ առաջարկվում է նաեւ հստակեցումներ կատարել կատարողական ծախսերի հատուցման եւ կատարողական վճարների գանձման կանոնների կիրառման մասով: Սահմանվում է, որ նոր կանոնները կկիրառվեն միայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների վրա:
Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:
«Կատարողական վարույթի մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում»,- նշվում է հաղորդագրությունում։
Գլխավոր լուսանկարում՝ Տիգրան Դադունցը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել