Առաջարկվում է ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից դարձնել քաղաքացիական ծառայություն
«2021 թվականի օրենսդրական փոփոխություններից հետո Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) համայնքային սպասարկման կենտրոններն ընդգրկված չեն Արդարադատության նախարարության կազմում եւ, հետեւապես, նախարարության անմիջական վերահսկողությունից դուրս են: Վերջիններս թեեւ իրականացնում են ՔԿԱԳ գործառույթներ, սակայն հնարավոր չի լինում վերահսկել ծառայությունների մատուցման որակը, անհրաժեշտության դեպքում՝ տալ ցուցումներ եւ հետեւել կատարման ընթացքին, ինչպես նաեւ բովանդակային լուծում տալ քաղաքացիների կողմից ամենօրյա ռեժիմով բարձրացվող բազմաթիվ խնդիրներին եւ բողոքներին»,- այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը դեկտեմբերի 16-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ:
Փոխնախարարի խոսքով՝ վերոնշյալ կառավարման համակարգի պայմաններում ընդհանրապես բացակայում է միասնական մոտեցումը ՔԿԱԳ համակարգի վերաբերյալ, ինչի արդյունքում ստացվում է, որ միեւնույն գործառույթներ իրականացնող համայնքային գրասենյակներից երկուսում աշխատողները գործում են ՔԿԱԳ անմիջական ենթակայությամբ, իսկ մյուս համայնքներում՝ համայնքային ենթակայությամբ: Նման տարանջատումն առաջացնում է բազմաթիվ խնդիրներ: Ընդ որում, խնդիրները բազմիցս բարձրաձայնվել են նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, սակայն վերջիններս չունեն այդ խնդիրները լուծելու համար բավարար լիազորություններ եւ ռեսուրսներ:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է ՔԿԱԳ համակարգը համայնքային ծառայությունից դարձնել քաղաքացիական ծառայություն, ինչի արդյունքում հնարավոր կլինի ապահովել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը:
Բացի այդ, ծառայությունների որակը բարելավվելու նպատակով առաջարկվում է վերանայել նաեւ մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող տուրքերը:
Փոխնախարարն ընդգծել է, որ փոփոխությունը կարեւոր է նաեւ վիզաների ազատականացման գործում: 2018 թվականին ընդունվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որի վրա են հիմնված ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները, որի շրջանակում ընթանում է նաեւ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ վիզաների շուրջ երկխոսության գործընթացը: Մասնավորապես, համաձայնագրում հստակ շեշտադրված է, որ իրավական եւ ինստիտուցիոնալ շրջանակի ամրապնդման գործընթացում պետք է իրականացվեն քաղաքացիական կացության եւ քաղաքացիական գրանցման գործընթացների ամբողջականությանն ու անվտանգությանն ուղղված գործողություններ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել