Օրենքը չի պաշտպանում ազդարարներին․ փոփոխությունների նախագիծ է ներկայացվել հանրային քննարկման
Միջազգային գնահատականները բացահայտել են ազդարարման համակարգի լուրջ բացերը, և Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքների փոփոխություններ՝ փորձելով ուժեղացնել ազդարարների պաշտպանությունն ու նվազեցնել կաշկանդվածությունը: Չնայած ազդարարման համակարգը կոչված է պաշտպանելու կոռուպցիայի մասին բարձրաձայնողներին, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) վերջին զեկույցը արձանագրել է, որ Հայաստանում այն ավելի շատ խոչընդոտում է, քան խրախուսում ազդարարումը։
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ազդարարման համակարգի մասին» օրենքում լրացումներ և փոոփոխություններ կատարելու մասին» և ««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր: Հեղինակների պնդմամբ՝ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ազդարարման համակարգի գործունեության արդյունավետությամբ, կատարելագործմամբ և ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմամբ:
Փոփոխության հիմնավորման մեջ նշվում է, որ ազդարարման ինստիտուտի իրավական կարգավորումներում առկա են բացթողումներ, որոնք խոչընդոտում են օրենքի արդյունավետ կիրառումը: Մասնավորապես՝ 2025թ. հուլիսի 7-ից 9-ը Փարիզում տեղի ունեցած ՏՀԶԿ-ի հակակոռուպցիոն ցանցի լիագումար նիստում ընդունվել է ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի 5-րդ փուլի գնահատման շրջանակներում առաջընթացի զեկույցը։
Արձանագրվել է, որ գործող օրենսդրությունը ազդարարից պահանջում է ոչ միայն բարեխղճորեն հավատալ հաղորդվող տեղեկությանը, այլև նախապես ստուգել դրա ճշգրտությունը։ Սա ավելորդ բեռ է և չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Նախագծով հստակեցվում է ազդարարի պաշտպանության հարցերով զբաղվող մարմինը, ինչպես նաև պաշտպանության միջոցները տրամադրող մարմինը։ Թեթևացվում է ազդարարի բարեխղճորեն գործելու պարտականությունը․ նրա վրայից հանվում է տրամադրվող տեղեկության նախնական ստուգման պարտականությունը։
Նախագծով սահմանվում է, որ ազդարարը գործում է բարեխղճորեն, եթե ազդարարելու պահին նա կոռուպցիոն բնույթի դեպքի, փողերի լվացման, ահաբեկչական գործունեության ֆինանսավորման, շահերի բախման, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, հայտարարագրման հետ կապված խախտման, հանրային շահին ուղղված այլ վնասի կամ դրա սպառնալիքի վերաբերյալ ունի կասկածի ողջամիտ հիմքեր և նրա համոզմամբ տեղեկությունը ճշմարտացի է: Իսկ ազդարարը գործում է անբարեխղճորեն, եթե բացակայում են նշված՝ բարեխղճորեն գործելու հատկանիշները, կամ ազդարարումը կատարվել է ապօրինի եղանակով, այդ թվում՝ հանցագործության կատարմամբ կամ մարդու սահմանադրական իրավունքների խախտմամբ ձեռք բերված տեղեկությունների հիման վրա, այլ անձի վնաս պատճառելու նպատակով հաղորդում է կեղծ տեղեկություններ։
Օրենքում դրդապատճառների վերաբերյալ դրույթները ևս կարող են սահմանափակել ազդարարների պաշտպանությունը, եթե հաղորդումն արվել է անձնական դրդապատճառներով։ Մինչդեռ եվրոպական փորձը ցույց է տալիս, որ պաշտպանությունը պետք է տրամադրվի անկախ դրդապատճառներից։
Բացի այդ, օրենքում բացակայում է վնասների փոխհատուցման և աշխատանքի վերականգնման հստակ ընթացակարգ, ինչը նվազեցնում է համակարգի արդյունավետությունը։
Ներքին հաղորդման ուղիները բոլոր պետական կառույցներում և պետական սեփականության կազմակերպություններում պետք է դառնան պարտադիր և հասանելի՝ ապահովելով գաղտնիության և անաչառության երաշխիքներ։
Ազդարարման համակարգման և վերահսկման գործում չկա անկախ մարմին, ինչը սահմանափակում է պրակտիկ արդյունավետությունը։ Անհրաժեշտ է ունենալ հատուկ լիազորություններով մարմին կամ բաժին, որը կզբաղվի բացառապես ազդարարների պաշտպանության հարցերով, ինչպես, օրինակ՝ Իռլանդիայում, Ֆրանսիայում, Լիտվայում:
ՏՀԶԿ նախնական գնահատմամբ Հայաստանում բացակայում է ազդարարների պաշտպանության համար պատասխանատու հատուկ մարմին կամ ստորաբաժանում, որն ունենա միայն այդ գործառույթին վերաբերող լիազորություններ։ Հետագա փուլում օրենքում կատարված փոփոխություններով որոշ ազդարարման հետ կապված գործառույթներ հանձնվել են Մարդու իրավունքների պաշտպանին, և նշանակվել է օգնական, որը վարում է հաղորդումների գրանցումն ու ուսումնասիրությունը։ Սակայն, քանի որ այդ պաշտոնյան չի իրականացնում բացառապես ազդարարների պաշտպանությանն առնչվող գործառույթներ և նման առանձնացված ստորաբաժանում գոյություն չունի, Հայաստանը դեռևս չի համապատասխանում գնահատման ցուցանիշի պահանջներին։
Գործող օրենքով չկա հստակ պարտավորություն՝ պետական մարմինների և պետական մասնակցությամբ կազմակերպությունների կողմից ներքին ազդարարման ուղիների և ընթացակարգերի ստեղծման վերաբերյալ։ Ըստ նախագծի հեղինակների՝ փոփոխություններով այս բացը վերացվում է․ սահմանվում է պարտադիր պահանջ՝ յուրաքանչյուր իրավասու մարմնի կողմից ներքին ազդարարման ալիքների և ընթացակարգերի ձևավորման, համապատասխան պատասխանատու անձի նշանակման և տեղեկատվության հրապարակման վերաբերյալ՝ ապահովելով հաղորդումների գաղտնիությունը և ազդարարների արդյունավետ պաշտպանությունը։
Նախագծերով առաջարկվում է ներքին ազդարարման իրավասու մարմինների շրջանակի ընդլայնում՝ ներառելով նաև 250 և ավելի աշխատակից ունեցող մասնավոր ոլորտի կազմակերպությունները։
«Ազդարարում» հասկացության մեջ ընդգրկվում են նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված հնարավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները։
Նախատեսվում է արտաքին ազդարարման հաղորդումներ ընդունելու մեկ մարմին։ Արտաքին ազդարարումը իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով։ Իսկ ներքին ազդարարման իրավասու մարմինները պարտավորվում են ստեղծել ներքին ազդարարման ուղիներ և ընթացակարգեր՝ ապահովելով ազդարարի գաղտնիության պահպանումը և հաղորդումների պատշաճ, օբյեկտիվ քննությունը։ Ներքին ազդարարումն այլևս չի իրականացվելու անմիջական վերադասին։
Ազդարարման համակարգը կդառնա պաշտպանիչ մեխանիզմ, թե կշարունակի գործել որպես ձևական պարտավորություն միջազգային կառույցների առաջ՝ դժվար է ասել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել