Դատաստանի ենթարկվող լրագրողը և հայերը Թուրքիայում․ ի՞նչ կարող ենք անել
2025 թվականի դեկտեմբերի 3-ին սկսվեց թուրքական Bianet լրատվական կայքի աշխատակից Թուղչե Յըլմազի դատավարությունը և նույն օրն իսկ հետաձգվեց հինգ ամսով․ նրան մեղադրում են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ թուրք ազգին և պետությանը վիրավորելու մեջ։ Մեղադրանքը բխում է այն հարցազրույցից, որը լրագրողը մոտ մեկուկես տարի առաջ վերցրել է Ստամբուլի բնակիչ երկու հայ երիտասարդներից: Հարցազրույցում քննարկվել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրներ։
Յըլմազը ենթարկվում է քրեական հետապնդման մի հրապարակման համար, որը պարզապես արտացոլում էր Թուրքիայի հայ երիտասարդների ապրումները՝ այդ երկրում հայ լինելու մասին։ Նրա դեմ հարուցված դատական գործը մեկ լրագրողի դեմ պատահական հետապնդում չէ, այլ մտածված ու ռազմավարական քայլ Թուրքիայում մամուլի ազատության և փոքրամասնությունների իրավունքների դեմ, ինչպես նաև հերթական դրվագը՝ Հայոց ցեղասպանության մասին խոսող ձայները լռեցնելու պետական ահաբեկչական քաղաքականության։
Բոլորն էլ գիտեն, որ այս երևույթը նոր չէ․ դեռ մեկ տարի առաջ Թուրքիայի լրատվամիջոցները վերահսկող մարմինը (RTÜK) վերջնականապես լիցենզիայից զրկեց 30-ամյա Açık Radyo անկախ ռադիոկայանին, որը նույն տարվա ապրիլին փակվել էր, քանի որ հարցազրույցի ընթացքում հյուրերից մեկն օգտագործել էր «Հայոց ցեղասպանություն» բառերը։
Յըլմազի դեպքի նախապատմությունը հետևյալն է․ 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Bianet կայքում հրապարակվեց Թուղչե Յըլմազի «Հայ երիտասարդները խոսում են. 109-ամյա սուգ» վերնագրով հոդվածը։ Հոդվածի նպատակը Թուրքիայում երիտասարդ հայ լինելու ժամանակակից փորձառությանը անդրադառնալն էր՝ տալով ձայն այն սերնդին, որի պատմությունները հաճախ մնում են չլսված։ Հոդվածը ներկայացնում էր երկու 27-ամյա երիտասարդների՝ Արենի և Զեփյուռի վկայությունները, որոնք պետությունն անմիջապես որակեց որպես հանցավոր բովանդակություն։
Արենը պատմում էր, թե ինչպես էր մանկության տարիներին ստիպված եղել թաքցնել իր հայկական ինքնությունը, օրինակ՝ երբ մայրը խնդրում էր իրեն հանրային վայրերում դիմել «աննե» (թուրքերեն՝ մայր)՝ «մամա» ասելու փոխարեն։ Նա նկարագրում էր իր սարսափելի փորձառությունը զինվորական ծառայության ընթացքում՝ հատկապես հիշելով ապրիլի 24-ի մասին իր հրամանատարի հետ ունեցած դիմակայումը և վերջինիս սարսռեցնող խոսքերը․ «Մենք ոչ ոքի չենք սպանել, եթե սպանած լինեինք, դու այստեղ չէիր լինի»։
Զեփյուռն իր հերթին ներկայացնում էր իր ընտանիքի պատմական ժառանգությունը՝ կապելով այն 1915-ի Մուսա լեռան դիմադրության, ինչպես նաև 1938-ին Դերսիմից հայերի և ալևիների բռնագաղթի ու սպանությունների հետևանքով փոխանցված միջսերնդային հոգեբանական տրավմայի հետ։
Այս հուզիչ վկայություններին հարթակ տրամադրելով՝ Յըլմազը կատարում էր լրագրողական իր հիմնական պարտականությունը՝ տեղեկատվական ծառայություն, որը թուրքական պետությունը շտապեց անմիջապես քրեականացնել։
Յըլմազի լրագրողական աշխատանքը վերածվեց քրեական գործի՝ պետության կողմից կիրառվող դասական մեթոդաբանությամբ։ Իրադարձությունների հաջորդականությունը պետական հովանավորությամբ իրականացվող ահաբեկման դասագրքային օրինակ է։
Այսպես՝ քննությունը սկսվեց Թուրքիայի նախագահի հաղորդակցման կենտրոն (CİMER) ներկայացված անանուն բողոքի հիման վրա, որում պնդում էր արվում, թե հոդվածը «հանրային ատելություն և թշնամանք է հրահրում», և որ Bianet-ը զբաղվում է «ահաբեկչության գովերգմամբ»։ Այնուհետև լրագրողին ձերբակալեցին․ հունիսի 3-ին Յըլմազը կալանավորվեց սովորական փաստաթղթային ստուգման ժամանակ, երբ դեմքի ճանաչման էլեկտրոնային համակարգը նրան նույնականացրեց որպես «հանցագործի»։ Նա մեկ գիշեր պահվեց կալանքի տակ՝ առանց պատճառը իմանալու․ սկզբում նրան տարան սխալ դատարան, և միայն ճիշտ դատարան տանելու ճանապարհին նա տեղեկացավ իր դեմ հարուցված գործի մասին։ Նրան պաշտոնապես մեղադրեցին ՔՕ 301-րդ հոդվածով՝ «թուրք ազգին և Թուրքիայի Հանրապետությունը վիրավորելու» համար։ Այնուհետև նրան ազատ արձակեցին՝ թողնելով հետապնդման տակ։
Դեկտեմբերի 3-ի նիստը հետաձգվեց դատախազության պահանջով։ Հաջորդ նիստը նշանակված է 2026 թվականի ապրիլի 21-ին։ Այս երկարաձգումը պատահական չէ․ այն ինքնին պատժիչ մեխանիզմ է՝ դատական ոտնձգության դասական տակտիկա, որի նպատակը լրագրողական աշխատանքով զբաղվողներին հոգեբանորեն և ֆինանսապես հյուծելն է։
Յըլմազն իր ցուցմունքում հստակ պաշտպանեց իր կատարած աշխատանքը․ «Իմ ռեպորտաժը որևէ կապ չունի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հետ։ Իմ մասնագիտական պարտականությունների կատարումն իմ սահմանադրական իրավունքներից է։ Ես այս նյութը պատրաստել եմ այդ իրավունքների շրջանակում։ Հոդվածը բաղկացած է բացառապես այն մարդկանց խոսքերից, որոնց հետ ես հարցազրույց եմ արել։ Ես թուրք ազգին կամ Թուրքիայի Հանրապետությանը վիրավորելու որևէ մտադրություն չեմ ունեցել։ Ես մերժում եմ մեղադրանքները»։ Նա նաև զգուշացրեց, որ իր դատապարտումը «սարսափեցնող ուղերձ կլինի մամուլին»։ Այդ ուղերձը երկակի է․ նախ՝ փոքրամասնությունների, հատկապես Հայոց պատմությանը վերաբերող թեմաները մնում են «կարմիր գիծ», երկրորդ՝ նույնիսկ Հայաստանի հետ ենթադրյալ դիվանագիտական մերձեցման այս փուլում պատմական երկխոսությունը ճնշելու պետական քաղաքականությունը մնում է անփոփոխ։
Դատական այս գործը, որը հարուցվել է Հայոց ցեղասպանության թեմային վերաբերող հարցազրույցի առիթով, ուղղակիորեն առնչվում է Թուրքիայում ցեղասպանությունից փրկվածների ժառանգների փորձառությանն ու ապրումներին։ Յըլմազի դատավարությունը, փաստորեն, հաստատում և արտացոլում է այն մարտահրավերներն ու վախերը, որոնց մասին խոսել էին հենց նրա զրուցակից հայ երիտասարդները։
Հայերը և ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Թուրքիայում մեծանում են՝ մշտապես զգալով պատմության ճնշումը և սեփական ինքնությունը թաքցնելու պարտադրանքը։ Արենն ասում էր, որ Թուրքիայում հայ երիտասարդ լինելը պահանջում է «կյանք փրկող տակտիկաներ»՝ անունը թաքցնելը, անհրաժեշտության դեպքում լեզու փոխելը, «զգոն լինելը»՝ իրավիճակին համապատասխան դերեր փոխելով։ Նա հիշեցնում էր 2011-ին զինվորական ծառայության ընթացքում հայազգի Սևակ Բալըքչիի սպանությունը, որն իրենց մեծ վախ ներշնչեց, և պատմում էր, թե ինչպես ստիպված էր թաքցնել իր ինքնությունը, հատկապես ապրիլ ամսին՝ Ցեղասպանության հիշատակի օրվա մոտենալուն հետ։
Արենն ու Զեփյուռն ընդգծում էին, որ իրենց համար ապրիլի 24-ը «անհանգստության ու մտահոգության օր» է, որը ներկայանում է որպես «անվերջ սուգ», որը շարունակվում է արդեն 109 տարի։ Թեև նրանք ասում էին, որ դեռ կարողանում են ասել՝ «մենք դեռ այստեղ ենք մեր մարմնով, ինքնությամբ, լեզվով ու մշակույթով», այդուհանդերձ, հավելում էին, որ «մեր վիշտը հավաքաբար ապրելը և արդարության պահանջը բարձրաձայնելը դեռ արգելված է»։ Յըլմազի դատավարությունը այսպիսով ուղղակիորեն հարվածում է սուգը և արդարության պահանջը արտահայտելու իրավունքին․ հայերի համար սեփական ցավը բարձրաձայնելը Թուրքիայում շարունակում է մնալ վտանգավոր գործողություն։
Մյուս կողմից՝ դատավարության ընթացքում Յըլմազն իր գործը համեմատեց Հրանտ Դինքի դատական գործի հետ։ Դինքը նույնպես դատապարտվել էր 301 հոդվածով և սպանվել էր իր գրասենյակի առջև, իբր ազգայնական դրդապատճառներով, սակայն հետագայում բազմաթիվ փաստեր ցույց տվեցին, որ սպանության հետևում կարող է լինել թուրքական անվտանգության համակարգը։ Սա էլ ավելի է խորացնում Թուրքիայի հայերի վախերը, որ իրենց համայնքի դեմ հալածանքին վերջ չկա։ Երբ լրագրողին դատում են «Հայոց ցեղասպանություն» եզրը օգտագործելու համար, դա ցեղասպանության զոհերի ժառանգներին ուղարկված կրկնվող ու հստակ ազդանշան է, որ իրենց ճշմարտությունն այդ երկրում դեռ քրեականացված է։
Յըլմազի դատավարությունը Թուրքիայի հայերի համար կարող է լինել ոչ միայն մամուլի ազատության հարց, այլև իրենց ինքնության, անվտանգության և սուգի մասին խոսելու իրավունքի պայքարի արտացոլում։ Թուրքիայից դուրս ապրող հայերը կարող են կարևոր դեր ունենալ՝ միջազգային ուշադրություն հրավիրելով այս գործի վրա, բարձրացնելով իրենց ձայնը սոցիալական ցանցերում, դիվանագիտական ճնշման ու հանրային իրազեկման միջոցով։
2026 թվականի ապրիլի 21-ին Թուղչե Յըլմազը կրկին կանգնելու է դատարանի առջև։ Կարո՞ղ ենք մենք կանգնել նրա, Արենի և Զեփյուռի կողքին։ Դեռ ժամանակ կա մտածելու, ծրագրելու և գործելու՝ մեկ դատավարությունից էլ անդին։
Վարդան Թաշճեան
Բեյրութ, Լիբանան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել