Թրամփը հետ է կանչելու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին և այլ բարձրաստիճան դիվանագետների 30 երկրից
Թրամփի վարչակազմը հետ է կանչելու 30 ԱՄՆ դեսպանների և այլ բարձրաստիճան դիվանագետների։
Նրանց թվում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, որը նշանակվել էր այս պաշտոնին 2023 թվականին։
Թվով ամենաշատ ԱՄՆ դեսպաններ փոխվելու են Աֆրիկայի 13 երկրներում։ Դեսպանների փոփոխություններ են սպասվում Ասիայի 6 երկրներում, իսկ Եվրոպայում և Միջին Արևելքում փոփոխվելու են Հայաստանում, Սլովակիայում, Մոնտենեգրոյում, Մակեդոնիայում, Եգիպտոսում, Ալժիրում ԱՄՆ դեսպանները։
Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակ։
Ըստ Politico-ի` Թրամփի վարչակազմը չի վստահում Պետդեպարտամենտի բարձրաստիճան դիվանագետներին, որոնք նշանակվել են դեմոկրատների օրոք։ Նրանցից շատերին Պետդեպում համարում են «լիբերալիզմի բաստիոն»։ Թրամփի վարչակազմն արդեն իսկ հազարավոր աշխատակիցների է հեռացրել, և սա փոփոխությունների ալիքի շարունակությունն է։
Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ փոփոխությունը «ցանկացած վարչակազմի ստանդարտ գործընթաց է», և որ ԱՄՆ դեսպանը «նախագահի անձնական ներկայացուցիչն է, և նախագահի իրավունքն է այդ երկրներում ունենալ անհատներ, որոնք առաջ են մղում ««Առաջինը՝ Ամերիկան» օրակարգը»:
Սակայն, ըստ Politico-ի աղբյուրների, նման կտրուկ փոփոխությունը դժվար է համարել ստանդարտ գործընթաց, Թրամփը ցանկանում է դեսպանների պաշտոնում ունենալ միայն իրեն հավատարիմ մարդկանց։
ԱՄՆ օրենսդիրներից ոմանք իրենց մտահոգությունն են հայտնել այս որոշման առնչությամբ։
«Մենք ունենք դեսպանի մոտ 80 թափուր պաշտոն…. այնուամենայնիվ, նախագահ Թրամփը ԱՄՆ-ի առաջատար դիրքը զիջում է Չինաստանին և Ռուսաստանին՝ հեռացնելով որակյալ կարիերային դեսպաններին, որոնք հավատարմորեն ծառայում են՝ անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին»,- նշել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ, Նյու Հեմփշիր նահանգից սենատոր Ջին Շահինը։
Տեսանյութեր
Լուսանկարներ.jpg)
Մեկնաբանել