HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրիայի նորանշանակ դեսպանը՝ նախագահականում

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտը (նստավայրը՝ Վիեննա):

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կրաուտին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ այդ հաջողությունները դեսպանի պաշտոնավարման ավարտին արդեն տեսանելի կլինեն հայ-ավստրիական հարաբերություններում զգալի առաջընթացի արձանագրմամբ:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են ՀՀ նախագահի հրավերով ս.թ. հունիսին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած պաշտոնական այցը և դրա շրջանակներում ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունները՝ ուղղված մեծ ներուժ ունեցող հայ-ավստրիական քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-ավստրիական միջպետական հարաբերությունների 20-ամյա պատմության ընթացքում դա Ավստրիայի նախագահի առաջին պաշտոնական այցն էր Հայաստան, որը նոր որակ հաղորդեց երկկողմ համագործակցության օրակարգին:

Նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը նաև բազմակողմ ձևաչափով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի շրջանակներում:

Տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու տեսանկյունից զրուցակիցները կարևորել են Ավստրիայի զարգացման գործակալության կողմից Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանում ծրագրեր իրականացնելու նպատակադրումը: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter