HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Տրանսպորտում չվճարողների նկատմամբ վերահսկողությունը կխստացվի․ քաղաքապետարանը 24 նոր մասնագետ է ավելացնում

Հասարակական կարգի պահպանման նպատակով Երևանի ավագանու՝ դեկտեմբերի 23-ի որոշմամբ Երևանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների քանակը կավելացվի 24-ով։ 

Առաջին կարգի մասնագետները այդ թվում հսկողություն կիրականացնեն ներհամայնքային տրանսպորտում։

Ըստ հիմնավորման՝ մեծաթիվ քանակով վարչական իրավախախտման փաստերի կապակցությամբ արձանագրություններ չեն կազմվում, քանի որ մարդկային ռեսուրսը չի բավարարում, և ծառայության աշխատակիցները արձանագրության կազմմանը տրամադրում են աշխատանքային օրվա մեծ մասը:

Հասարակական կարգի պահպանման նպատակով 24 մասնագետ ավելացնելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծախսը կավելանա 80 մլն 294 հազար 400 դրամով։ 

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալյանը ավագանու նիստում հայտնեց, որ տրանսպորտից օգտվողների շուրջ 80%-ը վճարում է և ունի արդարացի դժգոհություն այն 20%-ի նկատմամբ, որոնք չեն վճարում։

«Որպես քաղաքային իշխանություն պարտավոր ենք մարդկանց պահանջին ականջալուր լինել»,- ասաց նա՝ հայտնելով, որ չվճարողների մեծ մաս են կազմում օտարերկրացիները և դպրոցականները։

Ըստ քաղաքապետարանի տվյալների՝ 2025 թվականի օգոստոսի 19-ից սկսած վարչական պատասխանատվության է ենթարկվել 1329 անձ:

Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները հսկողություն են իրականացնում նաև ոչ սահմանված տեղերում առևտրի իրականացման ոլորտում։

Քաղաքապետարանի տվյալներով՝ 2024 թվականի ընթացքում առգրավվել է ավելի քան 10 տոննա տարբեր ապրանքատեսականի, իսկ 2025 թվականի ընթացքում՝ մոտ 75 տոննա։ Առանձին դեպքերում առգրավման գործընթաց հնարավոր չի եղել կազմակերպել՝ հաշվի առնելով, որ առգրավման գործընթացի անմիջապես կազմակերպելուց հետո նույն հատվածում նույն օրը կրկին կազմակերպվում է կամ առևտրային գործունեություն կամ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ծառայության մատուցում: 

Գլխավոր լուսանկարը՝ էկրանապատկեր Երևանի քաղաքապետարանի տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter