HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Վերջին Գոդոն»՝ Գյումրու Մտորումների թատրոնի բեմում

Հատված Մ. Վիշնիեկի «Վերջին Գոդոն» պիեսից

ԳՈԴՈ (գլուխը ԲԵԿԿԵՏԻ ուսին հենած)- Ի՞նչ ենք մենք հիմա անելու։ Ամեն ինչ վերջացավ...Մայթը...Առնետների պես սատկելու ենք...

ԲԵԿԿԵՏ- Վերջ տուր, չենք սատկի։

ԳՈԴՈ (լացակումած)- Ես չեմ կարողանա առանց թատրոնի ապրել...Այստեղ երկար չեմ դիմանա...Ամեն երեկո դահլիճում հանդիսատեսի հետ էի...ես ապրում էի անասունի պես, տառապում, բայց ապրում էի, ապրում էի ամեն ինչի, ամեն բառի մեջ...Ինչպե՞ս  կարողացան այդ ամենը վերացնել, մարդկանց փողոց շպրտել։ Ինչի՞ եմ նմանվելու ես հիմա»։

Բեմի կիսախավարում, փողոցի մթությունը ճեղքող փոքրիկ լամպի ցոլանքի ներքո ծավալվող դրամատիզմի մասնակիցները երկուսն են՝ դրամատուրգը և նրա ստեղծած կերպարը: Նրանց փողոց են շպրտել թատրոնի ետնամուտքից: Մարդիկ այլևս չեն գալիս ներկայացում դիտելու, դերասանները հրաժարվում են խաղալ երկու հանդիսատեսի համար, թատրոնը մեռնում է, դրամատուրգը գլխիկոր է․ սա վերջն է: Բայց պարզվում է՝ փողոցում հայտնվելուց ավելի վատ բան էլ կարող է պատահել: Քո ծնած, երևակայության ծալքերում փայփայած կերպարը միս ու արյուն ստացած կառչել է կոկորդիցդ՝ իրեն բեմում ապրելու իրավունքից զրկելու համար: Իսկ մի՞թե այդպես լինում է: Այո՛, եթե դուք աբսուրդի աշխարհում ծնված պատմության «մասնակիցն» եք: Աբսուրդը փիլիսոփայական հասկացություն է, որը ծնում է կոնֆլիկտ մարդու՝ իրական արժեքների և կյանքի իմաստը գտնելու անկարողության միջև: Էքզիստենցիալիստները (Սարտր, Կամյու, Հայդեգեր) պնդում էին, որ մարդն ինքն է իր գոյության իմաստը ստեղծում՝ ազատ կամքի ու գիտակցված ընտրությունների միջոցով։ 

«Մենք հիմա ապրում ենք այնպիսի աբսուրդային իրականությունում, որտեղ մարդկանց արժեհամակարգերը լրիվ շուռ են տված, երբ առավել կարևորվում է ձևը, բայց ոչ՝ բովանդակությունը,-ասում է ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու «Մտորումների թատրոնի» հիմնադիր Հովհաննես Հովհաննիսյանը,-երբ մեռցնում են մշակույթը, թատրոններ են փակում, արվեստը ջլատում՝ փորձելով հնազանդեցնել, և դա այն դեպքում, երբ միայն ազատ արվեստն է ունակ ապրելու և ապրեցնելու: Այսինքն, մեր իսկ ծնած «Գոդոյին» խեղդում ենք տողատակերում՝ առանց ընդվզման իրավունքի:  Ռումինացի դրամատուրգ Մատեի Վիշնիեկի ֆրանսիալեզու պիեսում՝ «Վերջին Գոդոյում», որ արված է Բեկկետի ստեղծագործության մոտիվներով, մեր իրականությունն ամբողջովին արտացոլված է: Գալու է մի օր, և սերունդները հաշիվ են պահանջելու մեր չարածի, դանդաղկոտության, ժամանակ սպանելու համար»:

«Մատեի Վիշնիեկ. Բազմաձայն թատերական հույսվածք» ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 7-րդ թողարկման շրջանակում նոյեմբերի 4-ին Գյումրու «Մտորումների թատրոնը» ներկայացել էր ռումինացի գրողի «Վերջին Գոդոն» ներկայացման առաջնախաղով: Բեմադրության ռեժիսոր՝ Հովհ. Հովհաննիսյան, Բեկկետ՝ Դավիթ Մարդոյան, Գոդո՝ Մերուժան Սաֆարյան:

«ԳՈԴՈ- Ես Գոդոն եմ։ Դա քեզ ինչ-որ բան ասո՞ւմ է։ Դու քեզ հաշիվ տալի՞ս ես։   Քո վերջը եկել է։ Վերջիվերջո դու քեզ պետք է հաշիվ տաս, զգաս, որ վերջդ եկել է։

ԲԵԿԿԵՏ- Դու գիժ ես, իզուր չէ, որ թատրոնից դուրս են շպրտել։ 

ԳՈԴՈ-Գի՞ժ, ե՞ս, ուրեմն՝ ե՞ս։ Գիժը դո՛ւ ես։ Իզուր տեղն ինձ գժի տեղ մի դիր։ Ես գիժ չեմ։ Գիժը նա է, ով գրել է։ Դա ի՞նչ գրելու ձև է։ Ինչո՞ւ շուրջդ չես նայում, որ իմանաս՝ ինչպես են գրում։ Մի՞թե կարելի է գրել այնպիսի  մեկի մասին, ով բեմում չի հայտնվում։ Հուդա՛։

ԲԵԿԿԵՏ- Դու իրավունք չունես ինձ  Հուդա կոչելու։ Դու ինձնից հաշիվ պահանջելու իրավասություն չունես։

ԳՈԴՈ- Ե՞ս քեզնից հաշիվ պահանջելու իրավասություն չունեմ։ Համբերիր մի քիչ։ Ես միակն եմ, որ քեզնից հաշիվ պահանջելու իրավասություն ունի։ Քեզ ինչի՞ տեղ ես դրել։ Շեքսպիրի՛ն նայիր։ Նրա բոլոր կերպարները հայտնվում են բեմում։ Նույնիսկ՝ ուրվականները։ Այն, ինչ գրված է թղթի վրա, երևում է բեմում։ Իսկ դո՞ւ։ Քեզ թվում է, թե այդ ամբողջ ժամանակը հե՞շտ է եղել ինձ համար։ Ըստ էության, ես ո՞վ եմ։ Դու ինչպե՞ս  ես կարողացել այդպիսի խաղ խաղալ իմ գլխին։ Միայն մեկ վայրկյանը բավական կլիներ: Նույնիսկ կես վայրկյանը: Օրինակի համար ես կարող էի ասել՝ ՈՉ: Ներկայացման վերջում պարզապես հայտնվել ու բեմառաջում կանգնելով ասել՝ ՈՉ: Ի՞նչ կպատահեր, եթե ես ՈՉ ասած լինեի։ Հավատացնում եմ քեզ, որ ոչինչ էլ չէր պատահի: Իրավացի  չե՞մ, ոչինչ էլ չէր պատահի։

ԲԵԿԿԵՏ-Ո՛չ։

ԳՈԴՈ-Բավական է, իսկապես բավական է, ես  հոգնել, ձանձրացել եմ։ Ո՞նց կարելի է անընդհատ նույն ձևով շարունակել։ Միևնույն ժամանակ լինել ու չլինել։ Հասկանո՞ւմ ես, հենց դա՛ եմ ուզում քեզ հարցնել։ Հնարավո՞ր է միաժամանակ լինել ու չլինել»։

Ռումինացի դրամատուրգ, մասնագիտությամբ լրագրող Մատեի Վիշնիեկին «Վերջին Գոդոն» պիեսը գրել է 1987թ-ին՝ ազդված իռլանդացի գրող, աբսուրդի թատրոնի համահիմնադիր Սամուել Բեկկետի «Գոդոյին սպասելիս» պիեսից: Վիշնիեկը սեփական երկրում չհասկացված արվեստագետ է, ում գրկաբաց է ընդունել Ֆրանսիան՝ աբսուրդի ծննդավայրը: Թերևս սրանով է բացատրվում դրամատուրգի ֆրանսերենով ստեղծագործելու հանգամանքը: 

«Հայաստանում ֆրանկոֆոն թատերական հանդիպումներ» նախագծի շրջանակում, որին հրավիրվել էր նաև Մատեի Վիշնիեկը, ներկայացվել էին դրամատուրգի մի քանի գործեր՝ հայերեն թարգմանությամբ: Հովհաննես Հովհաննիսյանն ասում է, որ շատ դժվար է եղել խաղալ հեղինակի ներկայությամբ, անգամ մի փոքր վախ են ունեցել: 

«Անընդհատ մտածում ես՝ ինչ գնահատական կտա, ինչ կասի, ինչպես կվերաբերվի կատարած փոփոխություններին: Մենք փորձել էինք ներկայացման շեշտերը տեղափոխել մեզ առավել մտահոգող խնդիրների վրա,-նկատում է Հովհ. Հովհաննիսյանը,-և պատկերացրեք, հեղինակը գոհ մնաց, նա ասաց. «Ես ուզեցի նորից ապրել»: Կարծում եմ՝ մեծ գնահատական էր մեր արած աշխատանքին»: Հ. Հովհաննսիյանի համոզմամբ, հայ հանդիսատեսը չի սիրում աբսուրդի ժանրի ներկայացումներ: Ազգը, որ ավելի հաճույքով գոյատևում է աբսուրդային իրականության մեջ, մերժում է աբսուրդի թատրոնը: 

«Հայ հանդիսատեսը էմոցիոնալ հանդիսատես է, իրեն պետք են լուծումներ հիմա ու այստեղ՝ ավարտուն վերջաբանով, ինքը չի սիրում գնալ գաղափարի հետևից, ինչ ինֆորմացիա եկավ բեմից, կվերցնի․ կամ կընդունի, կամ օտար կմնա: Անհաղորդության զգացումն է, որ ռեժիսորներից շատերին ստիպում է զերծ մնալ աբսուրդի ժանրին անդրադառնալուն,-շարունակում է ռեժիսորը,-մեր թատրոններից այս ժանրին հաճախակի անդրադարձել է «Գոյ» թատրոնը, գալիս է նայելու հիմնականում պատրաստված, ինտելեկտուալ հանդիսատեսը: Դու պիտի ծանոթ լինես Բեկկետի «Գոդոյին սպասելիս» պիեսին, որ ընկալես Վիշնիեկի «Վերջին Գոդոն»:  

Պիեսի դրվագները, երկխոսությունները, որոնք թվում են ծիծաղելի կամ տարօրինակ, ներկայացնում են գոյության անորոշությունն ու մարդու վիճակը, ով փնտրում է իմաստ և նպատակ։ Այս առումով ստեղծագործությունը համարվում է «էքզիստենցիալիզմի» օրինակ, որտեղ մարդիկ կործանման, անիրականության ու անտեղիության զգացում են ապրում։ «Ես հոգնել եմ, հոգնել տողերի արանքում ռեպլիկ լինելուց»,- հուսահատ ճչում է Գոդոն՝ պահանջելով իր տեղն արևի տակ:

«Գոդոն համամարդկային մի միթոս է՝ ասք, հորինվածք, որը միշտ արդիական է»: (Մատիե Վիշնիեկ)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter