Ձերբակալվել է ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը
«Հետքի» տեղեկություններով այսօր` վաղ առավոտյան, ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանը։ Հակակառուպցիոն կոմիտեից հաստատում են, որ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել, սակայն անունը և այլ մանրամասներ չեն հայտնում։
«ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է ևս մեկ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,-ասում է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Վախթանգ Միրումյանը ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք՝ 2025թ. օգոստոսի 7-ի երեկոյան Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել էր Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հարությունյանը ձերբակալվել էր «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը առնչվող քրեական վարույթի շրջանակում։
2018թ. մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ կոռուպցիոն, տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է հանցավոր սխեմա, որի միջոցով ՀՀ-ում գործող խոշոր ընկերությունը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: Ընդ որում, ընկերության ձևավորման և գործունեության կազմակերպման հետ անմիջական առնչություն են ունեցել ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել