Եկեղեցուն հողամասերը տրամադրել ոչ թե սեփականության, այլ՝ անհատույց օգտագործման իրավունքով. նախագիծ
Կառավարության 2025թ․ դեկտեմբերի 25-ի տարեվերջյան նիստի օրակարգում ներառված է «Հողային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին նախագիծ։ Առաջարկվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն համապատասխան հողամասերը սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն դրանք տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով:
Մասնավորապես՝ օրենքի փոփոխության նախագիծը մշակել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 1․2 մասը։ Իսկ նշված կարգավորմամբ՝ պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար:
Ըստ հիմնավորման՝ օրենքի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համապատասխան հողամասերը Եկեղեցուն սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն տրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով:
Նշենք, որ «Հողային օրենսգրքում» պահպանվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն առանց մրցույթի, անհատույց (մշտական) պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերի տրամադրման կարգավորումը։
Ֆինանսների նախարարություն, ուսումնասիրելով նախագիծը, առաջարկել է նախագծում ամրագրել անցումային դրույթներ՝ մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների նկատմամբ առաջարկվող փոփոխության կիրառումը բացառելու վերաբերյալ: Պատճառն այն է, որ Սահմանադրությամբ արգելված է անձանց իրավական վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ ուժ տալը։
Նախագծի հեղինակները կարծում են, որ Ֆինանսների նախարարության գրությամբ բարձրացված հարցը արդեն իսկ կարգավորված է Սահմանադրությամբ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով և դրա վերաբերյալ լրացուցիչ նշում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Արդարադատության նախարարությունն էլ, անդրադառնալով նախագծին կից ներկայացված հիմնավորմանը, նշել է, թե դրանից հնարավոր չէ լիարժեք ձևով գնահատել նախագծի ընդունման նպատակահարմարությունը, քանի որ բացակայում են ընթացիկ իրավիճակի, խնդիրների, կարգավորման նպատակի և ակնկալվող արդյունքի համապատասխան վերլուծությունները, ինչն էական նշանակություն և կարևորություն ունի ներկայացված նախագծերի հիմնավորվածությունը լիարժեք ձևով գնահատելու համար: Հետևաբար նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման կարիք։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել