HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2018 թվականի հոկտեմբերի 21-ից Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դիանա Գասպարյանը, իր հետ փոխկապակցված անձանց օժանդակությամբ, իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև նշված անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում:

«Մասնավորապես՝ համայնքի ղեկավարը Էջմիածին քաղաքի Վ.Տերյան փողոց 971/8 հասցեում գտնվող, 0.9 հա մակերեսով համայնքապատկան հողամասն իրենն ու ընտանիքինը դարձնելու դիտավորությամբ որոշել է ձևական աճուրդի միջոցով օտարել այն, որից հետո համայնքի ղեկավարի ամուսնու հոր՝ Ա. Մ.-ի հանձնարարությամբ և նրա ֆինանսավորմամբ, վերջինիս հետ փոխկապակցված անձը ձևականորեն մասնակցել և 2022 թվականի օգոստոսի 8-ին կայացած աճուրդում հաղթող է ճանաչվել որպես միակ մասնակից:

Արդյունքում՝ 189.200.000 դրամ շուկայական արժեք ունեցող գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով ավելի քան երեքուկես անգամ պակաս գնով՝ 51.975.000 դրամով, օտարվել է վերը նշված անձին՝ փաստացի դառնալով համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների սեփականությունը:

Դրանից հետո, կրկին Ա. Մ.-ի հանձնարարությամբ և Դ. Գ.-ի իմացությամբ, 2022 թվականի հոկտեմբերի 21-ին վերջիններիս հետ փոխկապակցված նույն անձը դիմում է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետարան՝ խնդրելով ընդլայնման նպատակով օտարել սեփականության իրավունքով իբրև իրեն պատկանող 0․9 հա հողամասին կից գտնվող համայնքային նշանակության հողամասը, որից հետո համայնքի ղեկավարը, խախտելով օրենքի և Կառավարության համապատասխան որոշումների պահանջները, աճուրդի միջոցով վաճառքի ենթակա, 54․200․000 դրամ շուկայական արժեք ունեցող համայնքապատկան գույքն ուղղակի վաճառքով, առանց ավագանու որոշման, շուրջ տասն անգամ պակաս գնով՝ 5.509.350 դրամով օտարել է նույն անձին:

Այնուհետև, հանցավոր ճանապարհով ձեռք բերված 0.9 հա և 0.1908 հա մակերեսով հողամասերի ծագման աղբյուրն ու պատկանելությունը թաքցնելու նպատակով, համայնքի ղեկավար Դ. Գ.-ի որոշմամբ դրանք միավորվել և որպես մեկ միավոր անշարժ գույք գրանցվել են վերը նշված անձի անվամբ: Դրանից հետո նշված գույքը Դ. Գ.-ի ամուսնու օժանդակությամբ ձևական առուվաճառքի պայմանագրերով վաճառվել է նրանց հետ փոխկապակցված այլ անձանց, իսկ 2023 թվականի հունիսի 14-ին կնքված ևս մեկ ձևական առուվաճառքի պայմանագրով 63.500.000 դրամով վաճառել է Դ. Գ.-ի ամուսնու մորը, ով այն ներդրել է իր կողմից հիմնադրված ընկերությունում:

Հետագայում նրա դիմումի հիման վրա՝  համայնքի ղեկավար Դ. Գ.-ի որոշմամբ,  նշված գույքի մի մասի գործառնական նշանակությունը հասարակականից փոփոխվել է բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, որից հետո համայնքապետի մեկ այլ որոշմամբ այն բաժանվել է տարբեր հասցեների, և տրամադրվել է բնակելի տների կառուցապատման թույլտվություն:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2րդ և 3-րդ կետերով և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Նրան օժանդակելու և փողերի լվացման համար մեղադրանքներ են ներկայացվել նաև համայնքապետի հետ փոխկապակցված անձանց, այդ թվում՝ ամուսնուն և վերջինիս հորը:

Նախկին համայնքապետի ամուսնուն մեղադրանք է ներկայացվել նաև առանձնապես խոշոր չափերի գույքը չհայտարարագրելու համար (4 դրվագ):

Դ. Գ.-ի և նրա հետ փոխկապակցված 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter