Ուկրաինան հրապարակել է խաղաղության պլանի 20 կետերը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ շփման ժամանակ ներկայացրել է խաղաղության պլանի 20 կետերը, որոնք վերջին շաբաթներին քննարկում են Ուկրաինան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ «РБК Украина»-ն և «Суспiльне»-ն, հղում անելով իրենց լրագրողներին, գրում են, որ նախագահ Զելենսկին այդ պլանն անվանել է «պատերազմի ավարտի մասին հիմնարար փաստաթուղթ»։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը ռուսական կողմից ակնկալում է քննարկվող կետերին արձագանք, որից հետո «մենք կհասկանանք մեր հաջորդ քայլերը և այս կամ այն որոշումների համար հնարավոր ժամկետները»:
«Եթե մենք խոսում ենք կոնկրետ այս 20 կետերի մասին, որոնք այսօր կան, ապա սա շրջանակային փաստաթուղթ է, որն անցել է զգալի էվոլյուցիայի միջով. սա այն փաստաթուղթն է, որը նախկինում ուներ 28 կետ։ <...> Արդյունքում, այսօր կա այս փաստաթուղթը, որն այսպիսի տեսք ունի։ Սա փաստաթղթի սևագիր տարբերակ է (Զելենսկին կիրառել է դրաֆթ բառը՝ խմբ.): Սա դեռևս կողմերի կողմից համաձայնեցված փաստաթուղթ չէ, բայց դրանում արդեն ձևավորվել է որոշակի տրամաբանություն, թե ինչպես է առաջարկվում ավարտել պատերազմը»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինական լրատվամիջոցները ներկայացրել են նաև խաղաղության պլանի կետերը.
- Ուկրաինայի ինքնիշխանության հաստատում։
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նախատեսվում է կնքել չհարձակման վերաբերյալ անվերապահ համաձայնագիր։ Կստեղծվի շփման գծի մոնիթորինգի մեխանիզմ։
- Ուկրաինան կստանա անվտանգության ամուր երաշխիքներ։
- Խաղաղ պայմաններում Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը կկազմի շուրջ 800 հազար զինծառայող։
- ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և Եվրոպան Ուկրաինային կտրամադրեն անվտանգության երաշխիքներ՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման։ Եթե ՌԴ-ն ներխուժի Ուկրաինայի տարածք, ապա կկիրառվի ռազմական պատասխան ու կվերականգնվեն պատժամիջոցները։ Եթե Ուկրաինան ներխուժի Ռուսաստանի տարածք կամ առանց սադրանքի առկայության կրակ բացի Ռուսաստանի տարածքի ուղղությամբ, անվտանգության այդ երաշխիքները կչեղարկվեն։ Եթե Ռուսաստանը կրակ բացի Ուկրաինայի տարածքի ուղղությամբ, անվտանգության երաշխիքները կմտնեն ուժի մեջ։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ այս կետի պարագայում նախկինում քննարկվում էր նաև անվտանգության երաշխիքների դիմաց ԱՄՆ-ին փոխհատուցման մասին հարցը, սակայն ներկայումս այդ կետը հանված է։ Սույն համաձայնագրով չեն բացառվում երկկողմ անվտանգության երաշխիքները։ «Խոսքը վերաբերում է 30 երկրների հետ մեր երկկողմ համաձայնագրերի հնարավորություններին։ Մենք ցանկանում ենք, որ այդ հնարավորությունները պահպանվեն մեզ համար։ Դրանք «ցանկացողների կոալիցիայի» երկրներն են՝ շուրջ 30 երկիր։ Դա և Եվրոպան է, և Կանադան, և Ճապոնիան, որոնք պատրաստ են անվտանգության ապահովման հարցում այս կամ այն ձևով մեզ հետ լինել»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
- Ռուսաստանը Եվրոպայի և Ուկրաինայի նկատմամբ չհարձակման քաղաքականությունը կամրագրի անհրաժեշտ բոլոր օրենքներում և փաստաթղթերում՝ ներառյալ Պետդուման կվավերացնի դա։
- Ուկրաինան որոշակի ժամանակահատվածում կդառնա ԵՄ անդամ և կստանա դեպի եվրոպական շուկա արտոնյալ կարճաժամկետ մուտք։ Զելենսկին հավելել է, որ Եվրամիությանն անդամակցությունը Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մի մասն է, և Կիևը ցանկանում է ամրագրել անդամակցության կոնկրետ ամսաթիվը։
- Ուկրաինայի համար կձևավորվի գլոբալ զարգացման խոշոր փաթեթ, որը կսահմանվի ներդրումների վերաբերյալ առանձին համաձայնագրով։ Դրանով, մասնավորապես, կստեղծվի ներդրումների համար զարգացման հիմնադրամ, կներառի գազային ենթակառուցվածքների զարգացում, տարածքների վերականգնում, օգտակար հանածոների և բնական պաշարների արդյունահանում։
- Կստեղծվեն մի քանի հիմնադրամներ, որոնք կզբաղվեն ուկրաինական տնտեսության վերականգնման, տուժած շրջանների ու տարածաշրջանների վերակառուցման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման հարցերով։ Այդ նպատակով կներգրավվի 800 միլիարդ ԱՄՆ դոլար։
- Այս համաձայնագրի կնքումից հետո Ուկրաինան կարագացնի ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործընթացը։ Վաշինգտոնը ցանկանում է ազատ առևտրի համաձայնագիր կնքել և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի հետ։
- Ուկրաինան հաստատում է, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին համապատասխան կշարունակի մնալ ոչ միջուկային պետություն։
- Զապորոժիեի ատոմակայան։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այս հարցում դեռևս չկա փոխհամաձայնություն։ Վաշինգտոնի առաջարկն այն է, որ ատոմակայանը շահագործվի Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համատեղ մասնակցությամբ։ ԱՄՆ-ն առաջարկում է վերահսկողությունը բաժանել հավասարաչափ, սակայն ամերիկացիները կլինեն համատեղ ձեռնարկության գլխավոր կառավարիչը։ Ուկրաինան այլ բան է առաջարկում։ Զապորոժիեի ԱԷԿ-ը կլինի ԱՄՆ-ի և Ուկրաինայի համատեղ ձեռնարկություն՝ 50/50 սկզբունքով։ Այդ դեպքում արտադրվող էլեկտրաէներգիայի 50%-ը կստանա Ուկրաինան, իսկ մնացած 50%-ը կբաշխվի ԱՄՆ-ի կողմից։
- Ուկրաինան և ՌԴ-ն պարտավորվում են դպրոցներում և հասարակության լայն շրջանների համար ներդնել կրթական ծրագրեր, որոնք կնպաստեն տարբեր մշակույթների ըմբռնմանը և դրանց նկատմամբ հանդուրժողականությանը, ինչպես նաև ռասիզմի և նախապաշարմունքների վերացմանը։ Ուկրաինան կներդնի ԵՄ կանոնները՝ կրոնական հանդուրժողականության և փոքրամասնությունների լեզուների պաշտպանության ոլորտում։
- Տարածքներ։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ սա ամենաբարդ կետն է։ Նրա խոսքով՝ ենթադրվում էր, որ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում զորքերի փաստացի տեղակայման վայրերը տվյալ համաձայնագրի կնքման օրը կդառնան դե-ֆակտո ճանաչված շփման գիծ։ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար ՌԴ-ն պետք է դուրս բերի իր զորքերը Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից։ Ինչպես պարզաբանել է Վլադիմիր Զելենսկին, Մոսկվան ցանկանում է, որ Ուկրաինան դուրս գա Դոնեցկի մարզից, իսկ ԱՄՆ-ն առաջարկում է փոխզիջում՝ ազատ տնտեսական գոտու ձևով։ Եթե «մնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» սկզբունքի շուրջ համաձայնություն չլինի, ապա ազատ տնտեսական գոտին կարող է իրականանալ միայն հանրաքվեի միջոցով։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն աջակցում է հանրաքվեի գաղափարին, սակայն քվեարկության պետք է դրվի ամբողջ փաստաթուղթը, ոչ թե առանձին հարց։ Նա հավելել է, որ հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ է առնվազն 60 օր, և այդ ընթացքում Ուկրաինային պետք է 60 օրով իրական հրադադար։
- Ապագա տարածքային պայմանավորվածությունների համաձայնեցումից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան պարտավորվում են ուժի կիրառմամբ չփոփոխել այդ պայմանավորվածությունները։
- Ռուսաստանը չի խոչընդոտի, որ Ուկրաինան Դնեպր գետը և Սև ծովը օգտագործի առևտրային նպատակներով։ Կկնքվեն առանձին ծովային և մուտքի վերաբերյալ համաձայնագրեր, որոնք կներառեն նավագնացության և փոխադրումների ազատության մասին դրույթներ։ Այդ համաձայնագրի շրջանակներում Կինբուրնի թերակղզին կապառազմականացվի։
- Բաց մնացած հարցերի լուծման համար կստեղծվի հումանիտար կոմիտե։ Կկատարվի ռազմագերիների փոխանակում՝ բոլորը բոլորի դիմաց, կվերադարձվեն քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաները և քաղբանտարկյալները, ինչպես նաև կլուծվեն հակամարտության զոհերի խնդիրները։
- Համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինան պարտավոր է հնարավորինս շուտ անցկացնել ընտրություններ։ Խոսքն առաջին հերթին նախագահական ընտրությունների մասին է։
- Սույն համաձայնագիրը կունենա պարտադիր իրավական ուժ։ Դրա պահպանումը և կատարումը կվերահսկվի Խաղաղության խորհրդի կողմից, որը կնախագահի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը։ Խախտումների համար կնախատեսվեն պատժամիջոցներ։
- Այն բանից հետո, երբ բոլոր կողմերն իրենց համաձայնությունը հայտնեն այս համաձայնագրին, լիակատար հրադադարն անմիջապես կմտնի ուժի մեջ։
Նախատեսվում է նաև, որ Ուկրաինան այս համաձայնագիրը կներկայացնի խորհրդարանի վավերացմանը և/կամ կանցկացնի համաուկրաինական հանրաքվե՝ այն հաստատելու համար։ Վլադիմիր Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան կարող է որոշել, որ ընտրությունները պետք է կայանան հանրաքվեի հետ միաժամանակ։ Ենթադրվում է, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ երկու կողմերն էլ կատարեն իրենց պարտավորությունները։ Անվտանգության երաշխիքները ուժի մեջ կմտնեն միայն համաձայնագրի ամբողջական վավերացման կամ հանրաքվեով դրա հաստատման դեպքում։
Զելենսկին նաև հավելել է, որ խաղաղության ծրագրից զատ քննարկվում է ևս երեք փաստաթուղթ․ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ եռակողմ փաստաթուղթը, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը և մինչև 2040 թվականը Ուկրաինայի վերականգնման և տնտեսական զարգացման ճանապարհային քարտեզը։
Կրեմլը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել Վլադիմիր Զելենսկիի հայտարարած այս պլանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Axios պարբերականը հրապարակել էր Ուկրաինայում պատերազմի դադարեցման Դոնալդ Թրամփի վարչակազմի պլանը։ Այն բաղկացած էր 28 կետից։ Մասնավորապես, այնտեղ նշվում էր, որ Ղրիմը, Լուգանսկը և Դոնեցկը փաստացի կճանաչվեն ռուսական, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից, իսկ Խերսոնի և Զապորոժիեի մարզերը կբաժանվեն գործող ռազմաճակատի գծով։ Ռուսաստանը պետք է հրաժարվի իր վերահսկողության տակ գտնվող գրավված մյուս տարածքներից, որոնք գտնվում են ուկրաինական նշված չորս մարզերից և Ղրիմից դուրս։ Ուկրաինան էլ իր հերթին պետք է զորքերը դուրս բերի Դոնեցկի մարզի այն հատվածից, որը ներկայումս գտնվում է Կիևի վերահսկողության տակ։ Ամերիկյան կողմի առաջարկով՝ այդ գոտին կդառնա բուֆերային ու կհամարվի ռուսական։
Սկզբնական տարբերակի համաձայն՝ Ուկրաինան Սահմանադրությամբ պետք է ամրագրեր, որ չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ, իսկ ՆԱՏՕ-ն պարտավորվում է ապագայում Ուկրաինային չընդունել դաշինքի կազմում։
Բացի այդ, խաղաղության ամերիկյան պլանում ասվում էր, որ ռուսական 100 միլիարդ դոլար սառեցված ակտիվները կներդրվեն Ուկրաինայի վերականգնման համար։ Փաստաթղթում նաև նշվում էր, որ հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը պատերազմի ընթացքում իրենց գործողությունների համար կստանան լիակատար համաներում։
Ավելի ուշ լրատվամիջոցներն ու պաշտոնատար անձինք հայտնեցին խաղաղության պլանում տարբեր փոփոխությունների մասին։ Մասնավորապես, ուկրաինական կողմի փոխանցմամբ, Կիևը պետք է պահպանի իր վերահսկողությունը երկրի արևելքում գտնվող այն տարածքների նկատմամբ, որոնք ներկայումս գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության ներքո։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի՝ 28 կետից բաղկացած խաղաղության պլանը կարող է դառնալ ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ կարգավորման հիմք։
Լուսանկարը՝ Danylo Antoniuk/Ukrinform/NurPhoto via Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել