HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

17 մլն ԱՄՆ դոլար. «Հայաստան» համահայկական հիմնադրամը ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքները

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամն ամփոփեց «Հայրենիք հավերժություն» դրամահավաք-արշավի արդյունքները։ Բանախոսները՝ ՀՀ նախագահի օգնական Արամայիս Ավետիսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ԺՊ Զարուհի Ազնաուրյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը խոսեցին արշավի թիրախային ծրագրի՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ռազմավարական նշանակությանը, արշավի նոր ձևաչափին և համազգային ներգրավվածությանը, հիմնադրամի ներկայիս գաղափարական շեշտադրումների և պետության հետ համագործակցության մասին։ Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Արշավի այս տարվա ոլորտային ուղղությունը ջրամատակարարումն է՝ Սպանդարյան ջրանցքի վերակառուցումը, որի արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերը կունենան ոռոգման ջուր։ Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքը սկիզբ է առնում 2280 մետր բարձրությունից։ 70% վթարված ջրամբարի վերակառուցման արդյունքում ոռոգման ջրից զրկված մի շարք բնակավայրեր կապահովվեն 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգմամբ, և 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու։ 

«Պետք է անկեղծորեն նշենք, որ 2020 թվականից հետո առաջացած նոր իրականության պայմաններում հիմնադրամը, ինչպես ոլորտի գրեթե բոլոր կազմակերպությունները, ստիպված էր իր գործունեության առանցքը տեղափոխել դեպի հումանիտար ուղղություն։ Վերջին տարիներին հիմնադրամի ռեսուրսների զգալի մասը ուղղված էր ճգնաժամային իրավիճակներում հայտնված մարդկանց աջակցությանը։ Դա անհրաժեշտ էր, բայց այդ ընթացքում հիմնադրամը ժամանակավորապես հեռացել էր իր դասական՝ երկարաժամկետ, ռազմավարական զարգացման ծրագրերից և գործել ավելի ռեակտիվ տրամաբանությամբ։

Այս տարվա դրամահավաք-արշավը մեզ համար հենց այդ պատճառով էր առանձնահատուկ և խորապես խորհրդանշական։ Վերջին շրջանում արձանագրված կայունացումը հնարավորություն 

տվեց հիմնադրամին աստիճանաբար վերադառնալ իր ավանդական առաքելությանը՝ ռազմավարական, կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրը դրա ամենավառ դրսևորումն է։» - իր խոսքում նշեց Արամայիս Ավետիսյանը։

Ծրագիրը կնպաստի նաև ջրային անվտանգության ապահովմանը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև տնտեսական կայունությանը և կլիմայական դիմակայունությանը։

Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը նշեց, որ այս տարվա դրամահավքում հավաքագրվեց ընդհանուր շուրջ 17,000,668.22 ԱՄՆ դոլար։ Հավաքագրված գումարը վերջին տարիների միջինացված արդյունքներից բարձր է մոտ 30%-ով, ինչը խոսում է Հիմանդրամի համահայկականության ու մեր առաքելության նկատմամբ վստահության դինամիկ աճի մասին։ Հատուկ ցանկանում եմ նշել, որ այս տարի ունեցել ենք Հայաստանի ներսում կազմակերպությունների և անհատների մասնակցության աճ մոտ 2 անգամ։

Հայաստանում դրամահավաք արշավը ուղղված էր Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը, ծրագրին իրենց ներուժով միացել են նաև Հիմնադրամի տեղական մարմիններից մի քանիսը։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի տեղական մարմինների կողմից հավաքագրված գումարների մի մասը ուղղված է կոնկրետ նպատակային ծրագրերի։

Արարատ Խլղաթյանը խոսեց Սպանդարյան ջրանցքի տեխնիկական հատվածի վերաբերյալ` «Ջրանցքը սկիզբ է առնում Ծղուկ գետի ակունքներից՝ 2280մ բարձրությունից: Այն կառուցվել է 1940-ականներին՝ ապահովելով ոռոգում Սիսիան խոշորացված համայնքի վեց բնակավայրերի համար՝ Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի։

Ջրանցքի սպասարկման տարածքը կազմում է շուրջ 2800 հա։ Ներկայումս ջրանցքը վթարային է՝ ունենալով մինչև 70% ջրային կորուստ, ինչը լուրջ մարտահրավեր է համայնքների ջրային անվտանգության, գյուղատնտեսության և սոցիալ-տնտեսական կայունության համար։

Սպանդարյանի ջրանցքի համար ջրաղբյուրներ են հիմնականում Ծղուկ գետը և Մոխրագետը։, 2022 թ․ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրեց ջրանցքի տեխնիկական գնահատում, որը շեշտեց վերակառուցման հրատապությունը։ Նախագծի նախնական գնահատմամբ ջրանցքը պայմանականորեն բաժանվել է 3 հատվածի՝ առաջինը շուրջ 10 կմ, երկրորդը՝ 8 կմ և երրորդ 12 կմ երկարություններով: Հաշվի առնելով ջրանցքի երկրորդ՝ միջին հատվածի առաջնահերթ նշանակությունը, քանի որ այն ապահովում է 2800 հա հողատարածքների զգալի մասի ոռոգումը, որոշվեց վերակառուցման աշխատանքները սկսել հենց այդ հատվածից նաև ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման նպատակով։» 

Այսպիսով` Հայաստանում ընդհանուր առմամբ այս պահի դրությամբ հավաքագրվել է 674,5մլն ՀՀ դրամ։ ԱՄՆ տեղական մարմնի կողմից 7,5 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից հավաքագրվել է 4,4 մլն ԱՄՆ դոլար, Տորոնտոյի տեղական մարմնի կողմից հավաքագրվել է 3 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Բրազիլիայի, Արգենտինայի և Ավստրալիայի տեղական մարմինները՝ ընդհանուր հավաքագրելով շուրջ  315000 ԱՄՆ դոլար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter