ՄԻԵԴ-ի պարտադիր որոշման չկատարման պայմաններում Ադրբեջանը դատապարտել է Կարեն Ավանեսյանին 16 տարվա ազատազրկման
Չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցին՝ Ադրբեջանի Հանրապետությունը չի կատարել դատարանի պարտադիր որոշումը, ինչի հետևանքով հայազգի Կարեն Ավանեսյանի գտնվելու վայրը, առողջական վիճակը և պահման պայմանները մինչ օրս մնում են անհայտ, իսկ վերջինս դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ առանց իր նկատմամբ իրականացված դատավարության ընթացքում արդար դատաքննության և այլ հիմնարար իրավունքների ապահովման վերաբերյալ որևէ արժանահավատ տեղեկատվության։ Այս մասին հայտնում են Արցախ միությունից։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կիրառված հրատապ միջոցի շրջանակում Ադրբեջանի կառավարությունը պարտավոր էր ապահովել Կարեն Ավանեսյանի ֆիզիկական և հոգեկան առողջության պաշտպանությունը, տրամադրել դատարանին և նրա ներկայացուցիչներին տեղեկություններ վերջինիս գտնվելու վայրի և առողջական վիճակի վերաբերյալ, ինչպես նաև ապահովել նրա անարգել կապը հարազատների և օրինական ներկայացուցիչների հետ։ Սակայն այդ պարտավորությունները մինչ օրս չեն կատարվել, ինչն էականորեն խոչընդոտում է ՄԻԵԴ-ում ընթացող վարույթների արդյունավետ իրականացմանը և լուրջ կասկածների տեղիք է տալիս վերջինիս կյանքի և անվտանգությանը սպառնացող ռիսկերի առկայության վերաբերյալ։
Կարեն Ավանեսյանի գործով իրավիճակը ծագել է այն բանից հետո, երբ 2025 թվականի սեպտեմբերի 14-ին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը, հայտնել են օկուպացված Ստեփանակերտ քաղաքում նրա ձերբակալության մասին։ Նշված աղբյուրների համաձայն՝ Ավանեսյանը ձերբակալվել է այն պահին, երբ իբր փորձել է զինված մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայրին, իսկ ձերբակալության ընթացքում ցուցաբերել է զինված դիմադրություն, ինչի արդյունքում պատասխան կրակի հետևանքով ստացել է հրազենային վնասվածք։ Նույն տեղեկատվությանը կից տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է հրազենային վիրավորում ստացած և արյունահոսած Կարեն Ավանեսյանը՝ գետնին ընկած վիճակում։
Հաշվի առնելով վերջինիս կյանքի և հիմնարար իրավունքների նկատմամբ անդառնալի վնասի իրական վտանգը՝ 2025 թվականի սեպտեմբերի 17-ին փաստաբաններ Արա Ղազարյանը և Անաստասիա Մակարյանը, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, Արցախ Միության և այլ համապատասխան անձանց լիազորագրի հիման վրա, դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ դրա կանոնակարգի 39-րդ հոդվածի հիմքով հրատապ կանխարգելիչ միջոց կիրառելու պահանջով։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ը հաղորդակցել է դիմումը Ադրբեջանի կառավարությանը՝ պարտավորեցնելով վերջինիս անհապաղ տրամադրել հայցվող տեղեկատվությունը։
Այնուհետև, 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ամբողջությամբ բավարարել է կանխարգելիչ միջոց կիրառելու վերաբերյալ դիմումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանի Հանրապետությանը ձեռնարկել կոնկրետ միջոցներ Կարեն Ավանեսյանի ֆիզիկական և հոգեկան առողջության ապահովման ուղղությամբ, այդ միջոցառումների վերաբերյալ պարբերաբար տեղեկություններ ներկայացնել դատարանին, ինչպես նաև ապահովել նրա կապը հարազատների և ներկայացուցիչների հետ։
Սակայն նշված որոշման ընդունումից ի վեր Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի հրատապ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը։ Ավելի քան երկու ամիսների ընթացքում Կարեն Ավանեսյանը որևէ կերպ կապ չի հաստատել իր ներկայացուցիչների ու հարազատների հետ, իսկ նրա առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ ներկայացված սահմանափակ տեղեկատվությունը արժանահավատություն չի ներշնչել։
Միևնույն ժամանակ, 2025 թվականի հոկտեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվել է Կարեն Ավանեսյանի գործով ամբողջական գանգատ, որի քննությունը ներկայումս շարունակվում է։
Չնայած վերոգրյալ հանգամանքներին և միջազգային դատարանի պարտադիր որոշման ակնհայտ չկատարմանը՝ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման։ Դատապարտման վերաբերյալ որևէ տեղեկատվություն նրա ներկայացուցիչներին կամ ՄԻԵԴ-ին չի տրամադրվել, ինչպես նաև բացակայում են տվյալներ նրա նկատմամբ հարուցված քրեական գործի, առաջադրված մեղադրանքների ծավալի և դատավարության ընթացքի մասին։
Ընդ որում, նշված դատավարության վերաբերյալ տեղեկությունները հասանելի են բացառապես ադրբեջանական մամուլում շրջանառվող սահմանափակ աղբյուրներից։ Դատավարության իրավական հիմքերի, գործի փաստական հանգամանքների, ինչպես նաև Կարեն Ավանեսյանի վարույթային իրավունքների և արդար դատաքննության իրավունքի երաշխիքների ապահովման վերաբերյալ որևէ արժանահավատ և ստուգելի տեղեկատվություն առկա չէ։ Այդ պայմաններում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված հրատապ կանխարգելիչ միջոցը շարունակում է մնալ չկատարված Ադրբեջանի իշխանությունների կողմից»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել