«Հայվեյզը» Հայաստան է տեղափոխում իր երկրորդ բեռնատար օդանավը
Հայկական «Հայվեյզ» բեռնափոխադրող ավիաընկերությունն այս պահին Երեւան է տեղափոխում իր երկրորդ բեռնատար ինքնաթիռը:
Boeing 737-400 տիպի ինքնաթիռն արտադրվել է 1993-ին ԱՄՆ-ում: Մինչեւ 2010 թ. գրանցված էր Լեհաստանում եւ շահագործվում էր տեղական LOT-ի ու վերջինիս դուստր ընկերության կողմից, սեփականատերն էլ եղել է իռլանդա-ամերիկյան GECAS-ը: 2010-ին ուղեւորատար օդանավը ձեւափոխվել է բեռնատարի՝ դառնալով Boeing 737-400BDSF (Bedek Special Freighter – ձեւափոխողը եղել է իսրայելական Bedek Aviation Group-ը): 2010-2025 թթ. ինքնաթիռը գրանցված էր Բելգիայում եւ շահագործվել է եվրոպական ու ամերիկյան բեռնափոխադրող ըկերությունների կարիքների համար:
2024-2025 թթ. օդանավը չի շահագործվել. այն կանգնած էր Մեծ Բրիտանիայի օդանավակայաններից մեկում: Այս տարվա սեպտեմբերի 1-ին բորտը գրանցվել է բրիտանական գահին ենթակա Գերնսի կղզու օդանավերի ռեգիստրում որպես 2-OTNN: Ըստ planespotters.net-ի՝ այս գրանցումով օդանավի սեփականատերը ամերիկյան լիզինգատու World Star Aviation-ն է, բայց Գերնսիի ռեգիստրի տվյալներով՝ ինքնաթիռի իրավատերն ամերիկյան V91A-734 LLC-ն է:
Այս տարվա հոկտեմբերից օդանավը գտնվում էր Ամմանում, որտեղ, ինչպես «Հետքին» փոխանցել է «Հայվեյզի» տնօրեն Օվսաննա Ստեփանյանը, անցնում էր C-check տիպի տեխսպասարկում:
Օգոստոսին գրել էինք, որ հայկական միակ բեռնափոխադրող ընկերությունը ծրագրում է նոր ինքնաթիռ ձեռք բերել եւ արդեն մտադրությունների հուշագիր (letter of intent) է ստորագրել: Ստեփանյանը նաեւ հայտնել էր, որ այն, ինչպես առաջին ինքնաթիռը, ձեռք են բերելու սեփականության իրավունքով, այսինքն՝ գնելու են եւ ոչ թե վարձակալելու սեփականատիրոջից: Այդպես էլ եղել է:
Այսպիսով՝ «Հայվեյզն» այսուհետ կունենա 2 հատ սեփական Boeing 737-400 տիպի բեռնատար: Հիշեցնենք, որ առաջին բորտը (ՀՀ գրանցումը՝ EK-HAY) ներկայում բեռնափոխադրումներ է իրականացնում Երեւան-Մոսկվա («Վնուկովո»)-Երեւան ուղղությամբ:
Ստեփանյանի տեղեկացմամբ՝ իրենք ցանկանում են դեկտեմբերի ընթացքում ավարտել երկրորդ բորտի գրանցման գործընթացը եւ անցնել շահագործման, քանի որ առաջիկայում EK-HAY-ը պետք է մեկնի C-check-ի՝ առժամանակ դուրս գալով շահագործումից: Ինչ վերաբերում է ուղղություններին, ապա նոր բորտը եւս թռիչքներ կկատարի դեպի Մոսկվա, բայց ավիաընկերությունը մտադիր է երկու օդանավի առկայությամբ թռչել ոչ միայն Ռուսաստան, այլեւ Մերձավոր Արեւելք: Օգոստոսին «Հայվեյզի» տնօրենը «Հետքին» հայտնել էր, որ ակտիվորեն աշխատում են թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ, ներառյալ՝ Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի երկրները՝ հաշվի առնելով օդային բեռնափոխադրումների շուկայում առկա պահանջարկը եւ ընկերության գործունեության զարգացման ռազմավարությունը:
Այս պահին 2-OTNN գրանցվումով ինքնաթիռը գտնվում է Թուրքիայի օդային տարածքում: Ինչպես տեղեկացել ենք Օվսաննա Ստեփանյանից, այն տեղափոխում են արտասահմանցի օդաչուները:
Լուսանկարում՝ Boeing 737-400BDSF-ը՝ Վիեննայում, բելգիական նախկին գրանցումով եւ ամերիկյան FedEx-ի կարիքների համար թռիչք կատարելիս, 08.08.2023, հեղ.՝ Գերհարդ Վալա, planespotters.net
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել