Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը որոշել է փակել եկեղեցին
Անցած կիրակի սկանդալ է գրանցվել Շվեյցարիայում: Ի պատասխան Ամենայն հայոց կաթողիկոսի որոշման, որով Ժնև է ուղարկել Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ.Մեսրոպ վարդապետ Պարսամյանին` ԱՄՆ Հայոց արևմտյան թեմի առաջնորդին պատվիրելով ուղեկցել և ներկայացնել նրան կիրակնօրյա ժողովի ժամանակ` Շվեյցարիայի Հայ առաքելական եկեղեցու խորհուրդը որոշել է փակել եկեղեցին:
Շվեյցարահայերը դեմ են իրենց ներկա հոգևոր հովվի` Տ.Աբել քահանա Մանուկյանի փոփոխությանը և Շվեյցարիայում թեմ հիմնելու Էջմիածնի որոշմանը:
Կիրակի Շվեյցարիայի առաքելական եկեղեցու խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ հայաստանյան ԶԼՄ-ներից է տեղեկացել տեղապահի գալուստի մասին: «Հակառակ, որ մեր կողմից հրավեր չի եղել, մենք հանդիպել ենք Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին և Հովնան արք. Տերտերյանին` փոխանցելու հետևյալ ուղերձը Շվեյցարիայի առաքելական եկեղեցու խորհրդի գլխավոր ասամբլեայի կողմից. մեր դիրքորոշումը չի փոխվել: Մենք պնդում ենք ասամբլեայի միաձայն որոշումը, որն ուղարկվել է Գարեգին Երկրորդին»,- նշել է խորհուրդը:
Մարտի 25-ի նամակում Ժնևի եկեղեցու խորհուրդն «անընդունելի, անթույլատրելի և անօրինական» էր հայտարարել Էջմիածնի որոշումը` հայտարարելով, թե թույլ չի տա ներկայիս հոգևոր հովիվ Աբել քահանա Մանուկյանին լքել հոգևոր հոտը:
«Մամուլում տեղ գտած (Էջմիածնի) հայտարարությունը հսկայական լարվածություն, հիասթափություն և բարկություն է առաջացրել համայնքում, ուստի որևէ միջադեպից խուսափելու և մեր համայնքի խաղաղությունը պահպանելու համար խորհուրդը որոշեց փակել եկեղեցին ապրիլի 10-ին»,- հայտարարել է խորհուրդը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել