Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրությունը
Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ 2026 թվականի հունվարի 1-ից, համաձայն «Զբոսաշրջության մասին» Վրաստանի օրենքի, Վրաստան մուտք գործող բոլոր զբոսաշրջիկների համար պարտադիր է դառնում առողջության և դժբախտ պատահարի ապահովագրության առկայությունը։
«Վրաստան մուտք գործող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պարտավոր է ներկայացնել ապահովագրության առկայության վերաբերյալ փաստաթուղթ՝ ֆիզիկական կամ էլեկտրոնային տարբերակով՝ կազմված վրացերեն կամ անգլերեն։ Ապահովագրական փաստաթուղթը կարող է տրամադրվել ինչպես վրացական, այնպես էլ միջազգային ապահովագրական ընկերությունների կողմից, և ապահովագրական գումարը պետք է կազմի նվազագույնը 30․000 լարի։ Ապահովագրական ծածկույթը պետք է պարունակի հետևյալը.
- Ապահովագրական պայմանագրի կողմեր
- Ծածկույթի տարածք
- Ապահովագրության առարկա
- Ապահովագրական ժամանակահատվածի մեկնարկի և ավարտի ժամկետներ
- Ապահովագրված ռիսկեր
- Ապահովագրական գումարի չափ
- Ապահովագրական վճարի չափ, վճարման վայր և ժամկետ։
Ապահովագրությունը պետք է գործի Վրաստան մուտք գործելուց մինչև մեկնումը՝ երկրում գտնվելու ողջ ժամանակահատվածի ընթացքում»,- ասված է դեսպանատան տարածած հայտարարությունում։
Լուսանկարը՝ Alex Shirmanov/Adobe Stock
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել