HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». տարածաշրջանային ջրբաժանի հստակեցման շեմին

Թեպետ ամառը քաղաքական առումով ակտիվ սեզոն չէ, սակայն հենց օգոստոսին Մոսկվա-Բաքու և Բաքու-Թեհրան փոխհարաբերություններում արձանագրվեցին որոշ դրսևորումներ, որոնք հիմք են տալիս պնդելու. Հարավային Կովկասում առաջիկա աշունը թեժ է լինելու տարածաշրջանում ազդեցություն ունեցող պետությունների միջև հարաբերությունների առումով:

Օգոստոսի կեսին, չնայած թեժ արձակուրդային սեզոնին, Բաքու ժամանեց ՌԴ փոխվարչապետ Դ. Ռոգոզինը, որը համակարգում է բանակի և ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված հարցերը: Ըստ ռուսական և ադրբեջանական ԶԼՄ-ների և փորձագետների՝ այցի նպատակը Բաքվի վրա ճնշում գործադրելն էր՝ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման հարցը լուծելու նպատակով: Մոսկվայի և Բաքվի միջև Գաբալայի կայանի վարձակալության ժամկետը լրանում է այս տարվա դեկտեմբերին, և Ադրբեջանը շարունակում է պնդել վարձավճարը 7 միլիոնից 300 մլն դոլարի հասցնելու իր պահանջը:

Ռուսական կողմը վարձակալության գնի այդպիսի բարձրացումը անընդունելի է համարում, մանավանդ որ Բաքուն տարվա սկզբին առաջարկում էր 15 միլիոն, այնուհետև՝ 150 միլիոն: Միաժամանակ, կայանի վարձակալման պայմանագրի երկարացման շուրջ սկզբունքային համաձայնության կողմերը պիտի հանգեին ամենաուշը այս տարվա հունիսին, և այդ ժամկետն արդեն բաց է թողնված:

Ինչևէ, Ռոգոզինի այցը ռուսական կողմի համար որևէ ցանկալի արդյունքի չհանգեցրեց: Ըստ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ա. Օրուջլուի՝ «Ռոգոզինի գործուղումը Բաքու անկասկած նպատակ ուներ ճնշում գործադրել Ադրբեջանի ղեկավարության վրա և նախազգուշացնել արևմտամետ արտաքին կուրսի հնարավոր հետևանքներից: Մանավանդ որ Ռոգոզինը կոշտ գործչի համարում ունի, և նրան սովորաբար ուղարկում են այնտեղ, ուր պետք է ձեռքը սեղանին խփել: Բայց Ադրբեջանը, չնայած Արևմուտքի քննադատությանը՝ մարդու իրավունքների խախտումների հետ կապված, որդեգրել է Վաշինգտոնի և Բրյուսելի հետ մերձեցման հետևողական կուրս: Թուրքիայի հետ ստորագրված գազային պայմանագրերը այդ քաղաքականության կարևոր բաղադրիչ են: Ադրբեջանն արդեն անցել է անշրջելի հանգրվանը, և եթե Մոսկվայից թեկուզ հինգ Ռոգոզին ժամանի, ոչինչ այլևս փոխել հնարավոր չէ»:

Հարկ է նշել, որ ռուսական ռազմական փորձագետների կարծիքով՝ Գաբալայի կայանի վարձակալումը Ռուսաստանի համար այլևս չունի ռազմական նշանակություն: Դա Ադրբեջանում ռուսական ներկայության պահպանման խնդիր է, իսկ Գաբալայի կայանի գործառույթները զուտ ռազմական իմաստով կարող է կատարել նաև Արմավիրում կառուցված նոր սերնդի մոդուլային ռադիոլոկացիոն կայանը: Բացի դրանից՝ ռուսների հեռանալու դեպքում (ինչը գրեթե կասկածից դուրս է) Գաբալայի կայանը կարող է ոչ թե ապամոնտաժվել, ինչպես պնդում են ադրբեջանական առանձին փորձագետներ, այլ վերածվել ՆԱՏՕ-ի հենակետի ընդդեմ Իրանի (ցանկության դեպքում՝ նաև Ռուսաստանի), որովհետև Ադրբեջանը բոլոր դեպքերում չունի կայանի գործունեությունը զուտ իր համար ապահովող անհրաժեշտ կադրեր:

Թեհրանից ըստ ամենայնի ուշի-ուշով էին հետևում Ռոգոզինի առաքելության ավարտին: Եվ երբ պարզ դարձավ, որ «միսիան» տապալվել է, մի քանի օր անց Բաքու ժամանեց Իրանի փոխարտգործնախարար Աբբազ Արաքչին: Ֆորմալ առումով այցի նպատակը Բաքու-Թեհրան հարաբերություններում վերջին ամիսների լարվածության լիցքաթափման համար օրակարգ մշակելն էր, ինչպես նաև Ադրբեջանի նախագահին Թեհրան հրավիրելը՝ Չմիավորման շարժման երկրների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու: Սակայն ռուսական ԶԼՄ-ների պնդմամբ՝ Արաքչիի այցի բուն նպատակը Բաքվից երաշխիքներ ստանալն էր, որ ռուսների հեռանալուց հետո Գաբալայի կայանում չեն հայտնվի ՆԱՏՕ-ի համապատասխան մասնագետները:

Եվ չնայած այն հանգամանքին, որ ինչպես Է.Մամեդյարովի, այնպես էլ նրա տեղակալ Խ.Խալաֆովի հետ հանդիպումների ժամանակ Արաքչիի կողմից ներկայացված առաջարկներին, ինչպես նաև հայտարարությանը, թե Իրանը կարևորում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և «հայկական ագրեսիայի հետևանքների վերացումը», առանձնակի դրական տեղաշարժ արձանագրել չի հաջողվել: Ադրբեջանական կողմը խուսափել է Գաբալայի հետ կապված որևէ պարզաբանում տալուց, դրա փոխարեն իրանական կողմից պահանջել հնարավորինս արագ ազատ արձակել Իրանում ձերբակալված երկու ադրբեջանցիների, որոնք որպես բանաստեղծներ մեկնել էին ինչ-որ գրական ֆորումի մասնակցելու, բայց, նույն Արաքչիի պնդմամբ, եղել էին ամենուրեք, միայն ոչ այնտեղ, ինչը իրանական կողմին հիմք էր տվել ձերբակալել նրանց լրտեսության կասկածանքով:

Ինչևէ, Արաքչիի առաքելությունը ևս ավարտվել է անարդյունք, և Ադրբեջանի նախագահն էլ չայցելեց Թեհրան, թեպետ Ադրբեջանը Չմիավորման շարժման անդամ է, իսկ Հայաստանը՝ միայն դիտորդ, բայց Ս.Սարգսյանը ընդունեց Իրանի նախագահի հրավերը: Ադրբեջանի ղեկավարի այդպիսի պահվածքը ոչ անհայտ Վ. Գուլուզադեն միանգամայն տրամաբանական է համարում՝ պնդելով թե. «Իրանը փորձում է Չմիավորման շարժումն օգտագործել Արևմուտքի և Իսրայելի հետ իր պայքարում, ինչպես ժամանակին վարվում էր ԽՍՀՄ-ը: Բայց Ադրբեջանը չպետք է մասնակցի իր ռազմավարական դաշնակիցների դեմ ուղղված միջոցառումներին»:

Ինչ կոնկրետ հետևությունների կհանգեն Մոսկվան ու Թեհրանը՝ իրենց «էմիսարների» Բաքու կատարած անհաջող այցերից, ցույց կտան առաջիկա զարգացումները: Բոլոր դեպքերում այդ հետևությունները Ադրբեջանին որևէ լավ բան չեն խոստանում: Մի բան ակնհայտ է. ռուսների հեռացումը Գաբալայից ավելի է մեծացնելու Մոսկվայի ճնշումը Հայաստանի վրա՝ Երևանին Եվրասիական ինտեգրացիոն նախագծի շրջանակներում ընդգրկելու համար: Որովհետև եթե մինչ այժմ Ռուսաստանը որոշակիորեն փորձում է հավասարակշռել իր հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև և շատ հաճախ դա պայմանավորում է հենց Գաբալայի կայանի կարևորությամբ՝ այն ներկայացնելով որպես յուրօրինակ «հակակշիռ» Հայաստանում տեղակայված ռուսական բազային, ապա այժմ այդ «հակակշիռը» դադարում է գոյություն ունենալուց:

Միաժամանակ Հայաստանը վերածվում է ռուսական այլևս միակ հենակետի տարածաշրջանում՝ նկատի ունենալով նաև ռուս-վրացական շատ բարդ հարաբերությունները: Ըստ այդմ՝ Մոսկվայի՝ Հայաստանը «Եվրասիական» ուղեծրի մեջ ընդգրկելուն ուղղված քայլերը կդառնան շատ ավելի ինտենսիվ և հետևողական: Դա իր հետ բերելու է որոշակի ռիսկեր, բայց Հայաստանի ղեկավարության համար բացելու է նաև նոր հնարավորություններ՝ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական լայնածավալ «համագործակցությունը», այսինքն՝ Մոսկվայի կողմից Բաքվին ռուսական զենքի վաճառքը վերջապես դադարեցնելու, իսկ հետագայում առհասարակ բացառելու համար: Եթե իհարկե Հայաստանի ղեկավարությունն ի վիճակի է այդպիսի պահանջ առաջադրել և հասնել Մոսկվայի կողմից դրա բավարարմանը:

Վահան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter