Լենա Խանոյան. «Բամբակե տիկնիկները փոխեցին ճակատագիրս»
Մատների նուրբ շարժումներից բամբակը ոլորվում, ձգվում ու բարակելով վերածվում է երկու ոտքերի՝ լրացնելով սպիտակ մարմնի պակասող հատվածները: Լենան վրձինը թաթախում է սոսնձի մեջ ու արագ շարժումով ևս մեկ բարակ շերտ է փաթաթում բամբակե մարդուկի ոտքերին՝ ստեղծելով կոշիկի պատրանք: Դեմքի ուրախ-խորամանակ արտահայտությունն ու ցցված ականջներն ինձ տանում են էլֆերի աշխարհ: Գույներ, հագուստ, գլխարկ, իհարկե այդ ամենն արվում է որոշակի ժամանակային ընդմիջումով, և ահա, Լենայի բաց ափի մեջից ինձ աչքով է անում զվարճալի մի մարդուկ:
-Ծաղրածու է,-հարցական հայացքիս պատասխանում է Լենան:
Ես չեմ հակադրվում: Մտածում եմ՝ ամեն մեկս մեր պատկերացումներով ենք առաջնորդվում տիկնիկների աշխարհում: Հայրիկ Կառլոն էլ՝ փայտը տաշելիս մտքով անգամ չէր անցկացնում, որ ծնվելու է արկածների սիրահար երկարաքիթ մի մարդուկ, որ հետո իրեն մեծ հաջողություն է բերելու:
41-ամյա Լենա Խանոյանի համար ներսում կուտակված ջերմությունն ու ասելիքը բամբակե մարդուկների օգնությամբ արտահայտելու միջոց է դարձել: Շինանյութերի խանութի մենեջերի ցերեկային աշխատանքի «սառնությանն» արդեն 4-րդ տարին է գալիս է փոխարինելու տիկնիկների երեկոյան հեքիաթը: Լենան ինքնուս տիկնիկագործ է: «Ես համապատասխան կրթություն չունեմ, այսինքն նկատի ունեմ՝ նկարչական կամ արվեստի այլ ճյուղի: Կարող էի երբևէ աշխատել մանկավարժության ոլորտում, եթե կրթությունս ամուսնության պատճառով չընդհատվեր, իսկ հետո էլ շարունակելու հնարավորություն ունենայի,-նկատում է Լենան,-մեկ տղա ունեմ 15 տարեկան, ում միայնակ եմ մեծացրել և ավելի շատ այդ ժամանակ պիտի մտածեի աշխատելու, քան թե ուսման մասին»: Սակայն որքան էլ, որ Լենան իրեն ինքնուս է համարում, ամեն դեպքում, տիկնիկների աշխարհ մուտք գործելն այնքան էլ պատահական ու հանպատրաստից չի եղել:
«Ես դեռ փոքր տարիքում տատիկիցս սովորել էի շյուղերով գործել, ինչն հետո ինձ շատ պետք եկավ հասուն տարիքում: Երբ պարզվեց, որ պիտի միայնակ մեծացնեմ տղայիս, չունեմ ամուսնու աջակցություն, հոգսն ամբողջությամբ ընկավ իմ ուսերին, ահա այդ ժամանակ էլ գործելու հմտություններս օգնեցին ինձ: Ես 15 տարի բլուզ ու գլխարկ եմ գործել-վաճառել, որ էն ունեցածս ոչ կայուն աշխատանքի հետ կարողանամ ինչ-որ եկամուտ ապահովել: Ես վատ չեմ զգում ասել, որ անգամ դաշտերում օրավարձով եմ աշխատել, խանութներում վաճառողի աշխատանք եմ փնտրել: Շյուղերով ու հելունով գործում էի, երբ պատվեր էի ունենում: Շատ լավ գիտեք, որ գործվածքից հագուստը սեզոնային է, այսինքն ստացվում էր՝ տարվա կեսն ունեի զբաղվածություն: Ես մտերիմ ընկերուհի ունեմ՝ Մարգարիտան, ինքն ինձ միշտ ասում էր՝ «սեղանդ մի հավաքի», այսինքն՝ պարապուրդի մի մատնվի, միշտ գործ արա, որ «գործը» գա»:
Իսկ թե ինչպես պիտի ընկերուհու ասած «գործը» գար, Լենան շատ վատ էր պատկերացնում: Ինչ որ տեղ օգնեց COVID-19-ը, որքան էլ զարմանալի հնչի: Զրուցակիցս պատմում է, որ հատկապես այդ ժամանակ, երբ փակված էին տներում և պարապությունը փորձության էր ենթարկում մարդկանց, որոշեց ուժերը փորձել տիկնիկագործության մեջ: Սկզբի համար, որպես հումք, ձեռքը վերցրեց թուղթը, սակայն այն ինչ փորձում էր ստանալ, անհոգի էր թվում: «Մի օր նստած էի ու ձեռքիս բամբակ կար, որ ուղղակի ափիս մեջ գլորում էի: Ստացվեց գունդ, որին նայում էի ու արդեն դեմք էի տեսնում՝ աչք, քիթ, բերան: Արագ զանգեցի ընկերուհուս, ասացի, որ գտել եմ էն նյութը, որն առավել հոգեհարազատ է ինձ ու ցանկանում եմ բամբակե տիկնիկներ պատրաստել: Նախ էկոլոգիապես անվտանգ են, հետո նյութը բնական է, իսկ հայտնի է, որ բնական նյութի միջոցով՝ կավ, բամբակ, բուրդ և այլն, ջերմությունն ավելի հեշտ է ապահովելը»,-բացատրում է Լենան՝ ընթացքում նախշեր դնելով տոնածառի խաղալիք ձիուկի վրա:
«Որոշ խաղալիքներ կաղապարային են, ինչպես այս ձիերը : Պահանջարկ կա, դրա համար եմ անում, բայց իհարկե ինձ համար ամենահրաշալի պահը բամբակի հետ շփումն է,-Լենան ժպտում է,-սկզբնական շրջանում շատ էի տանջվում, հատկապես դեմքերը չէին ստացվում, քանի որ նկարել չգիտեի: Եղբորս աղջիկը նկարչական դպրոց էր հաճախում, խնդրեցի օգնել, էսօր-էգուց էր անում, դասերը, զբաղվածությունը, ես էլ նեղվեցի, որոշեցի ինքս անել՝ մտածում էի, ոչինչ որ ինչ որ բան կփչացնեմ, էնքան կփորձեմ, մինչև ստացվի: Եվ հիմա ողջ գործը ես եմ անում: Տիկնիկի դեմքը նկարելիս արդեն գիտեմ ինչ հայացք պիտի ունենա, դա ամենակարևորն է: Բամբակից տիկնիկների առավելությունն էն է, որ չեն կոտրվում, հատուկ նյութով մշակում եմ՝ չեն փչանում, խնամելու դեպում՝ երկար կյանք ունեն»:
Շատ հաճախ հեքիաթների հերոսներ է պատրաստում, տարվա ընթացքում պարտադիր են թեմատիկ անդրադարձները՝ Նոր տարի, Սուրբ Զատիկ, մարտի 8 և այլն: Խոստովանում է, որ տոնավաճառների ժամանակ շատ դժվարությամբ է բաժանվում այն տիկնիկներից, որոնց առավել կապվածություն է ունեցել պատրաստման ընթացքում: «Իմ էմոցիոնալ լինելը կերպար ստեղծելիս շատ օգնում է, իսկ վաճառելիս՝ խանգարում,-զրուցակիցս ծիծաղում է,-շատ հաճախ թաքցնում եմ, կամ ցուցադրում եմ, բայց չեմ վաճառում: Մի կողմից ուզում եմ, որ վաճառվի, որ ես էլ կարողանամ հումք գնել, մյուս կողմից էլ հուզվում եմ էդ բաժանումից: Ես պահել եմ նաև իմ առաջին ստեղծած տիկնիկները, որոնք որոշակի թերություններ ունեն, սակայն իմ ամենասիրելիներն են, կարելի է ասել, իրենք են ինձ համար ուղի հարթել այս ոլորտում ու դրանցից բաժանվելը սխալ կլիներ: Բամբակե տիկնիկները փոխեցին ճակատագիրս»:
Լենան ծնվել, մեծացել է Ախուրյանում: Ասում է, բոլորը խոսում են գյումրեցի արհեստավորների և արվեստագետների մասին, բայց մյուս համայնքներում էլ են շնորհալի մարդիկ ապրում: «Հանրապետական տոնավաճառներ որ լինում են, գերակշռող մասնակիցները Շիրակի մարզից են,-հպարտորեն շեշտում է Լենան,-ես երջանիկ եմ, որ համալրում եմ իրենց շարքերն ու որպես բամբակով ստեղծագործող՝ միակն եմ: Իմ փորձով կարող եմ ասել, որ երևակայություն ունեցող ցանկացած մեկը կարող է ստեղծել՝ ցանկություն է պետք: Ու ինչքան շատ լինեն մեզ նման մարդիկ, այնքան աշխարհն ավելի բարի կդառնա»,-զրույցն եզրափակում է Լենան՝ մաղթելով, որ գալիք տարին մեր երկրին բերի կայունություն, իրեն էլ՝ խաղաղ ստեղծագործելու հնարավորություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել