Պարտապանի ելքի իրավունքը կարող է սահմանափակվել
Հայաստանում կարող է սահմանափակվել հետախուզվող պարտապանի՝ երկրից դուրս գալու իրավունքը, եթե դատական ակտը հնարավոր չէ կատարել առանց նրա անձնական մասնակցության: Այս նոր կարգավորումը սահմանված է «Կատարողական վարույթի մասին» օրենքով, որն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ 2026թ. հունվարի 1-ից։
«Կատարողական վարույթի մասին» օրենքն ընդունվել է 2024թ. ապրիլի 11-ին: Նոր կարգավորմամբ՝ հարկադիր կատարողն իր որոշմամբ սահմանափակում է հետախուզվող անձի ելքի իրավունքը երկրից, եթե դատարանը նման որոշում է կայացրել:
Ծառայության համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հարկադիր կատարողի դիմումի հիման վրա որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքը սահմանափակելու մասին: Նման որոշում կարող է կայացվել միայն ոչ դրամական պահանջ սահմանող կատարման ենթակա ակտի դեպքում: Այսինքն՝ ակտը հնարավոր չէ կատարել առանց հետախուզվող անձի անձնական մասնակցության, և նրան հայտնաբերելու ուղղությամբ հարկադիր կատարողի ձեռնարկած՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն։ Օրինակ, եթե քաղաքացին չի կատարել իր դրամական պարտավորությունները, ապա երկրից դուրս գալու նրա իրավունքը չի կարող սահմանափակվել, բայց եթե ծնողներից մեկը դատական ակտով պարտավորվել է ապահովել իր մոտ ապրող երեխայի տեսակցությունը մյուս ծնողի հետ, ապա այս դեպքում կարող է սահմանափակվել պարտապան ծնողի ելքի իրավունքը, քանի որ առանց ֆիզիկական ներկայության հնարավոր չէ ապահովել ծնողի ու երեխայի շփումը:
Դատարանը հարկադիր կատարողի դիմումը քննում և որոշում է կայացնում առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումին կից ներկայացված նյութերի հիման վրա: Որոշումը կայացնում է դիմումը ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել, բայց վերաքննիչ դատարանի դատական ակտով որոշման կատարումը չի կարող կասեցվել։
Հայաստանի Հանրապետության տարածքից հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակումը հարկադիր կատարողի որոշմամբ վերացվում է հետախուզումը դադարեցնելուց կամ ելքի իրավունքը սահմանափակելու մասին դատարանի որոշումը վերացվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում։ Նույն ժամկետում էլ հետախուզվող պարտապանի ելքի իրավունքի սահմանափակման և դրա վերացման մասին անհրաժեշտ տվյալները, Կառավարության սահմանած կարգով, մուտքագրվում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ:
«Կատարողական վարույթի մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը՝ որոշ բացառություններով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել