Տրանսֆորմատորների մատակարարման պայմանագրից ՀԷՑ-ի հրաժարումը դատարանը համարել է էներգետիկ անվտանգության սպառնալիք
Պետության էներգետիկ անվտանգությանը վերաբերող գործարքը «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ) միակողմանի լուծել է, սակայն դատարանն արձանագրել է՝ այն հակասում է թե՛ օրենքին, թե՛ հանրային շահին։ Մասնավորապես՝ տրանսֆորմատորների մատակարարման պայմանագրից հրաժարվելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ պետության համար, ինչն էլ դատարանի համար հիմք է հանդիսացել պայմանագիրը լուծելը ճանաչել անվավեր: Նման վճիռ կայացվել է «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ի հայցի հիման վրա:
«Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի պաշտոնական կայքում 2024թ. փետրվարին հրապարակվել է ընկերության կարիքների համար ուժային տրանսֆորմատորների մատակարարման բաց հարցման ծանուցում։ Հրավերի արդյունքների ամփոփմամբ հաղթող է ճանաչվել «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ն և ՀԷՑ-ի հետ 2024թ. մարտին կնքվել է տրանսֆորմատորների մատակարարման պայմանագիր: Մատակարարման ենթակա ապրանքը եղել է 2 հատ բարձր լարման ուժային տրանսֆորմատոր, ընդհանուր՝ 420 մլն դրամ արժեքով։
ՀԷՑ-ը պարտավորվել է վճարել ապրանքի գնի 50 տոկոսը որպես կանխավճար, սակայն 210 մլն դրամից վճարվել է միայն 100 մլն դրամը, իսկ մնացած մասն այդպես էլ չի վճարվել:
Պայմանագրի համաձայն՝ տրանսֆորմատորների մատակարարման սկզբնական ժամկետը սահմանվել է 2024թ. նոյեմբերի 1-ը: Սակայն, 2025թ. հունվարի 13-ին կողմերի միջև կնքվել պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին լրացուցիչ համաձայնագիրը, որով ապրանքի մատակարարման ժամկետ է սահմանվել 2025թ. սեպտեմբերի 1-ը։ Նույն տարվա օգոստոսի 8-ին գործարանը ծանուցել է ՀԷՑ-ին մատակարարման ժամկետը եռամսյա ժամկետով երկարաձգելու մասին: Պատճառն այն է, որ տրանսֆորմատորները նախագծվել են ուկրաինական «Զապորոժտրանսֆորմատոր» ընկերության կոնստրուկտորների մասնակցությամբ, իսկ նշված գործարանի ռմբակոծման հետևանքով մատակարարման ենթակա ապրանքների որոշ բաղադրիչների ներմուծման առնչությամբ առաջացել են դժվարություններ: Այդ պատճառով էլ «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ն ստիպված է եղել պատվիրել նշված դետալներն այլ անձանցից։
Սակայն ողջամիտ ժամկետում պատասխան չստանալով՝ «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ն 2025թ. սեպտեմբերի 30-ին, հիմք ընդունելով պայմանագրով սահմանված իրավակարգավորումը, ինչպես էլեկտրոնային եղանակով, այնպես էլ փոստով ծանուցել է ՀԷՑ-ին՝ պայմանագրի կետը միակողմանիորեն փոփոխելու մասին: Դրանից հետո ապրանքի մատակարարման ժամկետը փոփոխվել է 2025թ․ դեկտեմբերի 10-ը։ ՀԷՑ-ը, ստանալով փոփոխման ծանուցումը, հայտնել է, որ ապրանքի մատակարարման ժամկետները բազմիցս խախտելու հիմքով լուծում է պայմանագիրը։
Դրանից հետո էլ մատակարար ընկերությունը հայց է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պայմանագրի միակողմանի լուծումն անվավեր ճանաչելու պահանջով:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 2025թ. հուլիսի 18-ի որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Պայմանագիրը միակողմանի լուծելու որոշումը կայացվել է Ռ. Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակահատվածում:
ՀԷՑ-ը համաձայն չի եղել գործարանի դիրքորոշմանը: Հայտնել է, որ իրենք մատակարարված ապրանքի համար վճարելու պարտականություն կարող էին ձեռք բերել բացառապես ապրանքը ստանալուց հետո: Հետևաբար, քանի դեռ չեն մատակարարվել տրանսֆորմատորները, օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չի ունեցել մատակարարված ապրանքի համար վճարելու պարտականությունը: Ավելին, գործարանի կողմից ՀԷՑ-ին երբևէ չի ներկայացվել կանխավճարի հաշիվ, ինչով էլ պայմանավորված չի կարող խոսք գնալ կանխավճար չվճարելու կամ թերի վճարելու մասին: Ինչ վերաբերում է 100 մլն վճարելուն, ապա ըստ ՀԷՑ-ի՝ տվյալ վճարումը բացառապես գործընկերական հարաբերությունների տիրույթում կատարված վճարում է, որը չպետք է դիտարկել կանխավճար:
Բացի այդ, ՀԷՑ-ը հայտնել է, որ գործարանը չուներ որևէ իրավական հիմք միակողմանի փոփոխելու և երկարաձգելու պայմանագիրը, հետևաբար, խնդրել է ամբողջությամբ մերժել «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ի հայցադիմումը։
Դատարանը, նախագահութամբ դատավոր Սարգիս Երիցյանի, արձանագրել է, որ այն պայմաններում, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կազմակերպել է գնման գործընթաց, վերջինիս կարիքներից է բխել 2 հատ բարձր լարման ուժային տրանսֆորմատորների ձեռքբերումը: Այսինքն՝ հարցը վերաբերում է պետության էներգետիկ անվտանգության համակարգին, որը կենսական նշանակություն ունի պետության անվտանգության և հասարակության բնականոն կյանքի պայմանների ապահովման հարցում: Առանց կայուն էներգիայի հնարավոր չէ ապահովել ո՛չ լիարժեք անվտանգություն, ո՛չ էլ հասարակական կյանքի տարրական և անհրաժեշտ պայմանների ապահովում: Հետևաբար, նման պայմաններում առանց հաշվի առնելու և գերակշռելու պետության ու հասարակության շահը, կամայականորեն՝ թեկուզև որոշված ժամկետների սահմանանցմամբ բարձր լարման ուժային տրանսֆորմատորներից հրաժարվելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ պետական անվտանգության տեսանկյունից։
Բացի այդ, նոր գնման գործընթաց կազմակերպելը և այդ տրանսֆորմատորները ձեռք բերելը տևելու է շատ ավելի երկար, մինչդեռ հայցվոր ընկերությունը դատաքննությամբ հայտնել է, որ տրանսֆորմատորները պատրաստ են ՀԷՑ-ին հանձնման: Դատարանի գնահատմամբ՝ այս պայմաններում հնարավոր չէ վստահաբար պնդել, որ նոր գնման գործընթացը միանշանակ բարեհաջող ընթացք է ունենալու և անհրաժեշտ տրանսֆորմատորները ձեռք են բերվելու ցանկալի սեղմ ժամկետներում։ Ավելին, այդ դեպքում ևս հնարավոր չի լինելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատնանշած ներդրումային ծրագրով նախատեսված ժամկետում իրականացնել համապատասխան աշխատանքները։
«Նման պայմաններում, երբ առկա է եղել անհաղթահարելի ուժի առկայություն, դատարանն արձանագրում է, որ հայցադիմումում և հայցադիմումի պատասխանում վկայակոչված մյուս փաստարկներն էական նշանակություն ունենալ չեն կարող»,- նշված է վճռում:
Այնուամենայնիվ, դատարանը հարկ է համարել անդրադառնալ պայմանագրի այն կետին, որ գնորդն իրավունք ունի միակողմանի փոփոխել կամ միակողմանի հրաժարվել պայմանագրով սահմանված իր պարտականությունները կատարելուց, եթե բազմիցս խախտվել են ապրանքի մատակարարման ժամկետները: Մինչդեռ տվյալ դեպքում հնարավոր չէ աներկբա եզրահանգում կատարել, որ «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ի կողմից բազմիցս խախտվել են ապրանքի մատակարարման ժամկետները, քանի որ «բազմիցս» բառն, ըստ Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ի, նշանակում է «հաճախ, շատ անգամ», հետևաբար, տվյալ դեպքում հնարավոր չէ «բազմիցս» բառի հիման վրա հստակ գնահատել մատակարարի վարքագիծը և հաստատված համարել, որ վերջինս թույլ է տվել ստանձնած պարտավորության պարբերական խախտում։
Ավելին, ըստ դատարանի եզրահանգման՝ «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ի բարեխիղճ վարքագծի մասին է վկայում այն հանգամանքը, որ պայմանագրով նախատեսված՝ ապրանքի մատակարարման ժամկետը լրանալուց հետո ծանուցում է ուղարկվել ՀԷՑ-ին՝ կրկին վկայակոչելով անկանխատեսելի և անկանխելի հանգամանքներով պայմանավորված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության մասին: Մինչդեռ, պայմանագրի ժամկետը լրանալուց հետո շուրջ մեկ ամիս պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարմանն ուղղված որևէ գործողություն չի կատարվել ՀԷՑ-ի կողմից: Պայմանագիրը վերջինս լուծել է միայն «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ի ծանուցումից հետո։ Հետևաբար, գործարանին չէր կարող վերագրվել և պայմանագրի լուծման հիմք հանդիսանալ ապրանքի մատակարարման ժամկետների բազմիցս խախտման հիմքը։
Դատարանն այս համատեքստում հարկ է համարել արձանագրել, որ 420 մլն դրամից գործարանին վճարվել է միայն 100 մլն դրամը, և այդ պայմաններում գործարանը զերծ չի մնացել պայմանագրային պարտավորությունները կատարելուց, որը ևս վկայում է «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ի բարեխիղճ վարքագծի մասին։
«Դատարանը գտնում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից թիվ A-98/24 պայմանագրի լուծումը չի բխում գնումների և գնումների գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման սկզբունքներից, ուստի այն չի կարող համարվել իրավաչափ։ Հիմք ընդունելով վերոգրյալ պատճառաբանությունը՝ դատարանը գտնում է, որ «Տրանսֆորմատորների գործարան ամպեր» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ պայմանագրի միակողմանի լուծումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հիմնավոր է և ենթակա է բավարարման»,- նշված է վճռում:
Նշենք, որ դատարանը վճիռը կայացրել է 2025թ. դեկտեմբերի 22-ին: Այն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից և կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել