ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Վենեսուելայի դեմ ամերիկյան ռազմագործողությունը
ԱՄՆ իշխանությունները «Վենեսուելայի դեմ զինված ագրեսիայի գործողություն են իրականացրել»՝ գերեվարելով այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Սա առաջացնում է խորը մտահոգություն և դատապարտում։ Այդպիսի գործողությունները հիմնավորող նախադրյալներն անհիմն են: Գաղափարականացված հակակրանքը գերակշռում էր գործնական պրագմատիզմին, վստահության և կանխատեսելիության հարաբերություններ կառուցելու պատրաստակամությանը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Ռուս դիվանագետները կոչ են արել թույլ չտալ իրավիճակի հետագա սրում՝ նշելով, որ Լատինական Ամերիկան «պետք է մնա խաղաղության գոտի»:
«Հաստատում ենք մեր համերաշխությունը Վենեսուելայի ժողովրդի հետ, աջակցությունը նրա բոլիվարյան ղեկավարության կուրսին, որն ուղղված է երկրի ազգային շահերի և ինքնիշխանության պաշտպանությանը»,- հավելել է ռուսական կողմը։
Վենեսուելան Հարավային Ամերիկայում Ռուսաստանի հիմնական դաշնակիցն էր ու ավտորիտար կառավարման ձևով պետություն։ Ամերիկյան կողմը չէր ճանաչում Մադուրոյի իշխանությունը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱՄՆ-ն լայնածավալ գործողություն էր իրականացրել Վենեսուելայի տարածքում, ինչի հետևանքով ձերբակալվել է այդ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը, որոնք, ինչպես պնդում է ամերիկյան կողմը, տեղափոխվել են Միացյալ Նահանգներ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մադուրոն կկանգնի ամերիկյան արդարադատության առաջ։
Լուսանկարում՝ Նիկոլաս Մադուրոն և Վլադիմիր Պուտինը/Reuters գործակալություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել