«Ես իմ երկրի նախագահն եմ. ես անմեղ եմ». Նիկոլաս Մադուրոն կանգնել է ամերիկյան դատարանի առաջ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը կանգնել են Նյու Յորքի դատարանի առաջ։ Դատական առաջին նիստի ընթացքում Մադուրոյին ֆորմալ առումով ընթերցվել է մեղադրանքը, ու դատավորները համոզվել են, որ նրանք ունեն փաստաբաններ։ Դրանից հետո դատարանը հաստատել է ապացույցների և մինչդատական միջնորդությունների փոխանակման նախնական ժամանակացույցը։ Ինչպես գրում է Bloomberg գործակալությունը, դատական հիմնական գործընթացը, հավանաբար, կմեկնարկի միայն 2027 թվականին։
Դատարանում Մադուրոն և Ֆլորեսը հայտարարել են իրենց անմեղության մասին։ «Ես ոչնչում մեղավոր չեմ, ինչ այստեղ (մեղադրական եզրակացության մեջ՝ խմբ.) հիշատակված է։ Ես ազնիվ մարդ եմ։ Ես շարունակում եմ մնալ իմ երկրի նախագահը»,- հայտարարել է Մադուրոն։
Սիլիա Ֆլորեսը, ներկայանալով դատարանում, իրեն անվանել է Վենեսուելայի առաջին տիկին ու դարձյալ հայտարարել, որ չի ընդունում մեղադրանքը։
Ամուսինների փաստաբանները դատարանում հայտնել են, որ ներկայումս իրենց պաշտպանյալները չեն ձգտում գրավի դիմաց ազատ արձակվել։ Այդ միջնորդությունը կարվի ավելի ուշ։ Մադուրոյի փաստաբան Բարի Փոլաքը նշել է, որ հարցեր կան օրինականության հետ կապված այն մասով, թե ինչպես է իրենց պաշտպանյալը տեղափոխվել ԱՄՆ։ Ֆլորեսի փաստաբան Մարկ Դոնելին էլ հավելել է, որ Վենեսուելայի առաջին տիկինը վնասվածքներ է ստացել առևանգման ժամանակ և բժշկական հետազոտության կարիք ունի։
Այսքանով դատական նիստն ավարտվել է։ Հաջորդը նշանակվել է 2026 թվականի մարտի 17-ին։
Հիշեցնենք, որ Նիկոլաս Մադուրոն մեղադրվում է «թմրաահաբեկչության», կոկաինի վաճառքի, ինչպես նաև՝ «ԱՄՆ-ին վնաս հասցնելու նպատակով» զենք ու պայթուցիկներ ունենալու մեջ։
Մադուրոն ու կինը ամերիկյան հատուկ ծառայությունների ռազմագործողության ընթացքում հունվարի 3-ի գիշերն առևանգվել էին Կարակասից։ Սկզբում նրանց տեղափոխել էին ամերիկյան ռազմանավ, այնուհետ ինքնաթիռով հասցրել Նյու Յորք։ Մինչ դատական նիստը նրանք պահվում էին Բրուքլինի մեկուսարանում, որը նախատեսված է հատուկ պահպանվող անձանց համար։ Նախկինում այնտեղ պահվել են նաև «Սինալոա» կարտելի հիմնադիր Խոակին Գուսմանը (Էլ Չապո), UnitedHealthcare ընկերության ղեկավար Բրայան Թոմփսոնի ենթադրյալ մարդասպան Լուիջի Մանջոնեն, պրոդյուսեր ու ռեփեր Շոն Քոմբսը (Փի Դիդի) և ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի մերձավորներից Գիլեյն Մաքսվելը։
Լուսանկարը՝ XNY/Star Max/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել