HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամն է գործելու. սիրիահայերը ձեր անհապաղ աջակցության կարիքն ունեն

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Սիրիայի ողբերգական ճգնաժամի մասին չափազանց շատ են խոսել ինքնակոչ վերլուծաբաններն ու փորձագետները՝ տարածելով ապատեղեկատվություն և վտանգելով հայ համայնքի ապահովությունը:

Այս օրհասական ժամին, քաղաքական խակ կարծիքներ աջ ու ձախ սփռելու փոխարեն, Սփյուռքը պետք է կենտրոնանա սիրիահայերին շուտափույթ անհրաժեշտ մարդասիրական աջակցություն տրամադրելու վրա:

Ողջունելի է, որ հայկական կազմակերպությունները դրամահավաք են ձեռնարկել՝ Սիրիայում հայերի կարիքները բավարարելու նպատակով: Ավելի առաջ գնալով, որոշ երկրներում, սոցիալական, կրոնական և քաղաքական կազմակերպությունները համատեղ մարմիններ են ստեղծել անհրաժեշտ օգնությունը համակարգված ձևով հավաքելու համար: Հուսով ենք, որ այդ խմբերը շուտով հանդես կգան հայտարարությամբ՝ սիրիահայերի կոնկրետ կարիքների, հավաքվելիք գումարի և այդ միջոցների բաշխման մեխանիզմների վերաբերյալ:

Համասփյուռքային կառույցի բացակայության պատճառով, որը կներկայացներ աշխարհասփյուռ բոլոր հայերին և կզբաղվեր նրանց հավաքական խնդիրներով, այժմ յուրաքանչյուր համայնք փորձում է ձևավորել իր սեփական միացյալ մարմինը: Որոշ դեպքերում միևնույն համայնքում մեկից ավելի միասնական մարմիններ են ստեղծվել՝ յուրաքանչյուրը մի կոնկրետ խնդրով զբաղվելու համար: Ավելորդ կրկնություններից խուսափելու համար նախընտրելի է յուրաքանչյուր համայնքում ձևավորել մեկ միասնական մարմին, որը կունենա առանձին խնդիրներով զբաղվող իր ենթահանձնախմբերը:

Բացի դրանից՝ երկու այլ համահայկական մարմիններ կարող են վճռական դեր խաղալ այս հումանիտար ճգնաժամում՝ մեկը Սիրիայից դուրս, իսկ մյուսը՝ երկրի ներսում, որին կհանձնարարվի բոլոր աղբյուրներից եկող մարդասիրական օգնության համակարգումն ու բաշխումը.

1. Սիրիայից դուրս գտնվող մարմինը, որը դեռ չի ձևավորվել, կհամակարգի ոչ միայն Սփյուռքից և Հայաստանից ստացվող օգնությունը, այլև, որն ավելի կարևոր է, օժանդակություն կապահովի կառավարություններից, միջազգային կազմակերպություններից (ՄԱԿ, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ) և ոչ կառավարական կազմակերպություններից:

2. Սիրիայում նորաստեղծ համահայկական մարմնի կազմի մեջ մտնում են հայկական բոլոր կրոնական և բարեգործական կազմակերպությունները: Նրա պարտականությունների մեջ են մտնում համայնքի կարիքների մասին արտաքին աշխարհին տեղեկացնելը, դրսի օգնության ստացումը և դրա բաշխումը ամբողջ երկրի հայերին:

Սիրիայի հայ համայնքի հսկայածավալ կարիքների համապարփակ գնահատում դեռ չի կատարվել, սակայն արդեն իսկ պարզ է, որ միլիոնավոր դոլարներ են պահանջվելու հազարավոր կարիքավոր ընտանիքների սննդի, ջրի, բուժօգնության, վառելիքի, էլեկտրաէներգիայի, և անապահով ուսանողների ուսման վարձի համար: Չափազանց կարևոր է, որ այդ օգնությունը բաժանվի նաև այն բոլոր մարդկանց, որոնք ապրում են հայկական թաղամասերում կամ դրանց հարևանությամբ՝ անկախ նրանց էթնիկական կամ կրոնական պատկանելությունից:

Նման համաշխարհային լայնամասշտաբ դրամահավաք իրականացնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը պետք է մտածի իր այս տարվա հեռուստամարաթոնը սիրիահայերի օգնությանը նվիրելու մասին: Խոշոր կազմակերպություններին և բարերարներին պետք է խնդրել, որպեսզի առատաձեռն նվիրատվություններ կատարեն՝ Սիրիայում հայկական պատմական ներկայությունը պահպանելու համար, որտեղ հայերը հաստատվել էին ցեղասպանությունից դարեր առաջ: Համահայկական հիմնադրամն արդեն իսկ ձեռնարկել է իր առաջին քայլը՝ հատուկ բանկային հաշիվ բացելով Երևանում՝ Սիրիայի համար նվիրատվություններ խնդրելու նպատակով, որտեղ մինչ այժմ հավաքվել է 50 հազար դոլար: Այս գումարը ծախսվել է Հալեպից Հայաստանի ամառային ճամբարներ հարյուրավոր երեխաների տեղափոխման համար:

Պետք է անհապաղ միջոցներ հայթայթել՝ Հայաստան ժամանակավորապես կամ մշտապես տեղափոխված սիրիացիների բնակարանային և կենցաղային ծախսերը հոգալու համար: Այժմ պահը չէ վիճելու այն դժվար երկընտրանքի մասին, թե նրանց պետք է օգնել, որ մնան Սիրիայում, թե հեռանան այնտեղից, քանզի նրանց գոյությունը վտանգված է: Յուրաքանչյուր ոք պարտավոր է հարգել սիրիահայերի ցանկություններն ու դատողությունները և աջակցել նրանց անձնական որոշումներին: Վերջիվերջո, երբ նրանց կյանքը վտանգի տակ է, նրանց նախընտրությունը չպետք է կասկածի տակ առնվի: Նաև ժամանակը չէ դատողություններ անել սիրիահայ ապաստանյալներին Հայաստանի կառավարության կողմից հատկացված օգնության որակի կամ քանակի մասին: Նման գնահատականներ կարելի է տալ ավելի ուշ, երբ փոթորիկը հանդարտվի:

Վերջապես, չնայած ֆինանսական աջակցությունն այս պահին առավել հրատապ է, սակայն հավասարապես կարևոր է սիրիահայերին ուղերձ հղել այն մասին, որ նրանք միայնակ չեն այս օրհասական պահին: Սիրիահայերը պետք է զգան, որ բոլոր հայերը և այլ բարի մարդիկ մեծապես մտահոգ են նրանց բարեկեցության մասին և հնարավոր ամեն ինչ անում են նրանց փրկության համար:

Նման հուսատու և հոգատար ուղերձը էական նշանակություն ունի ոչ միայն սիրիահայերի, այլ նաև համայն հայության համար: Որևէ մի համայնքի ցավը պետք է կիսեն բոլոր հայերը՝ շտապ օգնության ձեռք մեկնելով տուժած համայնքին, որովհետև նրանք բոլորը մի մեծ ընտանիքի զավակներն են: Փոխադարձ օժանդակության այս ոգին պետք է բոլոր համայնքներին վստահություն ներշնչի, որ դժբախտության պահին, նրանց չեն թողնի բախտի քմահաճույքին:

Հաշվի առնելով Սիրիայում հայերի այս ծանր իրավիճակը, եկե’ք մի կողմ թողնենք բոլոր այլ քննարկումները և շտապ աջակցենք նրանց:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Մեկնաբանություններ (1)

ominac
Ոչ, ողջունելի չէ որ հայկական կազմակերպութիւնները դրամահաւաք են ձեռնարկել՝ Սիրիայի հայերի կարիքները բաւարարելու նպատակով, քիթէն անդին չի տեսնող կազմակերպութիւններն են որ այս տակնուվրայութեան մէջ դրամ հաւաքել կսկսին, եւ որը միայն ցուցադրական բնոյթ ունի, օրուան վերջը ինչպէս միշտ ամեն մարդ իր գլխուն ճարը պիտի նայի, այսօրուայ իրավիճակը դիմագրաւելու ընդունակ կազմակերպութիւններ շատոնց իրենց գոյնը ցոյց տուած կըլլային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter