Տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բարենորոգման խորհրդի առաջին նիստը. Ն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, հայտնելով, որ տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու բարենորոգման խորհրդի առաջին նիստը:
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման խորհուրդը (այսուհետեւ Խորհուրդ) գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։
Խորհուրդը կարևորել է գործընթացի իրականացումը ներառականության, հանրային վստահության, թափանցիկության և պատասխանատվության սկզբունքներով՝ ընդգծելով հոգևորականների եւ աշխարհականների համախմբմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Խորհուրդը ողջունել է Շվեյցարիայի Հայոց թեմի Առաջնորդական տեղապահ Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանի որոշումը՝ միանալու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգման հայտարարությանն ու ճանապարհային քարտեզին։ Առաջիկա պատեհ առիթով Գուսան Ծայրագույն Վարդապետ Ալճանյանը կմասնակցի Խորհրդի նիստի։
Նիստում քննարկվել են ճանապարհային քարտեզի անցնցում իրականացմանն ուղղված գործողությունները եւ կայացվել են անհրաժեշտ որոշումներ»,- գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք՝ հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող տասը եպիսկոպոսներ ստորագրել էին «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» հայտարարությանը։ Այս հայտարարությանը անդրադարձել էր Մայր Աթոռը՝ գործընթացը հակաեկեղեցական որակելով։
Տե՛ս նաև․
Լուսանկարը՝ էկրանակադր հունվարի 4-ին Փաշինյանի և եպիսկոպոսների հանդիպման տեսանյութից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել