Ինչպես հաղթահարել ձմեռային մելամաղձությունը
Երբ օրվա լուսավոր հատվածը սկսում է արագորեն կրճատվել, իսկ արևի լույսը դառնում է սակավ, շատ մարդիկ առերեսվում են մի հոգեվիճակի, որն առօրյա խոսքում ընդունված է անվանել «ձմեռային մելամաղձություն»: Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ ներկայացնելով երևույթը հաղթահարելու մեխանիզմները։
«Կլինիկական պրակտիկայում այս երևույթը հայտնի է որպես սեզոնային աֆեկտիվ խանգարում՝ դեպրեսիայի հատուկ ենթատեսակ, որը խիստ կապված է օրացուցային ցիկլերի հետ։ Սովորաբար դրա ախտանշաններն ի հայտ են գալիս ուշ աշնանը, սրվում են ձմռան ամիսներին և թուլանում գարնանը՝ ձևավորելով կրկնվող օրինաչափություն, որը կարող է պահպանվել տարիների ընթացքում։
Սեզոնային աֆեկտիվ խանգարման կենսաբանական հիմքը սերտորեն պայմանավորված է մարդու ուղեղի՝ լույսից ունեցած հիմնարար կախվածությամբ։ Արեգակնային ճառագայթման ինտենսիվության նվազումը հանգեցնում է ցիրկադային ռիթմերի խանգարմանը՝ ներքին կենսաբանական «ժամացույցների», որոնք կարգավորում են քունը, արթուն վիճակը, ախորժակը և հուզական վիճակը։ Լույսի պակասի պայմաններում օրգանիզմում նվազում է սերոտոնինի սինթեզը՝ նեյրոմեդիատորի, որը սերտորեն կապված է բարեկեցության և հուզական կայունության զգացողության հետ, և միաժամանակ ուժեղանում է մելատոնինի՝ քնի հորմոնի արտադրությունը։ Արդյունքում ի հայտ են գալիս ախտաբանական քնկոտություն, էներգիայի նվազում, ապատիա և ճանաչողական դանդաղում։ Ժամանակակից նեյրոֆիզիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս նաև, որ սեզոնային աֆեկտիվ խանգարում ունեցող անձանց մոտ նվազած է ցանցաթաղանթի զգայունությունը լույսի կապույտ սպեկտրի նկատմամբ, որն առանցքային դեր է խաղում ուղեղի արթուն վիճակ ապահովող կենտրոնների ակտիվացման մեջ։ Վերջինս բարդացնում է հարմարվողականությունը ձմեռային կարճ օրվա պայմաններին։
Ձմեռային աֆեկտիվ խանգարում ոնեցողները հաճախ գանգատվում են հիպերսոմնիայից, սոցիալական ակտիվության արտահայտված նվազումից և ածխաջրերով հարուստ սննդի նկատմամբ բնորոշ ձգտումից։ Այս փոփոխությունները հաճախ ուղեկցվում են մարմնի զանգվածի ավելացմամբ, որը, ըստ կլինիկական դիտարկումների, միջինում կազմում է 2–5 կգ մեկ սեզոնի ընթացքում։
Համաճարակաբանական տվյալները բացահայտում են հստակ ժողովրդագրական օրինաչափություններ։ Սեզոնային աֆեկտիվ խանգարումը զգալիորեն ավելի հաճախ է ախտորոշվում կանանց մոտ, քան տղամարդկանց, և սովորաբար դրսևորվում է երիտասարդ տարիքում։ Էական նշանակություն ունի նաև աշխարհագրական գործոնը. խանգարման տարածվածությունն աճում է հասարակածից հեռանալու հետ մեկտեղ։ Հյուսիսային երկրների բնակիչները սեզոնային դեպրեսիայից տառապում են նկատելիորեն ավելի հաճախ, քան հարավային լայնությունների բնակչությունը, որտեղ ձմռանը լուսային օրվա տևողությունը համեմատաբար կայուն է մնում։
Ժամանակակից թվային հետազոտությունները, որոնց ընթացքում մարդու առողջական վիճակի և վարքագծի վերաբերյալ տվյալները հավաքագրվում և վերլուծվում են թվային տեխնոլոգիաների միջոցով՝ իրական կյանքի պայմաններում և ժամանակի ընթացքում, զգալիորեն խորացրել են տրամադրության սեզոնային տատանումների ընկալումը։ RADAR-MDD խոշոր գիտական նախագծի շրջանակում հետազոտողներին հաջողվել է հետևել դեպրեսիվ ախտանշանների փոփոխությանը տարվա ընթացքում։ Վերլուծության արդյունքում մասնակիցները ըստ սեզոնային տատանումների բնույթի բաժանվել են չորս խմբերի։
Ամենախոշոր խումբը (47,8%) կազմել են հուզականորեն կայուն անձինք, որոնք գործնականում չեն արձագանքում եղանակի փոփոխությանը։ «Ձմեռային մելամաղձությամբ» խումբը կազմել է 17,1%, այս անձանց մոտ տարվա ցուրտ շրջանում դեպրեսիայի ցուցանիշները զգալիորեն բարձրացել են՝ համեմատած նրանց անհատական միջին տարեկան մակարդակի հետ։
Հատկանշական է, որ այս խմբի ներկայացուցիչներն ավելի երիտասարդ են եղել. միջին տարիքը կազմել է 41, մինչդեռ կայուն խմբում՝ 54։ Մասնակիցների 21,7%-ի մոտ դեպրեսիայի ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են գարնանային շրջանում, իսկ 13,4%-ի մոտ ընկճվածության գագաթնակետը համընկել է աշնան ամիսների հետ։
Սեզոնային գործոնների ազդեցությունը չի սահմանափակվում միայն հուզական վիճակի փոփոխությամբ, այլ տարածվում է նաև առօրյա ֆիզիկական ակտիվության վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ցրտին բացասական արձագանքող անձանց մոտ շրջակա միջավայրի ջերմաստիճանի 10°C-ով բարձրացումը հանգեցնում է օրական ակտիվության աճի՝ միջինում 655 քայլով։ Այդ աճի մոտ երկու երրորդը պայմանավորված է եղանակային բարելավմամբ, մինչդեռ մնացած շուրջ 194 քայլը հանդիսանում է տրամադրության բարելավման անմիջական արդյունք։ Լուսային օրվա յուրաքանչյուր լրացուցիչ ժամ այս անձանց մոտ միջինում հանգեցնում է օրական քայլերի քանակի ավելացմանը՝ շուրջ 132 քայլով:
Որոշ գիտնականներ ենթադրում են, որ «ձմեռային դեպրեսիան» կարող է մասամբ պայմանավորված լինել մշակութային սպասումներով կամ այսպես կոչված «հաստատման սխալով», երբ մարդիկ հակված են ինքնազգացողության ցանկացած վատթարացում վերագրել տարվա եղանակին։ Այնուամենայնիվ, միլիոնավոր մարդկանց համար այս վիճակը շարունակում է մնալ անողորմ իրականություն՝ զգալիորեն նվազեցնելով կյանքի որակն ու աշխատունակությունը և պահանջելով մասնագիտական մոտեցում։
Սեզոնային աֆեկտիվ խանգարման կառավարման համար ներկայումս առաջարկվում են մի շարք ապացուցողական մեթոդներ՝
- Առաջատար բուժական մոտեցումը լույսաթերապիան է։ Օգտագործվում են հատուկ լուսային լամպեր՝ մոտ 10 000 լյուքս պայծառությամբ, որը շուրջ 20 անգամ գերազանցում է սովորական սենյակային լուսավորությունը։ Այս թերապիան նպաստում է ցիրկադային ռիթմերի նորմալացմանը, մելատոնինի ավելցուկային արտադրության ճնշմանը և սերոտոնիներգիկ ակտիվության վերականգնմանը։ Լրացուցիչ կիրառվում են «արևածագի իմիտատորներ», որոնք աստիճանաբար բարձրացնում են լուսավորությունը ննջարանում՝ մեղմորեն նախապատրաստելով օրգանիզմն արթնացմանը։
- Կարևոր նշանակություն ունի նաև շարժողական ակտիվությունը։ Կանոնավոր ֆիզիկական գործունեությունը, հատկապես բացօթյա պայմաններում առավոտյան ժամերին, գործում է որպես բնական հակադեպրեսանտ։ Նույնիսկ չափավոր ֆիզիկական ակտիվությունը, օրինակ, 30-րոպեանոց քայլքը, կարող է էապես նվազեցնել ախտանշանների արտահայտվածությունը։
- Հատուկ կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիան, ուղղված է ձմռան վերաբերյալ բացասական մտածողության ձևերի վերափոխմանը դեպի առավել ադապտիվ և դրական մոտեցումներ։ Լույսաթերապիայի համեմատությամբ այս միջամտության ազդեցությունը հաճախ ավելի կայուն է երկարաժամկետ հեռանկարում։
- Լրացուցիչ ուշադրություն է պահանջում վիտամին D-ի մակարդակի վերահսկումը, քանի որ ձմռան ամիսներին դրա պակասը կարող է խորացնել աֆեկտիվ խանգարումները։ Հետևաբար նպատակահարմար է վիտամինի ընդունումը քննարկել բժշկի հետ։
- Չպետք է անտեսել նաև սոցիալական շփումների կարևորությունը, քանի որ մեկուսացման պայմաններում ախտանշանները սովորաբար ավելի դժվար են հաղտահարվում։
- Ծանր արտահայտված դեպրեսիայի դեպքում կարող է քննարկվել դեղորայքային բուժումը հակադեպրեսանտներով, հատկապես կրկնվող սեզոնային դրվագների առկայության դեպքում։
Ոչ դեղորայքային հարմարվողականության հետաքրքիր օրինակ են ցուցադրում Հյուսիսային Եվրոպայի երկրները, որտեղ ձմեռը դիտարկվում է ոչ թե որպես «թշնամի», այլ որպես կյանքի բնական ցիկլի անբաժանելի մաս։ Շվեդներն ու նորվեգացիները լայնորեն կիրառում են «հյուգգե» (տանը հարմարավետության մթնոլորտի ստեղծում) և «ֆիկա» (սոցիալական կապերի պահպանում, ընկերների հետ սրճախմություն) մշակութային ավանդույթները, իսկ առավել համարձակները դիմում են սառը լոգանքների և սաունաների, որոնք նպաստում են մութ սեզոնի հոգեբանական ծանրաբեռնվածության նվազեցմանը։ Այս մոտեցումները ընդգծում են, որ սեզոնային աֆեկտիվ խանգարման հաղթահարումը ոչ միայն բժշկական, այլև կենսակերպային և սոցիալական խնդիր է»,- գրել է ԵՊԲՀ ռեկտորը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել