HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հաստատել է զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը

Գործադիրը հաստատել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագիրը՝ ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, մեկնարկած բարեփոխումները, այդ թվում՝ օրենսդրական, համակարգելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Ռազմավարական ծրագրի առկայությունը հնարավորություն է տալիս համակարգել և լուծում տալ մի շարք այնպիսի խնդիրների, որոնք անմիջականորեն կապված են զբոսաշրջիկների, նրանց փորձառությունների, մատուցվող ծառայությունների հետ, սակայն նմանատիպ խնդիրների լուծումը կախված չէ զբոսաշրջության բնագավառի պետական լիազոր մարմնից։ Նմանատիպ խնդիրներից են դեպի զբոսաշրջավայրեր տանող ճանապարհների բարելավումը, մաքրության ապահովումը, զբոսաշրջիկների կարիքների բավարարմանն ուղղված ենթակառուցվածքների ապահովումը (այդ թվում՝ սանհանգույցների) և այլն։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, նպատակները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։

Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի, թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։ Ռազմավարական ծրագրի ընդունմամբ հնարավոր կլինի ունենալ ուղենիշային փաստաթուղթ առաջիկա 5 տարիներին զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար՝ ի նպաստ զբոսաշրջության կայուն զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, ծառայությունների որակի բարելավմանը, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստանի՝ որպես ապահով և բարենպաստ զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանը, Հայաստանի ճանաչելիության և հասանելիության բարձրացմանը և այլն։ Ռազմավարական ծրագրի պատշաճ իրականացման պարագայում 2030 թ. կունենանք 3 միլիոն ներգնա զբոսաշրջային այցելություններ, 3,8 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք զբոսաշրջիկների ծախս և 4,5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություններ։ Կստեղծվի լրացուցիչ 20 հազար աշխատատեղ:

Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անհրաժեշտ է, որ ՀՀ-ն դիրքավորվի որպես զբոսաշրջային խաչմերուկ՝ գրավիչ, որակյալ, անվտանգ, խաղաղ, մրցունակ, գողտրիկ զբոսաշրջային ուղղություն: Ծրագրով նախատեսված զարգացման 3 հիմնական ուղղություններն են՝ մշակութային, գաստրո՝ խոհանոց, գինի և հայկական բրենդի, ինչպես նաև արկածային՝ ներառյալ ձմեռային զբոսաշրջությունը: Նախատեսվում է զարգացնելու նաև ագրոզբոսաշրջությունը, MICE զբոսաշրջությունը, կրոնական, բժշկական և առողջարանային զբոսաշրջությունը:

Նախարարը նշել է, որ ռազմավարական ծրագիրը սահմանել է 4 հիմնական նպատակ: Առաջինը՝ տնտեսական ուղղությունն է, որը ենթադրում է օգտագործել զբոսաշրջության տնտեսական ներուժն ամբողջությամբ՝ զբոսաշրջության բնագավառում բարեփոխումների միջոցով նպաստելով տնտեսական առաջընթացին: Երկրորդը՝ միջազգային գրավչության բարձրացումն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի իմիջը՝ որպես գրավիչ զբոսաշրջային երկրի՝ շեշտը դնելով հյուրընկալության, անվտանգության վրա: Երրորդը որակի ապահովումն է, որը ենթադրում է նաև տարբերվող, բացառիկ փորձառությունների տրամադրում: Չորրորդը սոցիալական ուղղությունն է, որի շրջանակում կարիք կա կենտրոնանալու աշխատուժի թվի մեծացման վրա, ծառայությունների բարձր մակարդակի տրամադրման, ինչպես նաև զբոսաշրջային կրթությունը խթանելու:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հարցին՝ Գևորգ Պապոյանը ներկայացրել է զբոսաշրջության ոլորտում արձանագրված ցուցանիշները: Նախարարը տեղեկացրել է, որ այս տարի Հայաստան է այցելել 2 մլն 263 հազար 642 զբոսաշրջիկ, ինչը 2,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից, և 19,4 տոկոսով ավելի է 2019 թվականի ցուցանիշից: «Դեկտեմբերին ունեցել ենք 139 հազար 933 զբոսաշրջիկ, որը մեր դեկտեմբերների պատմության լավագույն ցուցանիշն է: Այսինքն՝ չի եղել որևէ դեկտեմբեր, որ այսքան բարձր ցուցանիշ ենք ունեցել»,- ասել է Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ 12 ամիսներից 7-ը զբոսաշրջիկների թվի առումով երբևէ լավագույնն է եղել Հայաստանի պատմության մեջ:

Պատմական լավագույն տարին, ըստ Գևորգ Պապոյանի, եղել է 2023 թվականը, երբ ունեցել ենք 50 հազարով ավելի զբոսաշրջիկ, քան այս տարի:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տարվա ընթացքում եղան զարգացումներ, որոնք զբոսաշրջության թվերի վրա ունեցան էական ազդեցություն: Վարչապետը թվարկել է այն գործոնները, որոնք ազդել են վրա զբոսաշրջային ցուցանիշի աճի վրա: Դրանք են, մասնավորապես՝ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, ավիացիոն ոլորտի զարգացումը, որը Հայաստանն ավելի գրավիչ է դարձնում թե տեղական, թե օտարերկրյա ընկերությունների համար, խաղաղության գործընթացը, ձեռք ենք բերել հանրային մեծ բարձրորակ միջոցառումներ կազմակերպելու կարողություն»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Լուսանկարում՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter