Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ. 6 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ. 6 անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։
«Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ
հիմնավորվել է, որ Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձը, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և համայնքապատկան հողատարածքների կադաստրային քարտեզներում իրական կոորդինատներին չհամապատասխանող տվյալներ մուտքագրելու, հողամասերի քարտեզների ուղղման միջոցով դրանց տեղադիրքերը փոխելու և հետագայում հողամասերի նշանակությունը որպես «ընդերքօգտագործման» փոխելու համար հիմքեր ստեղծելու, ինչպես նաև համայնքապատկան հողակտորներում արդեն իսկ կատարված ապօրինի հանքարդյունաբերությունը օրինականացնելու նպատակով, այլ անձի օժանդակությամբ 2025 թվականին ընկերության բաժնետերերից մեկին առաջարկել է իրեն խոշոր չափերով՝ 500.000-ից 700.000 դրամի կաշառք տալ:
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը Գեղարքունիքի մարզի բնակչին պատկանող և առանց շինարարական թույլտվության կառուցված անշարժ գույքի կադաստրային փատաթղթերը ձևակերպելու, ինչպես նաև դրա վերաբերյալ բացասական եզրակացություն չներկայացնելու դիմաց 2025 թվականին առաջարկել է իրեն տալ խոշոր չափերով՝ 600.000-700.000 դրամ կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ հիշյալ պաշտոնատար անձը Գեղարքունիքի մարզի մեկ այլ բնակչի պատկանող հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու նպատակով, 2025 թվականին, իրեն օժանդակող անձի միջոցով 100 ԱՄՆ դոլար կաշառք տալու առաջարկ է ներկայացրել հողամասի սեփականատիրոջը:
Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ) և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև Կադաստրի կոմիտեի աշխատակցին կաշառք տված, նրա հանցավոր գործողություններին օժանդակած, ինչպես նաև կաշառքի միջնորդություն կատարած ևս 5 անձանց: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել