Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվեց. վերջինս անժամկետ հացադուլ հայտարարեց
Այսօր «Իմնեմնիմի» յութուբյան հաղորդաշարի վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քրեական գործով առաջին դատական նիստն էր: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, քննելով խափանման միջոց կալանքի վերանայման հարցը, 3-ական ամսով երկարացրեց Նարեկի և Վազգենի կալանքի ժամկետը: Նարեկ Սամսոնյանը հենց դատական նիստերի դահլիճում հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է հայտարարում:
Մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը դատարանում նշեց՝ եթե ազատության մեջ հայտնվեն, կա ռիսկ, որ նույն արարքը կարող են նորից կատարել: Սակայն, հակառակ դիրքորոշումը հայտնեցին պաշտպաններ Արսեն Բաբայանն ու Ռուբեն Մելիքյանը: Վերջիններս նշեցին, որ կալանքի անհրաժեշտություն չկա, հետևաբար պետք է այն վերացնել, իսկ եթե այն անհնար է, ապա՝ կիրառել ազատությունից չզրկելու հետ կապված խափանման միջոց: Սակայն, դատարանը երկարացրեց կալանքի ժամկետը, ինչից հետո Նարեկ Սամսոնյանը հայտարարեց անժամկետ հացադուլ անելու մասին:
«Հայտարարում եմ անժամկետ հացադուլ այս խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով: Հենց այս պահից հայտարարում եմ անժամկետ հացադուլ»,-դատարանի դահլիճում հայտարարեց Նարեկ Սամսոնյանը:
Հիշեցնենք՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին մեղադրանքներ է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2025թ. հոկտեմբերի 4-ին և նոյեմբերի 8-ին, «AntiFake TV» անվամբ գրանցված յութուբյան օգտատիրոջ կողմից տեղադրված «Իմնեմնիմի» հաղորդաշարի (podcast) ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության, բարոյական և իրավական նորմերի նկատմամբ: Կատարել են խուլիգանություններ, որոնք դրսևորվել են դիտավորությամբ անձանց ստորացնելով, հայհոյանքներով և անպարկեշտ արտահայտություններով։
Հանցագործության մասին հաղորդումը ներկայացրել էր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները 2025թ. նոյեմբերի 13-ին ձերբակալեցին Ն. Սամսոնյանին ու Վ. Սաղաթելյանին: Ձերբակալվել էր նաև Antifake.am-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանը, սակայն վերջինս ավելի ուշ ազատ է արձակվել:
Իր ելույթում Նարեկ Սամսոնյանը հայտարարեց, որ հաղորդում վարելու համար Ազգային ժողովի նախագահը իրեն ու ընկերոջը՝ Վազգեն Սաղաթելյանին անվանել է «շան լակոտներ»՝ լավ իմանալով իր լսարանը, դրա հրապարակայնությունը:
«Այսինքն՝ ո՞նց պետք է արձագանքի հայ տղեն, տղամարդը իրան նման քֆուր տվողին՝ լավ իմանալով, որ Ազգային ժողովի նախագահ է, ունի մեծ լսարան»,- հավելեց Ն. Սամսոնյանը: Ըստ նրա՝ ԱԺ նախագահին կոռեկտ պատասխան է տվել:
Նշենք՝ թե՛ Նարեկ Սամսոնյանը, թե՛ Վազգեն Սաղաթելյանը մեղադրանքը չեն ընդունում: Հայտարարում են, որ հանցագործություն չեն կատարել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել