HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տիգրան Ավինյանի` «Փաստինֆո»-ի դեմ ներկայացրած հայցը մերժվել է

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ) և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դեռևս 2023թ. մարտին հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ընդդեմ «Փաստինֆո» լրատվամիջոցի: Հրապարակված տեղեկատվությունը հերքելուց բացի, թե´ ԱՆԻՖ-ը, թե´ Տիգրան Ավինյանը լրատվամիջոցից պահանջել են 6-ական միլիոն դրամի փոխհատուցում, ընդհանուրը՝ 12 մլն դրամ: Դատական շրջապտույտից հետո ԱՆԻՖ-ը պահանջներից հրաժարվել է, իսկ Տիգրան Ավինյանի հայցը դատարանը՝ մերժվել:

Մասնավորապես՝ 2023թ. փետրվարի 20-ին «Փաստինֆո» լրատվական կայքում հոդված էր հրապարակվել այն մասին, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է: Նա ղեկավարում է առևտրային կազմակերպություն, ինչի իրավունքը չունի: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ից հաստատել էին լրատվամիջոցի տեղեկությունները, որ Տիգրան Ավինյանը Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելուց հետո շարունակել է զբաղեցնել ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը։ 

Ըստ լրատվամիջոցի՝ ԱՆԻՖ-ը շահույթ հետապնդող առեւտրային կազմակերպություն է, ինչն ամրագրված է ընկերության Կանոնադրության մեջ։ Իսկ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն արգելում է քաղաքապետի տեղակալներին պաշտոն զբաղեցնել առևտրային կազմակերպություններում, ինչը խախտել է Տիգրան Ավինյանը։

Տիգրան Ավինյանին և ԱՆԻՖ-ին դուր չէին եկել հրապարակման այն հատվածները, որ Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է, «գործ ունենք բացահայտ քաղաքական կոռուպցիայի դրսևորման հետ»: Բացի այդ՝ լրատվամիջոցը գրել էր, որ Ավինյանը խախտում է օրենքը և նրա նշանակումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում կատարվել է լիազորությունների չարաշահմամբ, ինչն արդեն հանցավոր արարք է, իսկ իրավասու մարմինները աչք են փակում։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քաղաքական հովանավորչություն, քաղաքական կոռուպցիայի տիպիկ օրինակ և այլն:

Ըստ Ավինյանի՝ լրատվամիջոցը փաստացի իրեն մեղադրել է անհամատեղելիության պահանջը խախտելու, օրենքի խախտմամբ պաշտոն ստանձնելու, այլ կերպ ասած՝ հանցավոր գործունեության մասնակից լինելու մեջ, և այդ ամենը ներկայացրել է որպես քաղաքական կոռուպցիա, ինչն ակնհայտորեն զուրկ է որևէ փաստական հիմքից։ Հետևաբար առկա են բոլոր նախապայմանները հրապարակված տեղեկությունները որպես զրպարտություն գնահատելու համար:

Ինչ վերաբերում է ԱՆԻՖ-ին, ապա վերջինս էլ հայտնել է, որ «Փաստինֆո»-ն Տիգրան Ավինյանի՝ քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակումը որակելով որպես քաղաքական կոռուպցիա և հանցավոր արարք, կազմակերպությանը ևս մեղադրում է նշված իբրև հանցավոր արարքը քողարկելու մեջ՝ պնդելով որ ԱՆԻՖ-ը հրաժարվել է տրամադրել Տիգրան Ավինյանի աշխատավարձի վերաբերյալ տվյալներ և ընկերության կանոնադրությունը՝ թաքցնելով քաղաքական կոռուպցիայի մասին վկայող ապացույցները:

Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Երեմ Եսոյանի, 2024թ. հունիսի 12-ին ԱՆԻՖ-ի և Տիգրան Ավինյանի հայցը մասնակի բավարարել է՝ լրատվամիջոցին պարտավորեցնելով հերքում հրապարակել, ինչպես նաև զրպարտության համար յուրաքանչյուրին վճարել 200 հազ. դրամ նյութական փոխհատուցում:

Դատարանի վճիռը բողոքարկել էին բոլոր կողմերը՝ ԱՆԻՖ-ը, Տիգրան Ավինյանը և «Փաստինֆո» լրատվամիջոցը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝  բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Սակայն, երեք դատավորներից նախագահող դատավոր Մարգարիտա Հարթենյանն ունեցել է այլ դիրքորոշում և հատուկ կարծիք է գրել՝ նշելով, որ բացակայում են դատական ակտի բեկանման հիմքերը և պետք է ամփոփոխ թողնել վճիռը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարանում որոշումները կայացվում են ձայների մեծամասնությամբ՝ վճիռը բեկանվել է:
Այս անգամ ԱՆԻՖ-ի և Տիգրան Ավինյանի հայցը մակագրվել է դատավոր Հասմիկ Ջալալյանին: 2025թ. սեպտեմբերի 11-ին նշանակված նախնական դատական նիստի ժամանակ ԱՆԻՖ-ը հրաժարվել է հայցից:

Դատարանը 2025թ. դեկտեմբերի 30-ին Տիգրան Ավինյանի հայցն ամբողջությամբ մերժել է, իսկ ԱՆԻՖ-ի մասով՝ գործը կարճել: Ըստ վճռի՝ ԱՆԻՖ-ից և Տ. Ավինյանից հօգուտ «Փաստինֆո»-ի  համապարտությամբ կբռնագանձվի 200.000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Դատարանն արձանագրել է, որ լրատվամիջոցի կողմից հնչեցված արտահայտությունները եղել են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ քաղաքապետի թեկնածուի վարքագծին: Բացի այդ, «Փաստինֆո»-ն ձեռնարկել է ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները տեղեկատվության՝ իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար: Այդ նպատակով կատարել է մի շարք հարցումներ, հենվել այլ ապացույցների վրա: Իսկ Տիգրան Ավինյանը չի ապացուցել, որ լրատվամիջոցը վկայակոչված արտահայտություններով դիտավորություն է ունեցել նսեմացնելու և նվաստացնելու իր հեղինակությունը: Այս պայմաններում դատարանը վճռել է հայցն ամբողջությամբ մերժել:

Նշենք, որ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter