«Լավամարդ դուրս գալը լավ բան չի»․ Տիգրան Ավինյանը դժգոհ է Երևանում ձնամաքրման աշխատանքներից
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դժգոհ է Երևանում կատարվող ձնամաքրման աշխատանքներից։
Այս մասին նա ասաց Երևանի քաղաքապետարանի՝ 2026 թվականի առաջին Գործակարգավարական նիստի ընթացքում։ Թեև նշվեց, որ հիմնական ճանապարհների մաքրման հարցում խնդիրներ գրեթե չեն եղել, սակայն վարչական շրջանների գործունեությունը գնահատվել է անբավարար։
«Վարչական շրջաններում մեր կատարած աշխատանքից ես դժգոհ եմ։ Մենք բավարար չափով ջանք չենք գործադրել, որպեսզի մասնավոր տնտեսվարողները, ովքեր ունեն պարտականություն իրենց դիմացի հատվածներում ձնամաքրման աշխատանքներ իրականացնելու, այդ մասին տեղեկացված լինեն»,- ասաց քաղաքապետը։
Որպես տեղեկացվածության պակասի օրինակ՝ նա ներկայացրեց Կիևյան փողոցում տեղի ունեցած միջադեպը, երբ տնտեսվարողն իր պարտավորությունը կատարելու համար վճար է ակնկալել. «Կիևյան փողոցում խանութի տերը մաքրում է դիմացի հատվածը և ինձ ասում է՝ «ինձ սրա համար փող պետք է տաք»։ Այսինքն՝ այդ մարդը չգիտի, որ ինքը պարտավոր է դա անել։ Ավագանու որոշմամբ՝ մասնավոր տնտեսվարողները պարտավոր են այս ձնամաքրման աշխատանքներին մասնակցել»։
Դժգոհության մյուս պատճառը վարչական շրջանների այն աշխատակիցներն էին, որոնք տոնական օրերին չեն կատարել սահմանված հերթապահությունը։ Չնայած նախապես տրված հանձնարարականներին՝ շատերը աշխատանքի չեն ներկայացել.
«Հունվարի 1-ից 3-ը այս մարդիկ տունն են եղել, Նոր տարի էին անում։ Ես հատուկ շեշտել էի՝ մենք ունենք ձյուն և պետք է աշխատենք 24/7 ռեժիմով։ Դա այն մոտեցումը չի, որի մասին ես խոսել եմ տարվա վերջին»,- նշել է քաղաքապետը։
Դիմելով վարչական շրջանների ղեկավարներին՝ քաղաքապետը նշել է աշխատակիցների քանակի և արձանագրված իրավախախտումների թվի միջև եղած «խայտառակ» անհամապատասխանության մասին։ Նա ընդգծել է, որ հսկայական մարդկային ներուժ ունեցող կառույցը չի ապահովում սպասված արդյունքը.
«Դուք հանրագումարով ունեք մոտավորապես 300 աշխատակից, ովքեր պետք է զբաղված լինեն տարատեսակ վարչական խախտումներ արձանագրելով։ Երբ այդ արձանագրությունների թվերը հանում եմ և ձեր 300 աշխատակիցների քանակը համեմատում եմ, օրինակ, Հասարակական կարգի պահպանության կամ Քաղաքաշինության և հողի վերահսկողության աշխատակիցների հետ՝ ուղղակի խայտառակ թվեր են դուրս գալիս։ Մեր հասարակական կարգի պահպանության աշխատակիցը միջինում տասնյակ անգամներով ավել վարչական իրավախախտում է արձանագրում, քան ձեր համապատասխան աշխատակիցը։ Այստեղ ունենք լուրջ փոփոխությունների կարիք, որը շուտով անպայման կքննարկենք»,- նշել է քաղաքապետը։
Ավինյանը հորդորեց հրաժարվել «լավամարդ» լինելու պրակտիկայից և խստորեն կիրառել վարչական տույժերը, քանի որ դրանք պատասխանատվություն ձևավորող մեխանիզմ են. «Լավամարդ դուրս գալը լավ բան չի։ Այդ վարչական տուգանքները հենց այնպես չեն գրվում։ Տուգանքը նրա համար է, որ խանութի տերը իմանա՝ դա իր պատասխանատվությունն է։ Ինքը պարտավոր է Ավագանու որոշումը կատարել»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել