HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Իսախանյան․ «Կարողացա հասկացնել, որ աշխատանքը լավ բան է»

-Ես սովետական ինժեներ եմ,-ասում է Եղեգնաձորի բնակիչ Հայկ Իսախանյանը՝ ցույց տալով գինու եւ կոնյակի տակառների արտադրամասը, որի բոլոր սարքավորումներն անձամբ վերակազմավորել է՝ սովետական հին հաստոցների մասերը համադրելով։

Հայկը երկար տարիներ եղել է Եղեգնաձորի տրիկոտաժի ֆաբրիկայի նախ գլխավոր ինժեները, ապա՝ տնօրենը։ Հպարտանում է աշխատանքային իր կենսագրությամբ, ասում, որ մինչեւ 1000 աշխատող է ունեցել։ Այժմ նա խորհրդային տարիներից մնացած արտադրական այս հզորության սեփականատերն է։ 

Ֆաբրիկայի արտադրամասերը կան, մեքենաներն ու սարքավորումները տեղում են, բայց աշխատանք եւ աշխատող չկա։

-Եթե պատվեր լինի, հենց հիմա էլ կարելի է գործարկել,- ասում է նախկին տնօրեն-ներկա սեփականատերը եւ օրինակ բերում,- 44-օրյա պատերազմի ընթացքում մի քանի մեքենա գործի գցեցինք, զինվորների համար տաք ձեռնոցներ արտադրեցինք։    

Հայկ Իսախանյանը, սակայն, հասկացել է, որ հին սարքավորումներով մրցունակություն ապահովել չի կարող, նորերն էլ ձեռք բերելու հնարավորություն առայժմ չունի։

-Եթե ուզում ենք շատ աշխատատեղեր, պետք է սա աշխատեցնենք, բայց մեծ օգուտ չենք ունենա։ Իսկ եթե լուրջ բիզնես ենք անելու՝ ակնկալելով մեծ եկամուտ, պետք է գնենք ժամանակակից հաստոցներ,- ասում է նա։

1995 թվականին Վայոց ձորում ՄԱԿ-ի ծրագրով ուսումնասիրվել են մարզի զարգացման հեռանկարները։ Գերակա ճյուղ են համարվել այգեգործությունն ու գինեգործությունը։ Այդ ժամանակ էլ նա որոշել է սկսել գինու եւ կոնյակի տակառների արտադրություն։

-Դե, պարզ է, որ տրիկոտաժը մեզ մոտ չէր կարող գերակա լինել, քանի որ դրսից ոչ թե հատով են բերում, այլ կիլոյով են կշռում տրիկոտաժը։ Բերում են շատ էժան, ես չէի կարող այդ մրցակցությանը դիմանալ,- ասում է Հայկը։ 

Նոր արտադրամասի դիմաց երբեմնի հզոր ֆաբրիկայի շենքն է, որի ճակատին գրված է «Փառք աշխատանքին»։ Օտարերկրյա զբոսաշրջիկների համար ֆաբրիկայի տարածքում Իսախանյանը կազմակերպում է խորհրդային անցյալի արտադրական հզորությունները ներկայացնող տուրեր։ Հիշում է՝ գերմանացի մի հյուր ունեի, հարցրեց՝ ինչ է գրված, ասացի՝ արբայտեն շնել-շնել, արբայտեն զեր գուտ։ Դե դպրոցում մի քիչ գերմաներեն եմ սովորել, կարողացա հասկացնել, որ աշխատանքը լավ բան է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter